KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Փաշինյանը Սարգսյանին հանեց տեղից

Փաշինյանը Սարգսյանին հանեց տեղից

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
343 0

Հուլիսի 12-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցում էր ՆԱՏՕ Վեհաժողովին եւ հանդիպումներ ու ձեռքսեղմումներ ունենում եվրաատլանտյան երկրների առաջնորդների հետ, Հայաստանում ուշագրավ հանդիպում է ունեցել նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ն տարածել է տեղեկատվություն ու լուսանկար, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հանդիպել գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանի ղեկավարի եւ քննարկել կուսակցության հետ գործակցության հարցեր: Հանդիպմանը Սարգսյանը նաեւ հավաստիացրել է, որ ՀՀԿ-ն շարունակելու է աշխույժ գործունեությունը միջազգային հարթակներում, այդ թվում ԵԺԿ-ում:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ հիմնադրամի հետ համատեղ մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը:

«Ազատությունը, արդարությունն ու համերաշխությունը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) աշխատանքի հիմնական սկզբունքներն են», գրված է հիմնադրամի կայքում, «Մեր մասին» բաժնում:

Գործնականում ահա այն ամենը, ինչ ամեն ինչ ասում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի եւ ՀՀԿ գործակցության մասին: Հիմնադրամը գտել է իր հռչակած այդ արժեքներին նվիրված եւ դրանք կրող բացառիկ գործընկեր, որը երկու տասնամյակ հենց այդ արժեքների ու տրամաբանության վրա էր կառուցել Հայաստանի իր ավելի ու ավելի բացարձակացող կառավարումն ու ի վերջո Հայաստանը հասցրել գերբարձր աղքատության, բարձր արտագաղթի, բարոյահոգեբանական ցածր մթնոլորտի:

Իրականում այդ դրվագը ցուցաբերում է Հայաստանում եվրոպական քաղաքականության ամբողջ տրագիկոմիզմը, եւ բավական հստակ ցույց տալիս, թե ինչու Հայաստանում ամենահռչակվածը եղել են հենց եվրոպական արժեքներն ու սկզբունքները, հարյուրավոր միլիոն դոլարներ են ծախսվել այդ ամենի վրա, սակայն գործնականում եղել է եվրասիական հաղթարշավ:

Ընդ որում հատկանշական է, որ նույն հուլիսի 12-ին Բրյուսելից Երեւան ճանապարհին, Եվրամիության մայրաքաղաքի օդանավակայանում Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է այդ խնդիրը, խոսելով Հայաստանում եվրոպական քաղաքականության ճգնաժամի, կամ ընդհանրապես քաղաքականության բացակայության մասին, երբ միլիոնավոր դոլարներով օրինակ ֆինանսավորվել է կոռուպցիայի դեմ պայքարը՝ իբրեւ թե, բայց իրականում ֆինանսավորվել է կոռուպցիոն համակարգը:

Խոսելով այդ մասին, գիտե՞ր Նիկոլ Փաշինյանը, որ գրեթե զուգահեռ Երեւանում տեղի է ունեցել եվրոպական հեղինակավոր հիմնադրամներից մեկի տարածաշրջանային ղեկավարի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ:

Մյուս կողմից, գուցե պարադոքսալ, հակասական հնչի, սակայն ՀՀԿ բարեփոխման հարցում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությունը խորքում կարող է պարունակել Հայաստանում եվրոպական քաղաքականության վերափոխմանը միտված տարր:

ՀՀԿ-ն վերածվել է Հայաստանի ներքաղաքական «խղճի», թեկուզ հակառակ կողմից: ՀՀԿ գոյությունը թավշյա հեղափոխության կենսունակությունն ապահովող, թավշյա հեղափոխությունն այսպես ասած «զրահապատող» կարեւոր գործոններից մեկն է: Խոշոր հաշվով, ՀՀԿ-ն դարձել է այդ հեղափոխության, դրա արդյունքում ձեւավորված նոր իշխանության յուրօրինակ «անվտանգության բարձիկ»:

Այդ տեսանկյունից, արդեն իշխանությունից հեռացած ՀՀԿ «բարեփոխմանն» աջակցությունը կամա թե ակամա գործնական աջակցություն է Հայաստանի նոր իրականությանը, նոր իշխանությանը, թավշյա հեղափոխությանը: Գործնականում, «բարեփոխումը» չի կարող լինել ՀՀԿ «ռեւանշի» բանաձեւ, համենայն դեպս առաջիկա տասնամյակում: «Բարեփոխումը» ՀՀԿ պահպանման, այսպես ասած «զմռսման» բանաձեւն է, եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային տնօրենը Սերժ Սարգսյանի հետ փաստացի քննարկել է հենց այդ հարցերը: ՀՀԿ-ն պետք է պահպանել, որպես հեղափոխության յուրօրինակ «պահապան», պահպանությունը չթողնելով միայն իշխանության արդյունավետության հույսին, քանի որ այդ արդյունավետությունը օբյեկտիվ հանգամանքներից ելնելով ունենալու է մի շարք խնդիրներ:

Հետեւաբար, այդ գործում Եվրոպայի մասնակցությունը, տվյալ դեպքում Կոնրադ Ադենաուերի միջոցով, Հայաստանում խորքային եւ առարկայական քաղաքականության եզակի դրսեւորում է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir