KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արմինե Մարգարյան: ՀԱՊԿ․ ավելի մոտ Ադրբեջանին, քան՝ Հայաստանին

Արմինե Մարգարյան: ՀԱՊԿ․ ավելի մոտ Ադրբեջանին, քան՝ Հայաստանին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 34 dk okuma süresi
183 0

2020-ի Արցախյան պատերազմից հետո Հայաստանի անկախացումից ի վեր ձևավորված անվտանգային համակարգը հետևողականորեն ի ցույց է դնում իր անկարողունակությունը՝ արձագանքելու, դիմակայելու և հակազդելու Հայաստանի ազգային անվտանգության շահերին սպառնացող արտաքին մարտահրավերներին: Արդյունքում, մի կողմից հնարավոր չէ հենվել առկա անվտանգային համակարգի վրա, քանի որ այն կրում է առավելապես նմանակող բնույթ, իսկ մյուս կողմից այն զգալի խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի համար՝ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու, տարբեր ուժային կենտրոնների հետ փոխշահավետ ռազմաքաղաքական հարաբերություններ ձևավորելու և երկրի ազգային, պետական շահերի պաշտպանությունը կայուն հիմքի վրա դնելու համար:

Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականից ի վեր իր անվտանգային համակարգը կառուցել և ամրապնդել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շուրջ: Կազմակերպության մեկնարկը Հավաքական անվտանգության մասին պայմանագիրն էր, որը ստորագրվեց Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից: 1993-ին Պայմանագրին միացան նաև Ադրբեջանը, Վրաստանն ու Բելառուսը, բայց 1999-ին Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը հրաժարվեցին ստորագրել Պայմանագրի երկարաձգման արձանագրությունը:

90-ականներին Պայմանագրի մասնակից պետությունների ռազմական քաղաքականության հիմքում ընկած էր այն գաղափարը, ըստ որի՝ Պայմանագրի մասնակից պետությունները միավորված էին ռազմաքաղաքական և տնտեսական շահերի, ձևավորված ռազմատեխնիկական բազայի և ենթակառուցվածքների առումով ու ձգտում էին վարել համաձայնեցված քաղաքականություն՝ Հավաքական անվտանգության ապահովման ուղղությամբ: Արդյունքում, 2002-ի հոկտեմբերի 7-ին Քիշնևում, Պայմանագրի մասնակից պետությունները հիմնադրեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)՝ որպես տարածաշրջանային ռազմական դաշինք:

Կազմակերպության խարիսխը Պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածներն են, և ՀԱՊԿ-ն իր ողջ էվոլյուցիայի ընթացքում մշակել և ընդունել է ռազմավարական նշանակության փաստաթղթղեր, ձևավորել է ոլորտային համագործակցության և գործնական նշանակության մեխանիզմներ՝ մի կողմից հենվելով սույն հոդվածների դրույթների վրա, և մյուս կողմից՝ նպատակ ունենալով ամրապնդել դրանց գործառնական կիրառումը: Սույն արձանագրումը կրում է առանցքային նշանակություն՝ վերլուծելու և գնահատելու համար Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության արդյունավետությունը՝ կայուն անվտանգային միջավայր ձևավորելու, իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և ՀԱՊԿ-ից դուրս համակարգային ռազմաքաղաքական հարաբերություններ զարգացնելու համատեքստում:

2-րդ հոդվածի համաձայն՝ եթե, օրինակ, Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը վտանգ է սպառնում, ապա Կազմակերպության մնացած անդամ պետությունները պետք է համատեղ խորհրդակցություններ մեկնարկեն՝ իրենց դիրքորոշումները համակարգելու համար, ինչպես նաև մշակեն և ձեռնարկեն միջոցներ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար՝ առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով։ Ինչ վերաբերում է 4-րդ հոդվածին, ապա այն նախատեսում է հավաքական պաշտպանության պատասխանատվություն: Մասնավորապես, եթե, օրինակ, Հայաստանի Հանրապետությունը ենթարկվում է ագրեսիայի, ապա դա մասնակից պետությունների կողմից դիտվում է որպես ագրեսիա Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների նկատմամբ, և նրանք, Հայաստանի խնդրանքով, պարտավորվում են անհապաղ նրան տրամադրել անհրաժեշտ օգնություն, ներառյալ՝ ռազմական:

2021-ի մայիսին և նոյեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած հարձակումների հետևանքով Ադրբեջանը գրավեց Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 45 քառակուսի կմ տարածք՝ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմեց 2—րդ հոդվածով, ինչը լուրջ քննադատության արժանացավ փորձագիտական և վերլուծական լայն շրջանակների կողմից: Այդ ժամանակ, պատկան մարմինները որևէ հոդաբաշխ բացատրություն չտվեցին վերոնշյալ դիրքորոշման դրդապատճառների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, ակներև է, որ 2020-ի Արցախյան պատերազմի հետևանքով կրած տարածքային և մարդկային կորուստները, բարոյահոգեբանական, քաղաքական և ռազմական հարվածները Հայաստանին մտցրել էին այնպիսի փակուղի, երբ պատերազմի ավարտից ընդամենը 6 ամիս հետո, յուրաքանչյուր համարձակ քաղաքական քայլի ռիսկերի գնահատումն առնվազն պետք է լիներ 70/30-ի հարաբերակցությամբ, որպեսզի դիտարկվեր և կիրարկվեր պետության կողմից: Հավանականությունը շատ մեծ է նաև, որ երկկողմ խողովակներով ՀԱՊԿ դաշնակիցները հորդորել, կամ, եթե կուզեք, եղբայրաբար խորհուրդ էին տվել Հայաստանին՝ զերծ մնալ իրավիճակը Կազմակերպության 4-րդ հոդվածով բնորոշելու և, հետևաբար, նաև ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով դիմելու համար:

Բացի այդ, Ռուսաստանը, որպես 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ, դիրքավորվել և ներկայանում էր, որպես հետպատերազմյան իրավիճակի կարգավորման առաջնային միջնորդ, իսկ ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով դիմելն ուղիղ համեմատական կլիներ Ռուսաստանի միջնորդական ջանքերը տապալված հռչակելու հետ, ինչը Հայաստանի և Արցախի համար հղի էր անկանխատեսելի հետևանքերով: Արդյունքում, Ադրբեջանի 2021-ի մայիսյան ագրեսիայի ժամանակ, ՀԱՊԿ-ն իրավիճակը բնութագրեց ընդամենը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակ՝ ընդգծելով, որ իրավիճակի զարգացումից ելնելով, անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն՝ հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը համապատասխան:

2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը դիմեց ՀԱՊԿ-ին Պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա: ՀԱՊԿ-ը որոշեց իրադրությունը տեղում գնահատելու համար առաքելություն գործուղել Հայաստան՝ զուգահեռաբար հայտարարելով, որ Կազմակերպությունը նախապատվությունը տալիս է քաղաքական-դիվանագիտական միջոցներին և ՀԱՊԿ-ի ներգրավմամբ ռազմական ուժի կիրառման մասին խոսք լինել չի կարող: Սույն ժամանակահատվածում, հայկական կողմն իր հերթին հայտարարում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաքելությունն արձանագրել է Ադրբեջանի կողմից հարձակման և Հայաստանի տարածքների օկուպացիայի փաստը և ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ քաղաքական գնահատական և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզի ընդունում: Մինչդեռ, հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքն ընդամենն ընդգծեց սահմանների դելիմիտացիայի, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար: Ավելին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հռոմի պապից առավել կաթոլիկ երևալու մոլուցքով տոգորված, հանդես եկավ ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի դրույթներին և առհասարակ՝ Կազմակերպության ոգուն և տառին հակոտնյա ձևակերպումներով: Հաջորդիվ, Հայաստանի Հանրապետության նախագահությամբ 2022-ի նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱԽ հերթական նիստն իր հերթին կարծես թե ստորակետները փոխարինեց վերջակետներով, քանի որ հայկական կողմը հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրն ու Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ ընդգծելով, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ չի զսպել Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, իսկ ՀԱՊԿ-ն էլ որպես ռազմաքաղաքական կառույց, ցայսօր չի կարողացել որոշում կայացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արձագանքի վերաբերյալ։ Այլ կերպ ասած, ՀԱՊԿ-ը զերծ է մնացել իր անդամ պետության դեմ ռազմական ագրեսիան ագրեսիա կոչելուց, հետևաբար և՝ հավաքական պաշտպանության գործառույթ դիտարկելուց:

Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի և Հայաստանի ՀԱՊԿ մի շարք դաշնակիցների միջև ձևավորված են փայլուն ռազմաքաղաքական հարաբերություններ, ինչպես նաև այն հանգամանքը, որ «ՀԱՊԿ + Ադրբեջան» կազմաձևում Հայաստանը միակն է, որտեղ ներկայիս իշխանությունները ոչ միայն պետության ղեկը վերցրել են համազգային ժողովրդավարական հեղափոխական ալիքի հիման վրա, այլև՝ վերընտրվել են նույնիսկ Արցախյան երկրորդ պատերազմի պարտությունից հետո՝ հայաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակները դժվար թե ունենային պատրանք առ այն, որ ՀԱՊԿ-ը ձեռնամուխ կլինի Հայաստանի նկատմամբ իր կանոնադրական պարտականությունները կատարելուն: Սույն պատկերն ավելի է բյուրեղանում, երբ դիտարկում ենք նաև Ռուսաստանի ընդգծված բացասական վերաբերմունքը Հայաստանի ջանքերին՝ միտված Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության միջնորդական ջանքերի միջոցով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը:

Միևնույն ժամանակ, պարզ, բայց սկզբունքային հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ պետություն, ունի բարոյական և իրավական իրավունք իր դաշնակիցներից ակնկալելու ոչ միայն ադրբեջանական ռազմական ագրեսիայի վերաբերյալ հստակ քաղաքական դիրքորոշում, այլև՝ հավաքական անվտանգության սկզբունքից բխող ռեալ գործողություններ՝ միտված ադրբեջանական զինված ուժերին իր ինքնիշխան տարածքից դուրս շպրտելուն և իր տարածքային ամբողջականությունը վերականգնելուն:

Այսպես՝ ՀԱՊԿ-ը հավաքական անվտանգություն ասելով նկատի ունի անդամ պետությունների հավաքական շահերի պաշտպանվածության այնպիսի վիճակ, որը յուրաքանչյուր անդամ պետությանը թույլ կտա ապահովել իր անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, պաշտպանունակությունը և սպառնալիքներից պաշտպանությունը՝ համատեղ գործունեության համակարգման և իրականացման հիման վրա: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգն իր հերթին հանդիսանում է Կազմակերպության մարմինների ու պետական կառավարման ազգային մարմինների, ՀԱՊԿ անդամ պետությունների ուժերի և միջոցների մի ամբողջություն, որոնք, միջազգային իրավունքին ու ազգային օրենսդրությանը համապատասխան, ապահովում են անդամ պետությունների հավաքական շահերի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը՝ հավաքական հիմունքներով: Հետևաբար, Հայաստանը, տասնամյակներ շարունակ, քաղաքական, ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համատեղ գործունեության համակարգման և իրականացման միջոցով ամրապնդել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հավաքական անվտանգության պաշտպանվածության մակարդակը, ինչն էլ իր հերթին Հայաստանին հնարավորություն պիտի ընձեռեր ապահովելու իր անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, պաշտպանունակությունը և սպառնալիքներից պաշտպանությունը:

Մաս կազմելով Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների (ՀԱՊԿ զորքեր)՝ Հայաստանը, տասնամյակներ շարունակ, ՀԱՊԿ-ի շրջանակներում մոտարկել է պաշտպանության և անվտանգության ոլորտում օրենսդրական ակտերի հիմնական դրույթները, ընդհանուր մոտեցումներ է մշակել և կիրարկել զորքերի ուսուցման ձևերի և միջոցների, օպերատիվ և մարտական կիրառման, ռազմական կադրերի պատրաստման հարցերում, ինչպես նաև Հայաստանի ՀԱՊԿ գործընկերների հետ համակարգել է զենքի և ռազմական տեխնիկայի մշակման, արտադրության, մատակարարման և վերանորոգման պլանները:

Ի աջակցություն ՀԱՊԿ հավաքական անվտանգության շահերի ապահովման՝ Հայաստանը հետևողականորեն ընդլայնել է քաղաքական համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտում և համակարգել իր արտաքին քաղաքական դիրքորոշումները, ինչը, արձանագրենք՝ առավելապես ներկայում, Հայաստանի Հանրապետության համար հղի է անցանկալի հետևանքներով: Բավարար է միայն հիշեցնել այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն ներկայում Ռուսաստանին որակում է առավել նշանակալի և անմիջական սպառնալիք Եվրաատլանտյան անվտանգության համար, իսկ Եվրոպական Միության օրենսդիր մարմինը, իր հերթին, Ռուսաստանը ճանաչում է ահաբեկչության հովանավոր պետություն:

Ի աջակցություն Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների (ՀԱՊԿ զորքեր)՝ Հայաստանը Ռուսաստանի հետ միասին մաս է կազմել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում առկա զորքերի միացյալ խմբավորման և հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի, իսկ Հավաքական անվտանգության ուժերն ու միջոցներն իրենց հերթին նախատեսված են կանխելու և/կամ հետ մղելու ՀԱՊԿ մեկ կամ մի քանի անդամ պետությունների նկատմամբ զինված հարձակումը (ագրեսիան), հակազդելու անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին, աջակցելու ռազմական գործողությունների հետևանքով առաջացող վտանգներից բնակչության պաշտպանությանը և այլն:

Հայաստանը, 1992-ի մայիսի 15-ի Հավաքական ավտանգության մասին պայմանագրի գործառնական իրականացման նպատակով ՀԱՊԿ շրջանակներում ձևավորել և խորացրել է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն և արտոնյալ պայմաններով ռազմական նշանակության արտադրանք է ձեռք բերել Հավաքական անվտանգության տարածաշրջաններում բազմակողմ ուժերի և միջոցների կազմի մեջ հատկացվող ազգային զորամիավորումների համար: Ընդ որում, մատակարարող կողմն իրավունք ունի վերահսկողություն իրականացնել մատակարարված արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ, այլ խոսքերով՝ ստուգել դրանց առկայությունը Հավաքական անվտանգության տարածաշրջաններում բազմակողմ ուժերի և միջոցների կազմում հատկացված զինվորական կազմավորումներում: Ռազմատեխնիկական համագործակցության սույն մոդելը նույնպես միտված է ապահովելու Պայմանագրի գործնական իրագործումը, իսկ ավելի ստույգ՝ 2-րդ և 4-րդ հոդվածների կիրարկումից բխող գործառույթներ: Հետևաբար, արձանագրենք, որ ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող զենքի և ռազմական տեխնիկայի առևտուրը միտված է Հավաքական անվտանգության կարիքների ապահովմանը և Հայաստանի կողմից դիտարկվում և/կամ դիտարկվել է որպես իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հավաքական հիմքի վրա պաշտպանելու հնարավորություն:

Հայաստանը պարտավորվել է իր տարածքում Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորքերի խմբավորումներ, ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին որոշում կայացնելուց առաջ համաձայնեցնել իր դիրքորոշումը մյուս անդամ պետությունների հետ: Այլ բառերով՝ Հայաստանը, հանդիսանալով ՀԱՊԿ անդամ պետություն, ինքնուրույն չի կարող որոշում կայացնել տարածաշրջանային անվտանգության և կայունության հաստատմամբ շահագրգիռ այլ դերակատարների աջակցությամբ իր տարածքում համակարգային ռազմական մեխանիզմներ և միջոցներ հիմնելու վերաբերյալ՝ արտաքին մարտահրավերներից և սպառնալիքներից իր ինքնիշխան տարածքի անվտանգությունը պաշտպանելու համար: Օրինակ, եթե ՀԱՊԿ-ը շարունակում է կրավորական դիրք գրավել Հայաստանի հանդեպ իրականացվող ադրբեջանական ռազմակենտրոնացված արտաքին քաղաքականության նկատմամբ և շարունակում է չկատարել իր կանոնադրական պարտականությունները՝ ապա ՀԱՊԿ կարգավորումների համաձայն, Հայաստանը մանևրելու հնարավորություն առհասարակ չի կարող նույնիսկ դիտարկել:

Այստեղ հարց է առաջանում․ արդյոք Հայաստանի նման փոքր պետությունը, նեկայիս անվտանգային մարտահրավերների պարագայում, կարող է ամբողջովին իր պետության գոյությունը ապավինել ՀԱՊԿ դաշնակիցների քաղաքական հայեցողությանը միայն այն պատճառով, որ դե-յուռե հանդիսանում է ՀԱՊԿ անդամ պետություն, բայց դե-ֆակտո չի ստանում հավաքական պաշտպանությունից բխող ռազմական աջակցություն: Եվ վերջապես, արդյոք Հայաստանի նման փոքր պետության պարագայում, առհասարակ, արդյունավետ է անվտանգային բլոկային համակարգի մաս կազմելը:

Մաս 2. ՀԱՊԿ. ավելի մոտ Ադրբեջանին, քան՝ Հայաստանին

Ի՞նչ անել

Հայաստանի Հանրապետության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) անդամակցությունը շարունակելու կամ կառույցը լքելու թեման դեռևս շարունակում է լինել օրակարգային՝ ներհայաստանյան և՛ քաղաքական, և՛ փորձագիտական, և՛ վերլուծական շրջանակներում: Սա մեծ մասամբ պայմանավորված է այն իրողությամբ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի շարունակաբար առերեսվում է 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Հայաստանի առջև ծառացած արտաքին սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ անվտանգային համակարգի ձևավորման հրամայականի հետ: Մինչպատերազմյան ռազմավարությունները, դրանց սպասարկմանը միտված բանաձևերն ու գործիքներն այլևս վաղուց գետնի վրա ապացուցել են իրենց անկենսունակությունը: Պետությունն իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունն ապահովելուն միտված գործուն բանաձևեր գտնելու փնտրտուքի մեջ է, ինչն ավելի է բարդանում ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված աշխարհաքաղաքական վայրիվերումների, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ վարվող նվաճողական քաղաքականության և Արցախի դեմ շարունակվող էթնիկ զտման քաղաքականության պայմաններում:

Եթե փորձենք ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության դադարեցմանը դեմ արտահայտվողներին մեկտեղել, ապա հիմնական խոսույթը պտտվում է հետևյալ դրույթների շուրջ.

ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց կանխել և/կամ դիմադրել Ադրբեջանի կողմից 2021-ի մայիս և 2022-ի սեպտեմբեր ամիսներին Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթումը, որովհետև Հայաստանի իշխանությունները 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հետևողականորեն փչացրել են հարաբերությունները Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ՝ սեթևեթելով Արևմուտքի հետ: Հետևաբար, եթե Հայաստանը ցանկանում է ստանալ հավաքական պաշտպանության սկզբունքից բխող աջակցություն ՀԱՊԿ-ից՝ ապա պետք է ընդունի իր մեղքի բաժինը, դադարի Արևմուտքի հետ Ռուսաստանի ռազմավարական շահերի շրջանակից դուրս հարաբերվել և վերադառնա Հայաստան-Ռուսաստան մինչհեղափոխական տրամաբանության տիրույթ:
Որոշ շրջանակներ ընդունում են ՀԱՊԿ-ի անգործությունը, դրանում չեն մեղադրում գործող իշխանություններին, բայց, միևնույն ժամանակ, դեմ են արտահայտվում կառույցը լքելուն, քանի որ այդ քայլի ռիսկերը գնահատված չեն: Ավելին՝ դա կարող է բերել Ռուսաստանի՝ Հայաստանին պատժելու քաղաքականության սաստկացմանը:
Եվ վերջապես, առավել արմատական տրամադրված շրջանակները պնդում են, որ ներկայիս իշխանություններին անհրաժեշտ է փոխարինել այնպիսի քաղաքական ուժով, որը կվայելի պաշտոնական Մոսկվայի համակրանքը և ի վիճակի կլինի նորոգել հայ-ռուսական հարաբերությունները: Այլ բառերով՝ Հայաստանի խնդիրների լուծման բանալին բացառապես հայ-ռուսական հարաբերությունների բարելավման տիրույթում է, որի հիմքում պետք է ընկած լինի Արևմուտքի հետ հարաբերվելու քաղաքականությունից հրաժարվելը կամ չափավորելը և Հայաստանի խնդիրներին, դրանց լուծման բանաձևերին և առհասարակ զարգացման տեսլականներին Ռուսաստանի ազգային անվտանգության շահերի դիտանկյունից մոտենալը:
Ի օգուտ ՀԱՊԿ-ը լքելուն արտահայտվող շրջանակները մեծ մասամբ հենվում են ներքոնշյալ դրույթների վրա.

Կառույցը, անդամ պետությունների բռնապետական վարչակարգերով պայմանավորված, ամենևին չի համապատասխանում Հայաստանի ժողովրդավարական նկրտումներին, և եթե Հայաստանը ցանկանում է ինտեգրվել արևմտյան ընտանիքի մեջ, ապա պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, նպաստի Ռուսաստանի՝ տնտեսական, քաղաքական և ռազմական ազդեցության թուլացմանը:
Որոշ շրջանակներ հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները նվազագույնի հասցնելու և փոխարենը Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու դիրքերից:
Առավել արմատական տրամադրված շրջանակները խոսում են կառույցը լքելու և փոխարենը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը (ՆԱՏՕ) անդամակցելու օգտին:
Հիմնական շեշտադրումների տարբերություններով իսկ հանդերձ՝ այս երկու խմբերին համախմբում է մեկ գաղափար, այն է՝ երկուսն էլ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակացությունը շարունակելու կամ դրանից դուրս գալու դրույթները և հիմնավորումները ձևավորելիս առաջնայինը հենվում են ռուսական գործոնի վրա՝ դրական կամ բացասական պարունակում: Ամենևին չվիճարկելով այն, որ ավանդաբար Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է իր ռազմավարական շահերի գոտի, սույն հոդվածը, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ում մնալու կամ լքելու թեմային մոտենում է հետպատերազմյան Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարություն ձևավորելու և միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքավորման վերանայման տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետությունն ունեցել է ազգային անվտանգության երկու ռազմավարություն: Առաջին ռազմավարությունն ընդունվել է 2007-ին և դիտարկվել է որպես ուղեցույց՝ պետության ներքին և արտաքին անվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները ներկայացնելու համար: Սույն փաստաթուղթն ազգային անվտանգության դեմ ուղղված արտաքին սպառնալիքների շարքում ընդգծում էր Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ զինված ուժի կիրառման հավանականությունը: Միևնույն ժամանակ, ռազմավարությունն ընդգծում էր, որ առկա են այդպիսի զարգացումը կանխող բազմաթիվ գործոններ: Սույն հոդվածի առաջին մասում ներկայացվում է, թե Հավաքական անվտանգության պայմանագրին անդամակցելուց ի վեր Հայաստանն ինչ բանաձևով է իր անվտանգային համակարգը կառուցել՝ հենվելով հավաքական պաշտպանության սկզբունքի և հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական հարաբերությունների վրա: Սույն դրույթն ամրագրված է նաև 2007-ի ռազմավարությամբ, քանի որ փատաթուղթը ՀԱՊԿ-ին անդամակցությունը դիտարկում էր որպես Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկը՝ որպես առաջնային կարևորություն ընդգծելով պայմանագրի ռազմական բաղադրիչի շրջանակներում արտոնյալ պայմաններով ռազմատեխնիկական մատակարարումներ ապահովելու հանգամանքը: Հետևաբար, ակներև է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ զինված ուժի կիրառումը կանխող գործոնների թվում ռազմաքաղաքական կառույցը դիտարկվել է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, այլ նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Երկրորդ ռազմավարությունն ընդունվել է 2020-ին՝ Արցախյան երկրորդ պատերազմից ամիսներ առաջ: Փաստաթուղթն ընդգծում է, որ 2007-ի ռազմավարության ընդունումից հետո միջազգային տարածաշրջանային անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները դարձնելով ավելի բարդ ու բազմաշերտ: Միևնույն ժամանակ, միայն այն փաստը, որ դրա ընդունումից ամիսներ հետո Ադրբեջանը, իր ռազմավարական դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գործուն աջակցությամբ, Արցախի դեմ սանձազերծեց պատերազմ և ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղավ Հայաստանի ինքնիշխան տարածքները սահմանապատելուն և բռնազավթելուն, խոսում է այն մասին, որ Հայաստանը թերացել էր առնվազն միջազգային և տարածաշրջանային անվտանգային միջավայրի իր գնահատականներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հայտարարեց, որ մինչև 2020-ի սեպտեմբերի 25-ը, այսինքն՝ պատերազմից երկու օր առաջ, համապատասխան մարմինները պատերազմի հավանականությունը գնահատել են ընդամենը 30 տոկոս։ Պատերազմի ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին հայտարարեց, թե «Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի կանխատեսել, որ Թուրքիայի զինված ուժերը կարող են հայտնվել պատերազմական գործողություններից ընդամենը 25-45 կիլոմետր հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»: Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայի ներգրավվածությունը եղել է անմիջական, կիրառվել են F-16 կործանիչներ, որոնք բացահայտել են հայկական կողմի հակաօդային պաշտպանության ամբողջ համակարգը: Ավելին՝ զենքի մատակարարումների ուղիները եղել են «զմռսված» և Հայաստան զենք էր հասնում «աճպարարության արդյունքում»։

Հայաստանը երբեք չի ունեցել ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային հենք: Քաղաքական ողջ միտքը կենտրոնացվել է «Ռուսաստանը երբեք թույլ չի տա Հարավային Կովկասում պատերազմ», «Ռուսաստանը հնարավոր ռազմական էսկալացիայի պարագայում կաջակցի Հայաստանին, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է», «ՀԱՊԿ-ը հավաքական պաշտպանության սկզբունքի հիման վրա գործող կառույց է, հետևաբար, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ռազմական ագրեսիան կնշանակի ագրեսիա բոլոր անդամ պետությունների նկատմամբ», «ԵՄ Ասոցացման համաձայնագրի փոխարեն ԵԱՏՄ-ին անդամակցելը միտված է մեր անվտանգության ամրապնդմանը» և նույնաբովանդակ այլ դրույթների շուրջ: Այլ բառերով՝ Հայաստանը հետևողականորեն գնացել է մեկ ռազմավարական դաշնակցից իր տնտեսական, քաղաքական և ռազմական կախվածությունը մեծացնելու ճանապարհով՝ դրա մեջ գտնելով իր «փրկությունը»: Եթե պատմության թափանիվը հնարավոր լիներ հետ շրջել, ապա Հայաստանն առնվազն պետք է 1997-ին չերկարաձգեր Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, ինչպես դա արեց, օրինակ, Ադրբեջանը, և ձեռնամուխ լիներ տարածաշրջանում իր ուրույն տեղն ու դերը ձևավորելուն:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունը կարող է հենվել մի շարք հայեցակարգերի փոխլրացման վրա: Դրանցից մեկը Փոքր պետության մասնագիտացման հայեցակարգն է, ինչը ենթադրում է մի շարք ուղղություններում արհեստավարժություն ու համաշխարհային առաջատարություն գրանցելու շարժառիթ-ծրագիր՝ ի նպաստ միջազգային հարաբերություններում Հայաստանի մրցունակության բարձրացմանը, քաղաքական և աշխարհատնտեսական արժեկշռի ձևավորմանը: Այս հայեցակարգի կիրարկումը Հայաստանի համար լինելու է բարդագույն խնդիր, քանի որ այն պահանջում է քաղաքական վերնախավի և հանրության քաղաքական հասունության ձևավորում: Այլ բառերով՝ պետության գիտակցական ընտրությունը պետք է լինի ի օգուտ Հայաստանի աշխարհագրական դիրքի և աշխարհաքաղաքական դիրքավորման վրա հիմնված այնպիսի ռազմավարական ծրագրավորման, որը միտված կլինի երկրի նյութական ու մտավոր պաշարների դասական մտածելակերպից դուրս առավել արդյունավետ օգտագործմանը։ Համաշխարհային քարտեզի վրա առկա այն փոքր պետությունները (Իսրայել, Էստոնիա, Սինգապուր, ՄԱԷ, Ադրբեջան և այլն), որոնք այսօր հանդես են գալիս իրենց միջավայրում օրակարգ ձևավորողի և ազդեցություն պրոյեկտողի քաղաքական դերակատարի դիրքերից՝ հաջողել են հենց ոչ դասական լուծումների շնորհիվ: «Կաղապարներից անդին» մտածողություն ձևավորելու ճանապարհին Հայաստանն անխուսափելիորեն բախվելու է այլ պետությունների օրակարգերը սպասարկողի դիրքերից հանդես եկող ներհայաստանյան պետական և հանրային շրջանակների, անհատների դիմադրությանը, չէ՞ որ անզեն աչքով էլ պարզ է, որ պետության մասնագիտացման հայեցակարգի՝ արտաքին քաղաքական կապիտալացումը քաղաքական առևտրի գործիքակազմ է ապահովելու Հայաստանի և՛ անհամաչափ, և՛ համաչափ արտաքին հարաբերություններում և տեսանելիորեն թուլացնելու է Հայաստանի ծայրահեղ կախվածությունը Ռուսաստանից: Եվ այստեղ Հայաստանին «փրկության» կգան ՀԱՊԿ-ում երկրի անդամակցությունը շարունակելու կողմ արտահայտվողների մի մասը: «Փրկողների» շրջանակը կարող է ընդլայնել նաև հարմարավետության գոտում իրենց կայուն կարգավիճակն ունեցող պետական որոշ այրեր, քանի որ Փաշինյանի կառավարության՝ «ամեն ինչ ջրի երես հանելուն» միտված մարտավարությանը ցայսօր չի հաջողվել արմատախիլ անել պետական մարմինների ավանդական նմանակող և ինքնահոս գործելաոճը: Մասամբ դիմադրություն կարող է ցուցաբերել նաև սփյուռքը, քանի որ «Հայոց ցեղասպանության» գաղափարից անդին արտաքին դաշտում ներկայանալը կնշանակի ընդունել և ստանձնել Հայաստանի Հանրապետության պետական օրակարգեր առաջ մղողի դերը, ինչի համար 2020-ի Արցախյան պատերազմից հետո առկա չեն տեսանելի նախադրյալներ:

Հաջորդ հայեցակարգը փոքր, ոչ բլոկային (չմիավորված) պետության հայեցակարգն է: Ոչ բլոկայնությունը պետության կողմից որևէ ռազմական դաշինքին անդամակցելուց ձեռնպահ մնալու քաղաքականությունն է: Այն անհրաժեշտ է տարբերակել Չեզոքության քաղաքականությունից և Ապահովագրման քաղաքականությունից, քանի որ չեզոքությունը ոչ թե պետության արտաքին քաղաքականության սկզբունք է, այլ կիրառվում է որոշակի պատերազմի կամ հակամարտության պարագայում: Ինչ վերաբերում է Ապահովագրման քաղաքականությանը, ապա այս պարագայում պետությունը որդեգրում է չխառնվելու/չմիջամտելու մարտավարություն՝ զուգահեռաբար չբացառելով ապագայում որևէ դաշինքին անդամակցելու տարբերակը:

Հայաստանի՝ ոչ բլոկայնության կարգավիճակ որդեգրելու խոսույթում կա մեկ հիմնարար նշանակության սկզբունք՝ այն չի կարելի դիտարկել որպես նպատակ, քանի որ այդ պարագայում չմիավորումը կարող է հանգեցնել արտաքին աշխարհից պետության մեկուսացմանը: Այն անհրաժեշտ է դիտարկել որպես միջոց՝ բլոկային կարգավիճակից բխող համակարգային սահմանափակումները շրջանցելու ճանապարհով ռազմավարական գործընկերների փոխշահավետ ցանց ստեղծելու, փոքր պետությունների հետ փոխգործակցությամբ քաղաքական ուժ և ազդեցություն պրոյեկտելու և մեծերի ու փոքրերի առանձնահատկություններից բխող մոտեցումներում Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու, արտաքին քաղաքականության տեսանելիություն ապահովելու և տարածաշրջանային դերակատար դառնալու համար: Եվ վերջապես, չմիավորման քաղաքականությունը միջոց դիտարկելու պարագայում պետության մասնագիտացման հայեցակարգը կարող է դառնալ արտաքին քաղաքական ազդակ, քանի որ այն հստակեցնում է, թե Հայաստանի Հանրապետությունը արտաքին հնարավոր գործընկերներից իր ակնկալիքները ձևակերպելուն զուգընթաց, ինչ կարող է նաև առաջարկել վերջիններիս:

Ոչ բլոկային բազմավեկտորության քաղաքական ուղղության որդեգրումը ռազմավարական ծրագրման և համակարգային ձևաչափերի հաստատման հետ զուգահեռ նպաստում է նաև արտաքին քաղաքականության ոլորտում համադաշնության ռազմավարության արդյունավետ կիրարկմանը: Վերոնշյալ ռազմավարությունը միտված է խոշոր գործընկերների մասնակցությամբ Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրի բազմազանեցմանը, մեկ ռազմավարական գործընկերոջ գերակայության, նրանից կախվածության նվազեցմանը և արտաքին քաղաքականության սպասարկման գործիքների արագ և ճկուն հարմարվելու կարողությունների ձևավորմանը:

Համադաշնության ռազմավարության կիրարկման հնարավոր արգասիք կարող է հանդիսանալ այնպիսի երկկողմ և/կամ եռակողմ ռազմավարական գործընկերային ձևաչափերի ձևավորումը, որը միտված կլինի և՛ տարածաշրջանային (օրինակ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս), և՛ միջտարածաշրջանային (օրինակ՝ Ուրուգվայ-Հայաստան-Սինգապուր) ռազմավարական օրակարգերի ձևավորմանն ու սպասարկմանը:

Ոչ բլոկային կարգավիճակից բխող առավելություններն ի ցույց դնելու համար փայլուն օրինակ է Ադրբեջանը: Վերջինս, ոչ բլոկայնությունը միջոց դիտարկելու շնորհիվ կարողացել է իր ազգային անվտանգային շահերն առաջ մղելու համար առավելագույն մանևրականություն ապահովել արտաքին դաշտում և ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունենալ նույնիսկ իրենց միջպետական հարաբերություններում հակամարտային-փոխգործակցային տրամաբանությամբ առաջ շարժվող Ռուսաստանի և Թուրքիայի հետ: Արդյունքում, Ադրբեջանն այսօր ոչ միայն բարձրացրել է իր արժեկշիռը Ռուսաստան-Թուրքիա քաղաքական առևտրում, այլ նաև իր սեփական օրակարգերով կարողանում է ազդել վերջիններիս՝ Հարավային Կովկասում վարվող քաղաքականության վրա: Մինչ Հայաստանը ՀԱՊԿ-ում իր անդամակցությամբ ամրապնդում էր այս կառույցի հավաքական պաշտպանության համակարգը՝ Ադրբեջանը երկկողմ փոխշահավետ, ռազմավարական նշանակության հարաբերություններ էր ձևավորում ՀԱՊԿ-ում Հայաստանի բոլոր դաշնակիցների հետ:

Հետպատերազմյան Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունները մշակելիս Փոքր պետության մասնագիտացման և Փոքր, ոչ բլոկային պետության հայեցակարգերը կարող են փոխլրացվել այլ գործուն հայեցակարգերով ևս: Միևնույն ժամանակ, անկհայտ է, որ Հայաստանն այլևս երբեք չի կարող ունենալ հայեցակարգային ամուր հենքից զուրկ Ազգային անվտանգության ռազմավարություն, քանի որ դա կնշանակի տասնամյակներ շարունակ տարվող իմիտացիոն քաղաքականության շարունակություն:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir