Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ասել է, թե Արցախում պատերազմի ընթացքում զանգել և կոչ է արել բանակին իշխանությունը վերցնել իր ձեռքը:
Մասնավորապես, խոսելով դավաճան լինելու վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքների մասին, Փաշինյանը նշել է. «17 կուսակցություն կոչված ֆորմատի այսպես կոչված վարչապետի թեկնածուն ասում է՝ ես դեռ հոկտեմբերին զանգում էի բանակին, ասում էի՝ իշխանությունը վերցրեք, իշխանությունը վերցրեք: Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ կոչ են արել կռվել սեփական ժողովրդի դեմ: Սա է տեղի ունեցել»:
Վարչապետի ելույթից ժամեր անց «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ Փաշինյանը «բացահայտ ձևով նենգափոխել է Վազգեն Մանուկյանի՝ 2020 թ․ հոկտեմբերի 27-ին արված հայտարարության նպատակն ու բովանդակությունը»:
Տարածված հայտարարությունում վերահրապարակվել էր Վազգեն Մանուկյանի՝ հոկտեմբերի 27-ին արված հայտարարությունը, որում նախկին վարչապետը գրել էր, որ կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը:
«Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ»,- նշել էր Մանուկյանը։
Սակայն սա Մանուկյանի միակ հայտարարությունը չէր իշխանությունը բանակին հանձնելու վերաբերյալ:
2021 թվականին հունվարի 26-ին Վազգեն Մանուկյանը՝ որպես «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, հանդիպել էր Արարատի մարզի բնակիչներին, որտեղ բնակիչների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր նաև իր՝ հոկտեմբերի 27-ին արված հայտարարությանը: Նա նշել էր, որ իր հայտարարությունից հետո հասարակությունը «հարձակվեց» իր վրա, սակայն ինքը չի մեղադրում այդ մարդկանց, քանի որ հասարակությունը չէր իմանում, թե ինչ է կատարվում բանակում:
«Իմ առաջարկությունն էր, որ զինվորականներն իրենց ձեռքը վերցնեն իշխանությունը, որովհետև նույնանման դեպքերում մյուս երկրներում, երբ որ զինվորականները տեսնում են, որ իրենց տանում են պարտության, զինվորականության վերնախավը իշխանությունը վերցնում է իր ձեռքը: Ժամանակավոր՝ 1 տարով, 2 տարով, 3 տարով, ավարտում է ամեն ինչ և նորից հանձնում է քաղա… Օրինակ, Թուրքիայում մի քանի անգամ է այդպես եղել: Հայաստանում դա տեղի չունեցավ»,- ասել էր Մանուկյանը:
Սակայն ըստ Մանուկյանի՝ մարդիկ, որոնք կարող էին այդ քայլը անել, արդեն բանակից դուրս էին բերված, իսկ մնացածի համարձակությունը և ազգային զգացմունքները «երևի այդքան հզոր չէին»:
«Ես նույնը պատերազմի ժամանակ հեռախոսի միջոցով միշտ կապվում էի Արցախի հետ, գեներալների հետ, ասում էի՝ վերցրե՛ք իշխանությունը ձեր ձեռքը, մի՛ թողեք, որ Արայիկ Հարությունյանը էս սրա հրամանները կատարի և Արցախը կորցնի իր ինքնուրույնությունը: Ցավոք սրտի, դա չեղավ»,- հայտարարել էր Մանուկյանը:
Այսպիսով, «Հայրենիքի փրկության շարժման» հերքումն այն մասին, որ Փաշինյանը նենգափոխել է Մանուկյանի հայտարարությունը, սխալ է, քանի որ ընդդիմության վարչապետի թեկնածուն իսկապես հունվարին ասել էր, որ պատերազմի ընթացքում զանգել է գեներալների և կոչ արել իշխանությունը վերցնել:
Անի Ավետիսյան