Մեր զրուցակիցն է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը
Պարոն Բադալյան, հանրապետական պատգամավորների՝ հանրության հասցեին վիրավորական արտահայտությունները բավականին կոշտ արձագանք գտան նաև ՀՀԿ ԳՄ նիստում։ Մասնավորապես, ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովը հայտարարեց, որ որևէ մեկն իրավունք չունի վիրավորել մարդկանց։ Սա հանրային արձագանքի արդյո՞ւնք է և ՀՀԿ-ն սրանով իր վարկանիշի մասի՞ն է մտածում։
Վարկանիշի հարց ընդհանրապես չկա, որովհետև մոտ ապագայում ընտրություններ չկան, առավել ևս որ Հայաստանում, ըստ էության, ընտրություններ տեղի չեն ունենում, ընտրական միջոցառում է, որի ժամանակ գումար են բաժանում և տեղեր են ստանում ԱԺ-ում։ Դրա համար կուսակցությունները վարկանիշի ու հեղինակության մասին մտածելու կարիք չունեն։ Դրանք այն գործիքներն են, որոնք օգտագործում են կուսակցություններն ազնիվ ու արդար ընտրությունների ժամանակ, իսկ Հայաստանում նման ընտրություններ չկան, հետևաբար վարկանիշի հարց էլ չկա։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի պաշտոնական տեսակետին, որ ոչ ոք իրավունք չունի վիրավորել մարդկանց, սա ընդամենը բարեկրթության ձևավորման հարց է։ Այսինքն՝ կուսակցությունն ընդամենը ճիշտ չի գնահատում իր երկու անդամների ոչ այնքան կոռեկտ արտահայտությունները։ Ինչ վերաբերում է այդ առնչությամբ հասարակության կողմից դժգոհություններին, ապա դրանք ֆեյսբուքից դուրս չեն գալիս, հետևաբար չի կարելի ասել, որ դրանք հանրության դժգոհություններն են։ Դրանք ընդամենը ֆեյսբուքում դժգոհություն արտահայտած մարդկանց տեսակետն է, որը հանրության տեսակետի հետ վաղուց կապ չունի։
Սա ընդամենը PR էր, եղավ-անցավ։ Ասել, որ սրանից հետո կուսակցությունը ձևափոխվել է, արդեն ուրիշ դեմքով, ուրիշ ոգով է ներկայանալու հասարակությանը, նման բան գոյություն չունի։ Իրականում նոր ոգին չափվում է գործողություններով, ոչ թե այս կամ այն արտահայտություններով։
Ամեն դեպքում, ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն փորձում էր նոր դեմքով, նոր իմիջով հանդես գալ, ու հիմա հաշվի առնելով 2018-ի հնարավոր վերադասավորումները, կարո՞ղ ենք ասել, որ այդ «նոր ոգուց» էլ ոչինչ չի մնա, քանի որ ամենայն հավանականությամբ Կարեն Կարապետյանը չի զբաղեցնի վարչապետի պաշտոնը։
Այդ «նոր ոգին» պետք է երևար գործունեությամբ, իսկ գործունեությամբ կերևար, եթե մենաշնորհները վերանային, եթե տնտեսական այնպիսի իրավիճակ ստեղծվեր, որը կապահովեր մեծ ներդրումներ։ Նոր ոգին կերևար, եթե ընտրություն կոչվող միջոցառումից հետո խախտում կատարածները պատասխանատվության ենթարկվեին, մինչդեռ կարելի է ասել, ոչ ոք պատասխանատվության չենթարվեց։ Այնպես որ, այստեղ «նոր ոգու» խնդիր չկա։
Ինչ վերաբերում է գործող վարչապետի մնալ-չմնալուն, այդ հարցում իշխանությունների վրա մեծ ազդեցություն ունեն արտաքին քաղաքական կենտրոնների կարծիքները։ Եթե նրանք որոշեն, որ գործող վարչապետը մնում է՝ կմնա, իսկ եթե որոշեն, որ չի մնում, չի մնա։ Քիչ հավանական է, որ նրանք որոշեն, որ Կարեն Կարապետյանը մնում է, որովհետև որոշակի գործընթաց է տեղի ունենում. մասնավորապես, Ռուսաստանի ազդեցության աստիճանը Հայաստանի իշխանությունների վրա ոչ նկատելի, բայց իջնում է, իսկ Արևմուտքի ազդեցությունը մեծանում է։ Բնականաբար, այս պահի դրությամբ դեռևս չենք կարող ասել՝ Արևմուտքում և Ռուսաստանում ով ավելի վճռորոշ նշանակություն կունենա իշխանությունների ձևավորման գործընթացի վրա, ում ձայնն ավելի վճռորոշ կլինի։
Հաշվի առնելով, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի այդ ամբողջ գործընթացը Սերժ Սարգսյանն ինքն էր վարում, հնարավո՞ր է, որ նա 2018-ի ապրիլին աջակցություն ունենա Արևմուտքից և այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի աձրագանքը։ Նաև չմոռանանք, որ վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցները հարվածում են ՀՀԿ-ին ու Հայաստանի իշխանություններին։
Բացարձակ չի կարելի ասել, որ եթե ՀՀ նախագահը նոյեմբերի 24-ին ստորագրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ապա նա աջակցություն ստացավ Արևմուտքից 2018-ի ապրիլից հետո վարչապետի պաշտոնն ստանձնելու համար։ Դրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեն, որի օգտին կարելի է բերել բազմաթիվ օրինակներ։ Դրա լավագույն օրինակը Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆին էր, որը բավական լավ ընդունելությունների էր արժանանում եվրոպական երկրներում, սակայն անհրաժեշտության պահին նույն եվրոպական երկրները նրան տապալեցին և մասնակից եղան նրա սպանության գործին։ Այնպես որ, Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալը և փաստաթղթեր ստորագրելը դեռևս չի նշանակում, որ դու ստանում ես նրանցից աջակցություն հետագայում երկիրը ղեկավարելու համատեքստում։
Սա պետք է միշտ հաշվի առնել։ Սա նշանակում է, որ ապրիլին Արևմուտքը կարող է բոլորովին այլ թեկնածություն պահանջել ՀՀ իշխանություններից, որովհետև չպետք է մոռանալ, որ Հայաստանը 2018-2019 թվականներին պետք է բավական մեծ արտաքին պարտք փակի, մոտ 500 մլն դոլար 2018-ին և մոտ մեկ մլրդ դոլար՝ 2019-ին։ Իսկ այդպիսի գումար Հայաստանի բյուջեում չկա։ Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է քաղաքական փոխհամաձայնության գնա Արևմուտքի հետ։ Վերջինս էլ կարող է պահանջել, որ վարչապետի պաշտոնում լինի այնպիսի մարդ, որը Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կյանքի կկոչի և այն իմիտացիոն նպատակներով չի օգտագործի։ Երկրորդ, ամենայն հավանականությամբ վարչապետ պետք է լինի այնպիսի մարդ, որի նկատմամբ կասկած չի լինի, որ նա իսկապես կյանքի է կոչելու այդ համաձայնագիրը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերաբերմունքին, այո, ես էլ եմ տեսել, թե ինչպես են ռուսական հեռուստաալիքներով թոք-շոուների ժամանակ Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ անում։ Դե յուրե, դա կարելի է անվանել խոսքի ազատություն, որովհետև դա հեռուստատեսության պաշտոնական տեսակետը չէր, այլ այդ թոք-շուների ժամանակ հրավիրված վերլուծաբանների կամ քաղաքական գործիչների տեսակետը։ Իսկ դե ֆակտո, բոլորին էլ հասկանալի է, որ այդ մարդիկ Հայաստանի հասցեին նման արտահայտություններ չէին անի, եթե առնվազն չունենային ՌԴ իշխանությունների եթե ոչ հրահանգը, այլ ուղղակի չեզոքությունը կամ ոչ բացահայտ աջակցությունը։ Ուղղակի չպետք է հաշվի առնել այդ տեսակետները, որովհետև դրանք որևէ հարցի լուծման հարցում դեր չունեն։
Իսկ ինչո՞ւ այդպես եղավ, բնական է, որ երբ Հայաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը, Ռուսաստանը ԵՄ-ն դիտարկում է իր համար ոչ ցանկալի, անգամ մրցակից գործընկեր, հետևաբար Հայաստանի ցանկացած մերձեցում ԵՄ-ի հետ Ռուսաստանում բացասական արձագանքի է արժանանում։ Ավելին, նրանք համարում են, որ այս համաձայնագիրն առաջինն է և, ամենայն հավանականությամբ, վերջինը չէ, որովհետև հնարավոր է նման այլ համաձայնագրեր կնքվեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ լինեն, իսկ դա նշանակում է, որ Արևմուտքի ազդեցությունը Հայաստանում գնալով կարող է էլ ավելի ուժեղանալ։ Իսկ այդ ուժեղացումը կարող է մի պահ հասնել նրան, որ Հայաստանն անցնի Արևմուտքի վերահսկողության տակ։ Իսկ դա էլ նշանակում է, որ Հարավային Կովկասը կարող է դուրս գալ Ռուսաստանի վերահսկողությունից։
Այսինքն, Ռուսաստանը այդ միտումներին է հետևում, թե որ ուղղությամբ կարող են զարգանալ իրադարձությունները, ոչ թե կոնկրետ ստորագրված համաձայնագիրն է իրենց անհանգստացնում։ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը պարտքեր ունի ԵՄ-ին, այդ պարտքերը պետք է փակի, ԵՄ-ն կարող է այդ պարտքերը դարձնել քաղաքական առևտրի պայման և արևմտամետ գործիչների Հայաստանում բերի ղեկավար պաշտոնների։ Իսկ դա նշանակում է, որ էլ ավելի է արագանալու Հայաստանի՝ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու գործընթացը, որովհետև Մոսկվան հաստատ Հայաստանի փոխարեն այդ պարտքերը չի փակելու։ Ահա սա է ընդհանուր պատկերը 2018-ից ժամանակ։
Այսինքն՝ Հայաստանում ֆորս մաժոր կարող է լինել միայն, եթե դրսից այդ ամենն արվի՞, ներսում նման պահանջ չի՞ լինի։
Ֆորս մաժոր չի լինի, դա նորմալ քաղաքական գործընթաց է։ Դրսից որևէ բան մի սպասեք, որովհետև հասարակությունը 90-95 տոկոսով մահացած մարմին է դարձել, որովհետև աղքատությունը մեծ է, արտագաղթը մեծ տեմպերի է հասել, փոքր ու միջին բիզնես չկա, իսկ հասարակության այն 5-10 տոկոսը, որ դեռևս կենդանի է, արևմտամետ զանգվածն է։ Ռուսաստանն էլ է լավ հասկանում, որ Հայաստանում ռուսամետ զանգված չկա։ Կան ռուսամետ գործիչներ, որոնք տարբեր ամբիոններից կարող են քննադատել Հայաստան-ԵՄ համագործակցությունը, բայց նրանք ազդեցություն չունեն հասարակության սոցիալական տարբեր խմբերի վրա։ Իսկ արևմտամետ զանգվածը, ճիշտ է, դեռ կազմակերպված չէ, դեռևս ամուր չէ, բայց այդ 10 տոկոսանոց զանգվածը կա, և կարող է ինչ-որ գործունեություն իրականացնել։
Բնական է, որ այդ 10 տոկոսը շատ քիչ է, որ կարողանա Հայաստանում ֆորս մաժոր առաջ բերել կամ իշխանափոխության հարց լուծել։ Մյուս կողմից, Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ եթե Հայաստան-ԵՄ գործընթացի արդյունքում նախատեսված բարեփոխումները տեղի ունենան, ապա արևմտամետ 10 տոկոսը շատ արագ կարող է իր բաժինը մեծացնել շնորհիվ մնացած 90 տոկոսի։ Իսկ որքան այդ 10 տոկոսը մեծացավ, այնքան Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում էլ ավելի է նվազելու։ Հնարավոր է, ամբողջ հա հասարակությունը թեքվի դեպի Արևմուտք, այսինքն տեղի ունենա այն, ինչ արեց Սահակաշվիլին Վրաստանում վարդերի հեղափոխության ժամանակ, երբ հասարակության մեջ մենթալիտետը փոխեց դեպի Արևմուտք։ Սա է պատճառը, որ ռուսները ցավագին են ընկալում Հայաստան-ԵՄ համագորակցությունը։
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/interview/view/166481
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Արագանալու է Հայաստանի՝ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու գործընթացը
Արագանալու է Հայաստանի՝ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու գործընթացը
446 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.