KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ալեքսանդր Քանանյան: Իշխանափոխությունը հնարավոր է միայն ներքին հեղաշրջման միջոցով

Ալեքսանդր Քանանյան: Իշխանափոխությունը հնարավոր է միայն ներքին հեղաշրջման միջոցով

Kafkassam Editör Kafkassam Editör - - 8 dk okuma süresi
137 0

-Որքա՞ն արդյունավետ կգնահատեք ընդդիմության փողոցային ակցիաները։

-Ինձ համար գոյություն ունի արդյունավետության մեկ ցուցանիշ՝ հայոց պետականակերտման շահը։ Այս տեսանկյունից ներկայիս կառավարության ու նրանց դեմ փողոց ելած պայմանական ընդդիմության միջև ես, ըստ էության, ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Արման Թաթոյանի անձի նկատմամբ չեզոք վերաբերմունքով հանդերձ՝ բողոքի ցույցերն առաջնորդող հայտնի ուժերի նկատմամբ ունեմ բացարձակ մարդկային ու քաղաքական անվստահություն։ Բոլորն էլ Հայաստանի խորհրդային ապօրինի վարչական սահմանները համարում են ՀՀ պետական սահման, բոլորն էլ Արցախը տեսնում են ՀՀ ինքնիշխան հովանուց դուրս, բոլորն էլ հայտնի են պետական ինքնիշխանության նկատմամբ առևտրային մոտեցումներով։ Բոլորն էլ իշխանության մեջ եղած ժամանակ եղել են ապապետական, ապիկար, ձախորդ, կոռումպացված և արտաքնատու։ Փողոցում ներկա ուժերը ոչ հանդգնություն, ոչ գաղափար, ոչ իսկ ցանկություն ու կարողություն ունեն կանգնեցնելու ազգային գահավիժման ընթացքը։ Նրանք սոսկ այն յուրովի և պարտահլու օտարահպատակությամբ սպասարկելու են գալիս։ Պարզապես պայմանական «նախկինների» բախտը բերել է, որ Հայոց պատմության էջերում հենց խեղկատակ Փաշինյան Նիկոլն է հիշվելու որպես ազգային-պետական ամենաքստմնելի դավաճաններից մեկը, քանզի հենց նրան է «վիճակվել» ստորագրելու 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայաստանակործան դավաճանագիրը։ Մեր ազգային անկումը հիրավի անհատակ է, ուստի կլինի այն, ինչ պետք է լինի։ Ի վերջո, մի օր ազգովի և զորեղապես կհառնենք։

-Իշխանության ներկայացուցիչները ողջունում են ոստիկանների բռնի ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ։ Ինչպե՞ս եք գնահատում իշխանության ներկայացուցիչների կողմից նման պահվածքը՝ արդյոք այդպես ոստիկաններին չեն խրախուսում ավելի դաժան պահվածքի։

-2018 համաձախորդ հեղափոխության հեղինակները հասարակությունից բացառիկ համապարփակության «մանդատ» են ստացել՝ նախորդ երկու տասնամյակների ապապետական կառավարման ավերները շտկելու, սահմանադրական օրինականություն հաստատելու, անցումային արդարադատության միջոցով երկիրն օլիգարխազերծելու և ապաքրեականացնելու համար։ Քաղաքացիական պայմանագիրը դրսևորել է անսահման ու աննկարագրելի ապիկարություն և նենգամիտ չկամություն՝ ի կատար ածելու իր իսկ ստանձնած խոստումները։ Հայաստանում պետական կառավարման կարգերը չեն փոխվել․ ոստիկանությունը մնացել է բռնաճնշումների բութ գործիք, որը ծառայելու է նրանց, ում այդ պահին է իշխանությունը։

-Ընդդիմությունը կկարողանա՞ շարունակական ակցիաների միջոցով ջլատել ոստիկանության ուժերն ու ի վերջո ստիպել Փաշինյանին և իր թիմին հեռանալ։

-Չեմ կարող ասել, քանի որ ոչ իսկ կամենում եմ քննել, թե արդյոք այդ հնարավորությունն ունեն։ Այսուհանդերձ՝ կարծում եմ, որ իշխանափոխությունը հնարավոր է միայն ներքին հեղաշրջման միջոցով։ Չեմ կարծում, որ Մոսկվան հատկապես իր ներկայիս վիճակում, շահագրգռված է Փաշինյանի փոփոխությամբ։ Ավելի լավ և հլու հնազանդ՝ ամենախայտառակ իսկ թղթի տակ ստորագրել պատրաստ կամակատարի դժվար է գտնել։ Բայց եթե ՀՀ ուժային կառույցների ներսում Փաշինյանի դեմ դավադրություն հասունանա, ապա մի գուցե և հնարավոր կլինի նրան տապալել։ Այլ հարց է, որ ժողովրդական զանգվածների համար Քոչարյան-Փաշինյան երկընտրանքի դեպքում դարձյալ գերադասելի կդիտվի Նիկոլը։ Չեմ բացառում, որ տեղ-տեղ բախումներ էլ կլինեն։ Ողբերգական վիճակ է, բայց վերոնշյալ դերակատարներից և ոչ ոք կամովին ասպարեզից չի հեռանա։ Անգաղափար քաղաքական դաշտի տարբեր հատվածները կշարունակեն խժռել պետությունը։

-Արդյո՞ք ընդդիմությունը գործում է միասնական, թե այս պահին տեսնում եք որոշակի պառակտվածություն կամ ճամբարների ձևավորում ընդդիմության ճակատում։

-Պայմանական ընդդիմության համար սա թերևս վերջին հնարավորությունն է։ Նրանք կարողացան երկրորդ պլան մղել Քոչարյանին, Սերժին ու մասամբ «կրիմնաշ» Վանեցյանին, առաջադրելով Թաթոյանի կերպարը, որն ինքնին խոհեմ քայլ էր։ Սակայն, միայն ուժային կառույցների որոշիչ մասի վերակողմնորոշումն իշխանափոխությունը կարող է իրատեսական դարձնել։ 2018 թվականի նման հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս չեն գալու․․․

– Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ խոսում են առանց բախումների, ճնշումների միջոցով ստիպել Փաշինյանին գնալ արտահերթ ընտրությունների։ Հավատո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը առանց բախումների կգնա արտահերթ ընտրության ու արդյոք վտանգ չկա՞, որ նորից կընտրվի Փաշինյանը։

-Արտահերթ ընտրությունները հնարավոր են ընդդիմության խորհրդարանական մանդատների վայր դնելու պարագայում։ Մինչ օրս նրանք պատրաստ չէին այդ քայլին։ Չեմ կարող ասել՝ արդյո՞ք այժմ՝ այս վերջին օրերին նրանց այդ դիրքորոշումը փոխվել է։ Բացի դրանից՝ եթե գործը հասնի նոր արտահերթ ընտրությունների, ներկայիս պայմանական ընդդիմությունը պետք է հնարավորինս շատ քողարկի իր քոչարյանական, սերժական ու ՀՅԴ-ական կերպարը, որպեսզի նրանց «ահից» մեր քաղաքականապես սակավագրակետ զանգվածները կրկին Փաշինյանին չընտրեն։ Նախորդ ընտրություններում Քոչարյանն ու ՀՅԴ-ն կամա թե ակամա Նիկոլ Փաշինյանի լավագույն դաշնակիցն էին՝ հակառակ դեպքում նրա «Քաղաքացիական պայմանագիրը» երբեք ձայների մեծամասնություն չէր ստանա։ Իսկ եթե հաջողվի հեղաշրջումը, ապա ընտրությունները կանցնեն ավանդական դարձած եղանակով։ Արդարության համար կհավելեմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հարատևման պարագայում էլ ընտրությունները հետզհետե ավելի ու ավելի ձեռնածելի ու կեղծված կլինեն։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը միևնույն քաղաքական համակարգի, բարոյականի և արատների կատարյալ կրողն է։

-Արտաքին ուժերի աջակցություն տեսնո՞ւմ եք ակցիաներում։ Եթե այո, ապա ո՞ր արտաքին ուժի աջակցությունն եք տեսնում։

-Մոսկվան այժմ չափազանց խառն է, որպեսզի Հայաստանում այս պահին իշխանափոխության նախաձեռնողի դերում հանդես գա։ Եվ ի՞նչ բանի համար։ Նիկոլ Փաշինյանից ու «Քաղաքացիական պայմանագրից» ավելի հնազանդ կամակատարներ կա՞ն։ Ավելի հավանական է, որ տեղի ունեցողը պայմանական ընդդիմության իշխանություն վերցնելու նոր՝ թերևս վերջին ճիգն է՝ սպասվող անխուսափելի համաշխարհային փոփոխություններին ընդառաջ։
Կա մի դաժան բացատրություն ևս։ Պայմանական ընդդիմությանը քաջ հայտնի է, որ ցեղասպանամետ «խաղաղության օրակարգի» շրջանակում Նիկոլ Փաշինյանը ճանաչելու է Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, վերջնականապես հանձնելու է Արցախի մնացորդը, հրաժարվելու է Ցեղասպանության ճանաչման ու հետևանքների վերացման հրամայականներից և երաշխավորելու է ՀՀ պետական լուծարման գործընթացի նոր շրջափուլը։

Իշխանափոխության այս փորձի տապալման պարագայում նրանք կասեն՝ «Ժողովո՜ւրդ հայոց, ուզում էինք քեզ փրկել, բայց մեր ձայնին ականջալուր չեղար, մեղքդ՝ վիզդ»։ Ցինիկությանը՝ ռուսերեն՝ ցինիզմին, մենք վաղուց սովոր ենք։ Ընդամենը պետք է հիշել, որ կապիտուլյացիային անմիջապես հաջորդած առաջին իսկ ցույցերում ներկայիս ընդդիմությունը բազմիցս ու բաց տեքստով ասել է, որ նոյեմբերի 9-֊ի փաստաթուղթն այսուհետ չեղարկման ենթակա չէ։

Հայկա Ալոյան կովկասյանսամ կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոն

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir