Արդեն մի քանի օր է Սյունիքում Ադրբեջանի զինված ուժերը մտել են Հայաստանի ինքնիշխան տարածք, նաև ոտնձգություններ են կատարում Վարդենիսի տարածաշրջանում. նման սադրանքներով ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ալիևը:
Այս և այլ կարևոր հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ:
«Ալիևն այդ սադրանքներով փորձում է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածքների տիրանալ: Ադրբեջանն առիթից օգտվում է, որ երկրում անկայուն իրավիճակ է, փորձում է առանց զոհեր տալու, առանց մեծ ռազմական ուժ օգտագործելու տիրանալ աշխարհագրական կարևոր տարածքների։ Եթե Ադրբեջանը տիրանում է ջրային ակունքներին, ապա կարող է այդ ջրային ակունքներում լուծել բազմաթիվ հարցեր՝ թունավորել, վախեցնել, սպառնալ։ Այս ամենը մենք պետք է հաշվի առնենք, ընդհանրապես մեր ռազմավարության մեջ բացակայում է ջրային անվտանգությունը, որը ճիշտ չէ: Պետք է դրա վրա հատուկ ուշադրություն դարձնել»,- հայտարարեց Արցախի ԱԳ նախարարը:
Դավիթ Բաբայան
Ըստ Բաբայանի՝ հիդրոաշխարհաքաղաքականությունը նրանց կարևոր առանցքային ուղղություններից մեկն է, որտեղ մեծ հաջողություններ են գրանցել:
ԱԳ նախարարի խոսքով՝ այդ սադրանքները ռազմաքաղաքական են և նաև ժողովրդի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար են, որպեսզի անապահովության զգացում տարածի և թուլացնի մեր պետականության իմունային համակարգը:
Ըստ էության, Լավրովի Բաքու այցից հետո տեղի ունեցան նման զարգացումներ: Ռուսաստանի ԱԳ նախարարն այցելության ժամանակ խոսել է սահմանների ճշգրտման ու քարտեզների մասին. արդյո՞ք այցը և այս միջադեպերը պատահականություն են:
Հարցադրմանն ի պատասխան՝ Դավիթ Բաբայանը հայտարարեց.
«Իհարկե պատահականություն չէ, սրանով Ադրբեջանը փորձում է նաև Ռուսաստանին հարվածել: Ադրբեջանն օգտագործում է այդ պահը, որպեսզի խարխլի հայ-ռուսական հարաբերությունները: Ո՞նց կարող է Ռուսաստանը խրախուսի Ադրբեջանի նման քայլերը: Ադրբեջանի նպատակներից մեկն էլ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների խարխլումն է»:
Հայաստանը երեկ պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին. հնարավոր կլինի՞ այդ կազմակերպության անդամների միջնորդությամբ հարթել իրավիճակը՝ հաշվի առնելով, որ կարծիքները հաճախակիանում են, թե ՀԱՊԿ-ից պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ:
Բաբայանը, անդրադառնալով այս հարցադրմանը, արձագանքեց.
«ՀԱՊԿ-ը իհարկե կարևոր կառույց է, կարևոր դերակատարություն կարող է ունենալ: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը առհասարակ կարևոր կլինի: Պատերազմի վտանգը միշտ էլ կա, պարզապես դա կարող է լինել արկածախնդիր գործընթաց ՀԱՊԿ-ի մասնակցությամբ, և Թուրքիան էլ կարող է այնտեղ լինել»,- եզրափակեց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Անահիտ Չալիկյան