Çeçenya ve Dağıstan’dan binlerce Müslüman hacca gidecek

Kərim Əsgəri: Xarici təhlükəni görən İran daxildə basqıları artırıb

ABD başkanlık seçimleri 2020 De

DİNİ DEĞERLERİ KULLANARAK DEVLETE YÖNELİK KALKIŞMALAR

«Ամերիկյան կողմը խնդիրներին մոտենում է իր շահերի տեսանկյունից, սակայն պետք է հաշվի առնվեն նաև ՀՀ շահերը»

Ermenistan 1 Kasım 2018
20

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ՀՀ կատարած այցը տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ հայաստանյան շրջանակներում։ «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշում է, որ Բոլթոնի այցը եզակի էր այն առումով, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան վերջին տասը տարում առաջին անգամ հանդես եկավ նման բաց հայտարարությամբ։ Ըստ մեր զրուցակցի՝ հայ-ամերիկյան հարաբերություններում սա եզակի դեպք է. «Նման թեմաները, որպես կանոն, քննարկվում են փակ հանդիպումների ընթացքում։ Բաց տեքստով, ըստ էության, ամերիկյան կողմը հայտարարեց հայ-ամերիկյան հարաբերությունների այն սահմանները, որոնք իրենք տեսնում են, պաշտոնական Վաշինգտոնը հստակեցրեց Մերձավոր Արևելքում Հայաստանի դերը և ցույց տվեց իր շահերը։ Եվ սա մեզ համար շատ մտահոգիչ է»։

Գևորգ Մելքոնյանը նկատում է, որ ԱՄՆ-ը հստակ ցույց տվեց, որ հայ-իրանական հարաբերությունների մասով Միացյալ Նահանգներն ունի մտահոգություններ և փորձում է միջամտել այս հարաբերությունների ընթացքին, ինչը մեզ համար բացարձակապես ընդունելի չէ. «Հայ-իրանական հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ մենք այսօր ունենք ընդամենը երկու բաց սահման՝ վրացական և իրանական։ Եվ խոսել հայ-իրանական հարաբերությունների մասին, ցույց տալ, որ երկու երկրների սահմանն իրենց մտահոգում է, նշանակում է, որ Վաշինգտոնը փորձում է մեզ ստիպել վերանայելու հայ-իրանական հարաբերությունները, ինչը մեզ համար կատեգորիկ անընդունելի է, քանի որ մեզ համար այդ ճանապարհը ռազմավարական է՝ հաշվի առնելով պատերազմի վտանգը»։
Մեր զրուցակցի խոսքով՝ մտահոգիչ է նաև Արցախի հարցում արհեստական արագացման գործընթացը։ Իսկ արագացումը, ինչպես վերջերս հայտնեց ԱՄՆ-ի նախկին դեսպանը, արտահայտվելու է տարածքների զիջմամբ, ինչը առանց որևէ երաշխիքի, միայն խոսքերի վրա հիմնվելով՝ չի բխում հայկական կողմի շահերից։ Սիրիայի հարցում նույնպես ամերիկացի պաշտոնյան հստակեցրեց, որ սխալ են համարում հայկական հումանիտար խմբի գործուղումը Սիրիա։

Գևորգ Մելքոնյանը շատ կարևոր է համարում Բոլթոնի հայտարարությունների հետ կապված արձագանքները։ Հայաստանյան վերլուծական, մտավորական շրջանակները, ըստ նրա, պետք է ցույց տան, որ հարգում են հայ-ամերիկյան հարաբերությունները, սակայն Արցախի, Իրանի և Սիրիայի հետ կապված տեսակետներն անընդունելի են. «Մենք պետք է հնչեցնենք մեր ազդակները, ինչը, ցավոք, չտեսա ո՛չ պաշտոնական, ո՛չ վերլուծական շրջանակների մակարդակով։ Արցախի հարցում նույնպես արձագանքը թույլ էր։ Արցախի հարցում ապագա ԱԺ ընտրությունները որևէ դերակատարում ունենալ չեն կարող։ Անընդունելի է, երբ ասում են, թե բացարձակ լեգիտիմ իշխանությունը կարող է գնալ զիջումների։ Լեգիտիմ իշխանությունն առավել ևս չպետք է գնա միակողմանի զիջումների։ Եթե նախկինում ՀՀ իշխանությունները փորձում էին մեկնաբանել, թե Արցախի հարցում զիջումների գնալու դեպքում հասարակության մեծ մասի հետ խնդիրներ կունենան, ապա հիմա, կարծում եմ, իշխանությունները կարող են ասել, որ եկել են իշխանության և ժողովրդի վստահության քվեն ունենալով՝ չեն կարող գնալ զիջումների, քանի որ հասարակության հետ կունենան խնդիրներ։ Բոլթոնի հայտարարությունները մտահոգիչ են, ես դրանք չեմ համարում դիվանագիտական ձեռքբերումներ։ Եվ սխալ եմ համարում նաև այն, որ Բոլթոնի այցի շուրջ հնչեցված մտահոգությունները վերագրվում են հակաիշխանական դիրքավորմանը։ Կարևոր է, որ ամերիկյան կողմը մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին, և սա մեզ խաղալու շատ մեծ հնարավորություն է տալիս։ Սակայն մտահոգիչ է, որ ամերիկյան կողմը խնդիրներին մոտենում է բացարձակապես իր շահերից ելնելով։ Պետք է հաշվի առնվեն նաև մեր շահերը առնվազն երկու խնդրում՝ Արցախի և Իրանի, քանի որ երկուսն էլ Հայաստանի Հանրապետության համար ունեն կենսական նշանակություն։ Մենք այս ազդակները պետք է հասցնենք ամերիկյան կողմին։ Եվ ոչ միայն պաշտոնական շրջանակները պետք է հասցնեն, չեմ էլ կասկածում, որ հասցնում են, այլև վերլուծական, մտավորական շրջանակները։ Մենք հարգում ենք ԱՄՆ-ի շահերը, բայց վերջիններս նույնպես պետք է հարգեն մեր շահերը։ Բոլթոնը պատահական մարդ չէ ամերիկյան վարչակազմում, որ միայն իր անձնական տեսակետները հնչեցնի. նրա հնչեցրած տեսակետներն ուղղված են հասարակական կարծիքի հստակեցմանը։ Հիմա ամերիկյան վերլուծական շրջանակները խորությամբ հետազոտում են արձագանքները։ Մյուս կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ ինձ դուր է գալիս ՀՀ սուվերենության հարցն առաջ տանելու խնդիրը։ Վարչապետը արտաքին քաղաքականության մեջ անընդհատ շեշտում է ՀՀ սուվերենության գաղափարը։ Սակայն, մյուս կողմից, ԱԳՆ-ի հետ կապված դժվարանում եմ մեկնաբանություններ անել։ Այս հարցերում գործի մեծ մասը պետք է կատարի արտգործնախարարությունը։ Նման հայտարարություններն ավելի շատ պետք է հնչեն ԱԳՆ-ի կողմից։ Հայաստանը դաշնակիցների, հարևանների հետ բանակցությունների պետք է գնա բաց ճակատով, ինքնավստահ։ Վարչապետի նման հայտարարությունները ողջունելի են, սակայն նման կեցվածքը չպետք է մնա միայն պաշտոնական մակարդակում, դրան զուգահեռ պետք է արտահայտվի նաև հասարակական կարծիքը»,- ասում է Գևորգ Մելքոնյանը։
Մեր զրուցակիցը նաև նկատում է, որ Արցախի հարցն ԱՄՆ-ի առաջնահերթություններում բացարձակապես դրված չէ. «Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը ունի երկու կարևոր խնդիր՝ Սիրիա և Իրան, հետևաբար, Բոլթոնի այցը Հայաստան պայմանավորված է միայն իրանական գործոնով։ Համոզված եղեք, որ եթե իրանական գործոնը չլիներ, մենք սահման չունենայինք Իրանի հետ, Բոլթոնի այցը Հայաստան տեղի չէր ունենա»։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Yorumlar