Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի, դրա շրջանակում առկա դժգոհությունների շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրույցել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ:
Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.
– Տիկին Մարգարյան, ի՞նչ կարծիք ունեք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի վերաբերյալ: Ինչպիսի՞ դրական և բացասական կողմեր ունի այն:
– Յուրաքանչյուր պետություն շահագրգռված պետք է լինի ունենալ սահմանազատված և սահմանագծված պետական սահման, եթե տվյալ պետության նպատակը բարիդրացիական հարաբերություններն են հարևանների հետ: Հետևաբար դասական առումով գործընթացը կարելի է որակել դրական: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Ադրբեջանի՝ պայմանագրաունակ չլինելու փաստը, Հայաստանի դեմ տարվող հարկադրման և մաքսիմալիստական քաղաքականությունը, տասնամյակներով ձևավորված հայատյացության, հայերին դեմոնիզացնելու քաղաքականությունը՝ միանգամայն տրամաբանական է, որ գործընթացի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների շրջանում պետք է լինեն և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ մտահոգություններ: Եթե գործընթացն առաջ շարժվի կառուցողական, փոխվստահության մթնոլորտում, ապա միջնաժամկետ հեռանկարում այն կարող է նպաստել Հայաստանի սուբյեկտայնությանը, ինքնիշխանության ամրապնդմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության հաստատմանը:
– Ադրբեջանը կարծես որևէ պարագայում առիթը բաց չի թողնում՝ հայտարարելու, որ սա երկկողմ բանակցությունների արդյունքում արձանագրված ձեռքբերում է: Իսկապե՞ս գործընթացը կարելի է այդպես գնահատել:
– Ադրբեջանի համար երկկողմ բանակցային ձևաչափը եղել է բաղձալի, քանի որ այն մշտապես դիտարկվել է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու միջոց: Հետևաբար, ես գրեթե բացառում եմ, որ ներկայիս գործընթացը երկկողմ է: Կարծում եմ, որ ամերիկյան մեր գործընկերները մեծ ջանքեր են գործադրում ալիևյան ռեժիմին կառուցողական դաշտ բերելու ուղղությամբ:
– 4 գյուղերի վերադարձով արդյոք դելեգիտիմացվո՞ւմ են Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակվելու վերջին հիմքերը:
– Չեմ կարծում: Ավտորիտար, անպատժելիության մթնոլորտից գլուխը կորցրած ալիևյան ռեժիմը մշտապես լինելու է Հայաստանի հետ ուժի կամ ուժի սպառնալիքի լեզվով խոսելու համար պայմաններ ձևավորելու փնտրտուքի մեջ: Այդպիսին են միջազգային հարաբերությունները, այդպիսին է այս տարածաշրջանը: Պարզապես 4 գյուղերի վերադարձով մենք մի փոքր ժամանակ ենք շահում՝ մեր պաշտպանական կարողություններն ամրապնդելու համար: Բացի այդ, պետությունները մեկը մյուսին կարող են կլանել ոչ միայն ռազմական ճանապարհով, այլ նաև՝ տնտեսապես, գաղափարապես, դեմոգրաֆիկ գործիքներով և այլն: Ի վերջո պատահական չէ, որ Ադրբեջանը առաջ է տանում, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան» թեզը: Հետևաբար, երկար ճանապարհ ունենք դեռ անցնելու՝ զսպելու համար Ադրբեջանի ախորժակը, կամ, ինչպես Հանրապետության վարչապետն ընդգծեց մամուլի ասուլիսի ժամանակ, կառավարելու թշնամանքը:
– Ինչպե՞ս եք գնահատում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունները:
– Արցախում էթնիկ զտում իրականացնելուց հետո Ադրբեջանի համար ձեռնտու չէ հարձակվել Հայաստանի վրա, քանի որ իմիջային, մարդկային, քաղաքական և ռազմական կորուստները համեմատելի չեն լինի իր հնարավոր ձեռքբերումների հետ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հաշվարկը ցանկացած պահի կարող է փոխվել հօգուտ ուժային գործիքների՝ իր համար բարենպաստ աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում, օրինակ՝ Թրամփի հնարավոր հաղթանակ, Ուկրաինական պատերազմի սառեցում և այլն:
Ինչ վերաբերում է շարժմանը, ապա այն ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ դրան իրենց աջակցությունն են հայտնել հանրության լայն շրջանակների համար, մեղմ ասած, անընդունելի քաղաքական ուժեր: Միևնույն ժամանակ, հարկավոր է գիտակցել, որ այս շարժումը վկայում է նաև այն մասին, որ գործող իշխանության կողմից տարվող քաղաքականության նկատմամբ հանրության շրջանում առկա է վստահության պակաս: Սա իրողություն է, որը չի կարելի անտեսել, եթե ցանկանում ենք հավատարիմ մնալ անվտանգային ոլորտի արդյունավետ կառավարման սկզբունքների կիրարկմանը:
– Ըստ շարժման առաջնորդների և խորհրդարանական ընդդիմության հայտարարությունների՝ ՀՀ սահմանները սկսվում և ավարտվում են այնտեղից, որտեղ կանգնած է հայ զինվորը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները:
– Իրականում, եթե դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը լինի շարունակական, եթե խաղաղության պայմանագրի տեքստում հղում արվի Ալմա Աթայի հռչակագրին, ապա վկայակոչած պնդումները ժամանակի ընթացքում կարող են կորցնել իրենց կենսունակությունը: Այլ բառերով՝ եթե սահման է զատվում և գծվում, ապա հերթը պետք է հասնի նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներին:
Հերմինե Կարապետյան