Երեկ, Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման բաց հատվածում հնչած ձևակերպումները, և բանակցությունների արդյունքում ընդունված հայտարարության դրույթները ենթակա են մանրակրկիտ վերլուծության՝ ինչպես տարանջատված, այնպես էլ՝ համապարփակ:
Դելիմիտացիա/ դեմարկացիայի հանձնաժողով ձևավորելու մասին դրույթ
Հայտարարության տեքստից պարզ է դառնում, որ նման հանձնաժողով ձևավորելու համար կողմերն ընդգծել են /թեպետ ակներև է, որ դրա առաջամարտիկը եղել է հայկական կողմը/ դրա համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությունը, այն է՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ քայլեր իրականացնել: Հետևաբար, այն, թե երբ կձևավորվի այդ հանձնաժողովը, կձևավորվի առհասարակ, թե՝ ոչ, մեծապես կախված է Ադրբեջանի՝ ուժի կիրառման քաղաքականությունից հրաժարվելուց և/կամ մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ներխուժած զինված ուժերի դուրս բերումից:
Երկրորդ, հանձնաժողովի աշխատանքներում ռուսական կողմը կարող է խորհրդատվական առաքելություն իրականացնել՝ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան դիմումի/ դիմումների պարագայում: Մի կողմից տպավորություն է, որ այս ձևակերպումը Հայաստանին և Ադրբեջանին հնարավորություն է ընձեռում աշխատանքներում ներգարվել նաև այլ ակտորների, օրինակ՝ ԵԱՀԿ, ԵՄ, ՄԱԿ, միևնույն ժամանակ, այն հնարավորություն է նաև Ռուսաստանի համար վերահաստատելու իր՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում մենաշնորհի չձգտելու վերջերս բարձրաձայնած դիրքորոշումը:
Հայկական կողմը պետք է օգտվի այս հնարավորությունից և դելիմիտացիա/դեմարկացիայի աշխատանքներում խորհրդատվություն ցուցաբերելու համար ներգրավի ակտորների, որոնց հետ ներկայումս Ռուսաստանն այլ հարցերում /Դոնբաս, Դոնեցկ, Ղրիմ, Մերձդնեստր և այլն/ ունի ընդգծված տարաձայնություններ: Այս տարբերակը իրապես կարող է արդյունավետ լինել, քանի որ ձեռնտու կարող է դառնալ հենց Ռուսաստանի Դաշնությանը, այն համատեքստում, որ հայ-ադբեջանական սահմանների Դ/Դ հարցում համագործակցային հարթակ բացելով ՝ որոշ չափով կնպաստի նաև այլ տեղերում Ռուսաստան-Արևմուտք փոխվստահության միջոցների ամրապնդմանը:
Այս հարցում հայկական դիվանագիտության համար բավական լայն դաշտ է բացվել:
Շարունակելի: