KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Անազատության եզրին. Ինտերնետի վիճակը՝ Հայաստանում

Անազատության եզրին. Ինտերնետի վիճակը՝ Հայաստանում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 9 dk okuma süresi
498 0

Ինտերնետի ազատության ցուցիչը անկում է ապրել Հայաստանում: Freedom House կազմակերպության Freedom on the Net ամենամյա զեկույցի համաձայն՝ Հայաստանում ինտերնետի ազատությունը 2 նիշով նվազել է. Հայաստանը 100 բալանոց սանդղակում զբաղեցնում է 30-րդ տեղը՝ անցյալ տարվա 28-ի փոխարեն (0-ն լավագույն ցուցանիշն է, 100-ը՝ վատագույն):

Թեեւ Freedom House-ի սանդղակում Հայաստանը դեռեւս ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքում է, այն կանգնած է մասամբ ազատ ինտերնետ ունցող երկրների սահմանագծին: Դրան նպաստել են 2015 թվականի հունիսից մինչեւ 2016-ի մայիսն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած առանցքային զարգացումները:

2016 թվականի հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորման եւ իշխանության միջեւ բախման արդյունքում Հայաստանում Facebook սոցիալական ցանցը կարճ ժամանակով անհասանելի էր մի քանի ինտերնետ փրովայդերների բաժանորդների համար:
2016 թվականի ապրիլին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման ընթացքում խրախուսվում էր օնլայն մեկնաբանողների ինքնագրաքննությունը:
2015 թվականի հունիսին #ElectricYerevan բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը թիրախավորեց լուսաբանող լրագրողներին՝ ծեծի ենթարկելով նրանց եւ բռնագրավելով նրանց սարքավորումները:
2015 թվականի հուլիսին դատավարութուն սկսվեց յություբյան «SOS TV» ալիքի նկատմամբ. Հայաստանի ոստիկանությունը ալիքից պահանջում է ներողություն խնդրել եւ տուգանք վճարել իրեն տեսանյութի համար, որը իր կարծիքով վիրավորում է հայաստանի ոստիկանությանը:
Հետազոտության համաձայն՝ թեեւ հայաստանցիներն ընդհանուր առմամբ ազատ են արտահայտելու իրենց խոսքը օնլայն տիրույթում՝ առանց սահմանափակումների կամ պատժվելու վախի, ինքնագրաքննության որոշ միջադեպեր արձանագրվել են ցույցերի լուսաբանման ընթացքում եւ դրանից հետո:

Ճնշումներ ու բռնություններ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի համաձայն՝ 2015 թվականին լրագրողներին ֆիզիկական բռնության ենթարկելու 8 դեպք է արձանագրվել:

Բռնության են ենթարկվել 2015 թվականի հուլիսին #ElectricYerevan ցույցը եւ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեն լուսաբանող մի շարք լրագրողներ:

2016 հուլիսի 29-ին քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվել են առնվազն 14 լրագրողի վրա, որոնք լուսաբանելիս են եղել ոստիկանության եւ ՊՊԾ-ի գունդը գրաված զինված խմբավորմանը աջակցող ցուցարարների միջեւ բախումը: Հարձակման արդյունքում լրագրողներից ոմանք հոսպիտալացվել են, ոմանց սարքավորոմները՝ կոտրվել:

Մեդիա, բազմազանություն եւ բովանդակության մանիպուլյացիա
Freedom House-ի համաձայն՝ հայաստանյան ինտերնետային օգտատերերը օնլայն բովանդակության լայն հասանելիություն ունեն, թեեւ ինչպես ավանդական լրատվամիջոցները՝ հեռուստատեսությունն ու տպագիր մամուլը, երկրի ինտերենտային լրատվամիջոցները նույնպես ենթարկվում են ճնշումների:

Որոշ դեպքերում լրագրողներին չի թույլատրվում շեղվել լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունից, որը հաճախ կապված է քաղաքական կուսակցություններից որեւէ մեկի հետ: Նման ճնշումը կարող է ազդել երկրում խոսքի ազատության ընդհանուր վիճակի վրա, թեեւ օնլայն լրատվամիջոցներն ու անհատ բլոգերները դիմակայում են ինքնագրաքննությանը:

Այնուամենայնիվ, Ղարաբաղյան հակամարտության սրացման ժամանակ պաշտպանության նախարարդությունը քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ առաջնագծում առկա իրավիճակը ինտերնետում քննարկելուց՝ ռազմական գաղտնիք չբացահայտելու համար: Օնլայն մեկնաբանողները ինքնագրաքննություն էին իրականացնում, եւ օնլայն քննարկումները հաճախ վերածվում էին թշնամանքի, երբ հակամարտության մեջ Հայաստանի դիրքի եւ թվերի մասին օգտատերերի հրապարակումներն ընկալվում էին որպես Հայաստանի համար անբարենպաստ ինֆորմացիա:

Բովանդակության հեռացում
2015 թվականի մայիսին YouTube-ից հեռացվել է երգիծվող հաղորդաշարի հաղորդումներից մեկը, որը երգիծում էր ոստիկանության պատասխանը Երեւանի ցույցերին: Ոստիկանությունը YouTube-ին բողոքել էր հեղինակային իրավունքների խախտմամբ տեսանյութ օգտագործելու համար, թեեւ տեսանյութը, հավանաբար, թիրախավորվել էր ոստիկանության պահվածքը ծաղրելու համար: Ոստիկանությունը նաեւ հայց է ներկայացրել դատարան SOS TV հաղորդաշարի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել եւ 2 միլիոն դրամ փոխհատուցել՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորելու եւ ՀՀ ոստիկանության բարի համբավը նսեմացնելու համար:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մտահոգիչ է համարում ինտերնետի ազատության անկումը:

«Թեե մենք մնացել ենք աազատ ինտերնետ ունեցող երկրների ցանկում, սակայն եւս մի փոքր շարժում դեպի մութ կողմը եւ մենք դուրս կմնանք ազատների խմբից»,- ասում է նա:

Փորձագետի խոսքով՝ համացանցում բացասական խնդիրները արտացոլվում են օֆլայնից:

«Իրականում բուն համացանցը մեզանում մնում է ազատ, պարզապես «հին, ավանդական» բացասական երեւույթների ներթափանցնում ն է բացասաբար ազդում դրա գնահատականի վրա: Ոստիկանների եւ օլիգարխների ծառաների կողմից լրագրողների վրա հարձակումը ցանցի հետ կապ չունեցող երեւույթ է, սակայն երբ հարձակումն իրականացվում է նաեւ օնլայն լրատվամիջոցի լրագրողի վրա, այն անդրադառնում է նաեւ ցանցի ազատության վրա»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գտնում է, որ անկման միտումը մտահոգիչ է, քանի որ օնլայն մեդիան, ի տարբերություն հեռարձակող եւ տպագիր մեդիայի, Հայաստանում համարվել է անկախ:

«Սա արդեն վերջնագիծն է ազատ օնլայն մամուլ ունենալու: Եթե մեկ նիշ էլ բարձրանա, ապա մենք կհայտնվենք կիսաազատ երկրների շարքում: Եվ հետաքրքիր է, որ լրատվամիջոցներում ավելի քիչ ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ ազատությունը երկու նիշով իջել է, շեշտադրումը հիմնականում այն է, որ Հայաստանի ինտերնետային լրատվամիջոցներն ազատ են»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Հասանելիության խոչընդոտներ
Freedom House-ը նշում է, որ թեեւ փոքր-ինչ ավելի դանդաղ, սակայն ինտերնետի հասանելիությունը մեծանում է: Ինտերնետի հասանելի է բնակչության 58 տոկոսին. նախորդ տարի այն հասանելի էր միայն 46%-ին:

Ինտերնետ փրովայդերների շուկան համեմատաբար բազմազան է՝ տեղական եւ արտասահմանյան ընկերություններով, թեեւ կապի որակը տարբեր է խոշոր քաղաքաներում եւ քաղաքից դուրս ապրող բաժանորդների համար:

Կառավարության համաձայն՝ ինտերնետի արագությունը ավելի քան 2 անգամ մեծացել է 2015-ին՝ հասնելով 17մբվ-ի՝ 2014 թվականի 8.7 մբվ արագության համեմատ:

2015 թվականի դեկտեմբերին բջջային լայնաշերտ կապի բաժանորդագրությունը հասել է 244,443-ի՝ 13.669-ով ավելանալով 2014-ի համեմատ:

2015-ի դեկտեմբերի դրությամբ 3.5 միլիոն բջջային հեռախոսներից 1.6 միլիոնը միացված է ինտերնետին:Ինտերնետին միացված հեռախոսների օգտագործումը 2.3 %-ով ավելացել է (85,071 բաժանորդով) անցյալ տարվա համեմատ:

«Կառավարությունը սովորաբար չի սահմանափակում ինտերնետի հասանելիությունը, թեեւ 2016 թվականի հուլիսին՝ Երեւանում քաղաքացիական խռովության ընթացքում մեկ դեպք է գրանցել, երբ Facebook-ը հասանելի չի եղել մոտավորապես 40 րոպե»,- նշված է զեկույցում :

Հայաստանցի օգտատերերի համար ինտերնետի ռեսուրսները հասանելի են առանց սահմանափակումների, այդ թվում՝ ձայնային եւ ակնթարթային հաղորդագրությունների ծառայությունները:

Հայաստանցի օգտատերերը ընտրություն կատարելու հնարավորություն ունեն 3 բջջային օպերատորներից եւ տասնյակ ինտերնետ փրովայդերներից, որոնց 46%-ը օտարերկրյա սեփականություն են: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայն՝ Հայաստանում 71 ինտերնետային փրովայդեր կա, որոնցից 4-ը միասին զբաղեցնում են շուկայի 90%-ը: 4 խոշոր ինտերնետ փրովայդերներից միայն մեկն է հայկական: 4 խոշոր փրովայդերներն են Ucom-ը՝ շուկայում 40% մասնաբաժնով, Արմենթելը (Բիլայնը) 36%, ՎիվաՍել ՄՏՍ՝ 15% եւ Ռոստելեկոմ՝ 7%:

Քանի որ հայաստանյան օգտատերերից ոմանք ֆիլտրված թրաֆիք են ստանում ռուսական ինտերնետ փրովայդերներից, եղել են դեպքեր, երբ Ռուսաստանում արգելափակված կայքերը պատահականորեն արգելափակվել են նաեւ հայաստանյան օգտատերերի համար:

Աննա Բարսեղյան
http://www.media.am/Net-Freedom-in-Armenia-2015

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir