KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Անկախ Հայաստանը իբրեւ «ռուսական գաղափարի» որոնումների հայելի Անդրկովկասում

Անկախ Հայաստանը իբրեւ «ռուսական գաղափարի» որոնումների հայելի Անդրկովկասում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 12 dk okuma süresi
446 0

Հայաստանում Ռուսաստանը «ոտքի տեղ» է պահպանում: Արդյոք դա բավարա՞ր է իր տեղը Մեծ Մերձավոր Արեւելքում վերգտնելու համար
Ինչպե՞ս վարվել Հայաստանի հետ: Վստահաբար այս հարցով են մտահոգվում ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն անգամ, երբ մոտենում են Անդրկովկասի քարտեզին: Իոսիֆ Ստալինը 1945-ին ավելի որոշակի էր արտահայտվում. «դուրս չի գալիս մեր սահմանի այս հատվածը»: Շրջանի համայնապատկերը այժմ էապես տարբեր է եւ բոլորովին հեռացել է դուր գալ-չգալու եզրից: Այդուհանդերձ, Հայաստանի առնչությամբ Ռուսաստանը կարծես անհանգստանալու առիթ չպիտի ունենար:
Թվարկենք Հայաստանում ռուսական ապահովության հիմնական խարիսխները. 102-րդ հսկայական ռազմակայան Գյումրիում, երկու օդակայան, ՀՕՊ արդիական համատեղ համակարգ, համատեղ օպերատիվ զորախումբ, երկրի սահմանը վերահսկող FSB-ի Հայաստանյան Վարչության սահմանապահ ջոկատներ, նույն ենթակայության ստուգիչ անցակետեր, ռուսական մոնոպոլիստական կապիտալի լայնածավալ ներկայություն տնտեսության մեջ, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ պարտավորեցնող անդամություն, երկկողմանի ազատ այցելության հնարավորություն, պաշտոնական մակարդակի վրա երկուստեք բարյացակամ հռետորաբանություն: Եւ վերջապես, տեղաբնակների քաղաքական սաղմնային գիտակցության վրա հիմնված պետական կառավարման համեմատաբար կայուն ռեժիմ:
Պատկառելի ցուցակ է: Համեմատենք 2017թ. անկախ Հայաստանի այս իրավիճակը 1956 թվականի հետ, երբ Խորհրդային Հայաստանում դեռ տեղակայված էին հայկական ազգային 89-րդ դիվիզիայի զորամասերը: Կա ընդամենը մի քանի տարբերություն, այն է՝ ռեպրեսիվ ազգային ապարատի հավելյալ ինքնուրույնությունը, պարզ հրահանգով Մոսկվայից նշանակվող հանրապետության ղեկավարի ինստիտուտի բացակայությունը, տնտեսա-առեւտրական կապերի համեմատական բազմազանությունը, դիվանագիտական ծառայության գոյությունը եւ ՄԱԿ, ԵԱՀԿ ու միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի ուղղակի, Մոսկվայի կողմից չմիջնորդված անդամությունը:
ԽՍՀՄ-ից տարբերող այս հանգամանքներն էլ, սակայն, հատուցվում են Մոսկվայի ազդեցության տնտեսական, նախեւառաջ՝ բնական գազի մատակարարման (Ս.Սարգսյան [1]) եւ արտաքին սպառնալիքի շահարկման (Դ.Կիսելեվ [2]) միջոցների առկայությամբ: Հայ անկախ պետականության վերաբերյալ, այսպիսով, տեղին է օգտագործել «իրական եւ ձեւական առավելագույն ինտեգրացիա» արտահայտությունը: Ավելին հնարավոր էլ չէ: Հնարավոր հաջորդ աստիճանը արդեն Մոսկվայի պետական իրավասության տարածումը կլիներ հանրապետության վրա:
Այդ դեպքում ի՞նչն է մտահոգում Մոսկվային: Ինչու էին «Զվարթնոցում» մեկը մյուսի հետեւից իջնում ինտելեկտուալ ու քարոզչական դեսանտներն ու բարձրաստիճան պաշտոնյաները: Երեւանյան ընտրությունները, դատելով անվանապես ընդդիմադիրների հայտերից, հայեցակարգի էական փոփոխություն չէին ենթադրում առկա ոչ ներքին՝ ֆեոդալական ժառանգականությունն անշեղորեն վերածնող, ոչ էլ արտաքին՝ դեռեւս ընդհանուր գծերով ձեւակերպված քաղաքականության ասպարեզում: Համարձակվենք ենթադրել, որ նախընտրականը պաշտոնական Մոսկվայի համար ընդամենը հարմար առիթ էր սեփական դիրքորոշումները տեղում ստուգելու համար:
Այստեղ է, որ կարելի է շոշափել ռուսական մտահոգության բուն դրդապատճառները: Հայկական վերնախավի կարեւոր մի հատվածը չի կարող չգիտակցել երկրի, պետության եւ հասարակության արդիականացման հրամայական պահանջը՝ առաջին հերթին տնտեսական, տեխնոլոգիական հետամնացությունը հաղթհարելու համար: Ի տարբերություն XIX եւ XX դարերի ցարական եւ բոլշեւիկյան ծավալապաշտական քաղաքականության, որի հիմքում երկու դեպքում էլ արդիականացման գաղափարն էր դրված, այժմ Ռուսաստանն իր պարագծի եւ ոչ մի հատվածի վրա առաջադրելու որեւէ գաղափար չունի, եթե նույնիսկ անհրաժեշտ նյութական միջոցներ ունենար: Բավական է հիշատակել ցեղակից ուկրաինացիների եւ բելոռուսների հետ ունեցած խնդիրները Ռուսաց Աշխարհի գաղափարի շուրջ:
Միակ ուղղությունը, որի առնչությամբ կարելի է խոսել որոշակի քաղաքականության մասին, Արկտիկան է: Որոշակիությունն արտահայտվում է անմարդաբնակ սառցադաշտերում պարզունակ ծավալման գաղափարով: Այստեղից դեպի հարավ արդեն առավելագույն անորոշության ուղղությունն է՝ Կովկասը, ներկայիս Հայաստանը ներառյալ:
Ուշագրավ է, որ Անդրկովկասում ու Միջին Արեւելքում անորոշ են Ռուսասատանի ստրատեգիական բուն նպատակները (Ս.Տարասով [3]): Հայաստանի վիճակը լավագույնս է դրսեւորում այդ պետության գաղափարային որոնումների, արտահայտվենք առավել զգուշությամբ, ձգձգումը: 2008-ին փորձ կատարվեց ճակատային զինված ներխուժմամբ փոխել արեւմտամետ քարթվելական ռեժիմը: Արեւմուտքը, ի տարբերություն 1921 թվականի Մեծ Բրիտանիայի, պաշտպանեց Թբիլիսիի ռեժիմը ու գծեց ռուսական ուժի նոր սահմանը Ինգուր-Խիդա-Կոզ-Ցխինվալ-Թոխտա կետերով: Արդյունքում, Վրաստանը Ռուսաստանի կողմից տանուլ է տրված Արեւմուտքին՝ աբխազական ու օսական կասկածելի «փեշքեշների» դիմաց:
Փակուղային է վիճակը նաեւ Անդրկովկասի մյուս անկյունում: Քանի դեռ Կասպիցի արեւմուտքում նավթ ու գազ կա, Բաքուն Մոսկվայից ընդամենը մի հատիկ, այն էլ հերթապահ, ուզելիք ունի՝ Ղարաբաղը: Միաժամանակ, եռանդուն կերպով մշակվում են միջազգային լոգիստիկ ծրագրեր: Կասպիցի արեւմուտքում «ռուսական Ադրբեջանի» 100-ամյա նախագիծը կախված է մնացել հայկական «մազից»:
2016թ. ապրիլյան մարտերը Արցախի սահմանին հանգեցրել են Հայաստանում ռուսական վարկի այնպիսի կորուստների, որ աննախադեպ են 1921-ի Մոսկվա/Կարսից ի վեր: Փափուկ ուժով բավարարաչափ վերահսկելի Հայաստանի ղեկավարությունն անգամ խոսում է աշխարհաքաղաքական լավագույն դեպքում չեզոքության մասին(Ս.Սարգսյան [4]): Իշխանությունները ամենեւին չխոչընդոտեցին հասարակական կարծիքի հակառուսական բեկմանը: Ընդսմին, Մոսկվան զգալի շահ չունեցավ նաեւ Բաքվի կողմում: Շահի բացակայությունը վկայում է ռուսական քաղաքականության տեղապտույտի մասին:
Նույնքան մշուշոտ է հեռանկարը Սիրիայում: Սիրիական արշավանքը այլ բան չէ, քան երկբեւեռության ու կայսերականության հուշ, մնացորդային ջղաձգություն: Իր կողմից արվող զգալի զիջումների դիմաց Մոսկվան իբրեւ ԱՄՆ շրջանային գերակայության հակակշիռ փորձում է օգտագործել Անկարային: Միջերկրականի ռուսական կայանքները միայն մի դեպքում էին իմաստալից: Եթե հյուսիսից նրանց սահմանակից լիներ անատոլիական դաշնակից Հայաստանը: Քանի այդպիսի Հայաստան չկա, Մոսկվայի աշխարհաքաղաքական որեւէ ակտիվության շահառուն Թուրքիան է լինելու:
Որոշ ժամանակ անց Ռուսաստանը հայտնվելու է թրքական սելի 5-րդ անիվի դերում: Ընդ որում, ոչ միայն Հայոց Ծոցի ափերին Ալեքսանդրեկ-Լաթակյա շրջանում, այլեւ Հայաստանի Հանրապետության հարավային սահմանին՝ Նախիջեվանում:
Անկարան, ի տարբերություն Մոսկվայի, ունի հստակ ձեւակերպված գաղափարային, նաեւ տնտեսական, այդ թվում հզոր մարդկային կարողություններ, որ համեմատելի են ռուսականի հետ: Ինչ վերաբերում է քրդական խնդրի մեղմացմանը, ապա դրա համար թուրքերի ձեռքին կան ռուսական, իրանական եւ նույնիսկ ասադական Սիրիայի լծակները:
Ի դեպ, լծակների թվին է պատկանում նաեւ Հայաստանը, ավելի ճիշտ, ընդհանրական հայությունը, հատկապես իր արեւմտյան հատվածով: Անկախ պետականության վերակառուցման ճանապարհին «լծակի» կարգավիճակը անխուսափելի մի հանգրվան է, որի վնասները պիտի նվազագույնի հասցվեն եւ քաղվի հնարավոր առավելագույն օգուտը: Եթե չեզոքությունը փափագելի է իբրեւ անվտանգության գրավական (Վ.Սարգսյան [5]), անհրաժեշտ է հաշտվել դրա ճանապարհին առաջացող «անհարմարությունների» հետ:
Հայաստանի շրջանային դերը նկարագրելիս անհնար է չնկատել, որ երկիրը այն հիմնական ուժն է, որ կարող է զսպել Թուրքիայի ծավալումը դեպի ռուսական Կովկաս: Մնացած դռները բաց են. Կարս-Թբիլիսի-Բաքու ճանապարհը հանձնվում է շահագործման: Հույս ունենալ, թե Թուրքիան դուրս չի գա «Սիրիան Կովկասի դիմաց» ռուս-թուրքական ջենթլմենական համաձայնության սահմաններից՝ միամտություն կլիներ:
Առանց Կարս-Արդահանի շրջանի պաշտպանական եւ տնտեսական կարողությունների, սակայն, Հայաստանին դժվար կլինի իրականացնել արդյունավետ զարգացում եւ դիմադրություն ռուս-հայկական հավանական ընդլայնված պարտավորությունների շրջանակներում: Բացի այդ, անհրաժեշտ է գիտակցել, որ ԽՍՀՄ տապալումով 1991-ին փոխվեց դեռեւս 1920-ին ռուսական ագրեսիայի հետեւանքով Հայաստանից օտարված Նախիջեվանի խորհրդային միութենական կարգավիճակը: Հայ-թրքական փաստացի սահմանի երկարությունը կրկնապատկվեց, ինչի պատճառով հսկայական նոր բարդություն է առաջացել անվտանգության ասպարեզում:
Հարյուրամյակի պատմություն ունեցող մոսկովյան ստրատեգիայի Մոսկվա/Կարսի անփոփոխ միտումը գրեթե տեղ չի թողնում Հայաստանի իրական ռուսամետության համար: Այս հանգամանքը, սակայն, չի նշանակում, որ հնարավոր չեն փոխշահավետ գործակցության ձեւերի շարունակական որոնումները: Ավելին, դրանք կենսական անհրաժեշտություն են (Ն.Տեր-Գրիգորյանց [6]:
Դրությունը բարդանում է նրանով, որ հայկական շահերի տեսակետից աննպաստ պատկեր է ներկայացնում նաեւ արեւմտյան, մասնավորապես ԱՄՆ նախաձեռնությունը Միջին Արեւելքում: Տատանումները Քլինթոնի քաոսային դոկտրինի եւ Թրամփի ենթադրյալ հայեցակարգի միջեւ ծանր են անդրադառնում տեղի ժողովուրդների վրա (R.Worthmay NYT [7]): Այն գնահատականը, թե ներկայիս վիճակը էապես ավելի բարենպաստ է, քան 1918-1920 թվականներինը, չի շաղկապվում իրականությանը: Եթե առաջնորդվենք նմանության սկզբունքով, հարկ կլինի խոսել, թերեւս, աղետավետ 1910-ականների մասին, իսկ լավատեսական հղումների հասցեատեր ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն կարելի է մտովի փոխարինել Երկրորդ համաշխարհայինի «կնքահայր» Ազգերի Լիգայով:
Ավելի քան ակնհայտ է շրջանային բոլոր ուղղություններով ճկուն քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունը: Կարիք կա հաղթահարել «ցյուրիխյան սինդրոմը»: Երեւի հասունացել է պահը արտաքին քաղաքականության որդեգրած առավելապես ստատիկ չեզոք դիրքի դոկտրինից անցնելու դինամիկ չեզոք դիրքին: Միայն այսպես է հնարավոր իրականացնել խուսանավ առաջխաղացումը քամուն դեմ հանդիման, հազարամյաների հեռվից փայլատակող հայ քաղաքակրթության արժեքները պահելով իբրեւ ուղեցույց: Պետական կառավարման նոր համակարգը նման բազմաշերտ քաղաքականություն վարելու համար օժտված է անհրաժեշտ հիմնարկումների լիակատար ցանկով: Համենայն դեպս, ձեւական տեսակետից այն գրեթե անթերի է:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ
*************************************************************************************
[1] President Sargsyan’s full interview to Euronews | ARMENPRESS …
[2] Киселев и Соловьев в Ереване – YouTube
[3] Можно ли реально помочь христианам на Ближнем Востоке? Станислав Тарасов
[4] ՀՀ Նախագահի հարցազրույցը EFE գործակալությանը – Արմենպրես
[5] ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը
[6] Բանակցել պետք է ոչ թե Ադրբեջանի, այլ ՌԴ-ի հետ Կարսի և … Նորատ Տեր-Գրիգորյանց
[7] Aleppo After the Fall – The New York Times

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir