KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. «Ստվերն սկսվում է մաքսային դարպասներից». Ինչու են բողոքում ՓՄՁ-ները

«Ստվերն սկսվում է մաքսային դարպասներից». Ինչու են բողոքում ՓՄՁ-ները

Kafkassam Editör Kafkassam Editör - - 8 dk okuma süresi
398 0

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների բարձրացրած բողոքների վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանի հետ
Պարոն Գրիգորյան, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ են սկսել տոնավաճառների առևտրականները՝ բողոքելով հարկային մարմինների ստուգումներից: Ի՞նչ է տեղի ունենում:
Երբ մենք մոտ 5 օր առաջ մենք հրավիրվեցինք Պետական եկամուտների կոմիտեի տեղակալի մոտ, մեզ տեղյակ պահվեց, որ բոլոր տոնավաճառներում գլոբալ ուսումնասիրություն է իրականացվելու՝ իրավիճակը բացահայտելու համար: Ասել էին, որ ապրիլի 19-ից պետք է սկսեին այդ ուսումնասիրությունները, որոնք պետք է 10 օր տևեին: Հավատացրել էին, որ դա որևէ հետևանք չի ունենալու, ուղղակի ուսումնասիրություններ են, կանխարգելման ու մարդկանց զգուշացման աշխատանքներ են տարվելու, որպեսզի գրանցեն չգրանցած աշխատողներին, ՀԴՄ չխփողներին հորդորեն ՀԴՄ խփել: Ասում էին՝ ուզում են հասկանալ, թե որտեղ կա խնդիր, ինչու առևտրականները չեն ուզում փաստաթղթով աշխատել: Նաև ՊԵԿ-ը հասարակական կազմակերպություններին հրավիրեց մասնակցելու այդ միջոցառումներին, հարկային աշխատակիցների հետ շրջայցի դուրս գալ: Կոնկրետ մեր կազմակերպությունը հրաժարվեց մասնակցել, որովհետև տարիներից եկած թերահավատություն կա մեր մեջ: Մեզ այսպես բացատրվեց՝ խոշորների հետ կապված հարցերը լուծվել են, ով տուգանվելու ենթակա էր, տուգանվել է, հիմա արդեն մանր ու միջին բիզնեսին են անցել: Ասացին՝ պետք է պարզեն, թե ով է իրականում մանր բիզնես, ով խոշոր՝ թաքնված մանրի տակ:
Հիմա մենք սպասում ենք, որ ավարտվի այս ակցիան, տեսնենք, թե ՊԵԿ-ն ինչ եզրակացության եկավ: Դրանից հետո արդեն կքննարկենք ու կտեսնենք, թե ՊԵԿ-ն այս ընթացքում ինչ բացահայտեց իր համար: Մենք վաղուց ենք բարձրաձայնում ու անընդհատ ասում ենք, թե որտեղ է ստվերը, ինչում է խնդիրը: Թող ՊԵԿ-ն իր շրջայցը կատարի ու համոզվի այդ ամենում:
Դուք ի՞նչ եք ասում, որտե՞ղ է ստվերը:
Ստվերն իշխանությունում է, ՊԵԿ-ը քաջատեղյակ է ստվերի մասին, ստվերն այսօր սկսվում է Հայաստանի մաքսային դարպասներից: Մենք ունենք խիստ կոռումպացված համակարգ, ինչի պատճառով մանր բիզնեսը չի կարողանում իր ապրանքը լեգալ ներկրել ու վաճառել, ստիպված է լինում զարտուղի ճանապարհներով ամեն ինչ անել:
Այս օրերին առևտրականներից տուգանքների մասին բողոքներ չկա՞ն, ՊԵԿ-ը պահո՞ւմ է իր խոստումը:
Ես անձամբ դեռ ոչ մի տուգանք չեմ տեսել, անձամբ իմ կազմակերպություններին էլ են մոտեցել, խնդիր չեն առաջացրել, ուղղակի հարցում են արել:
Սա կարո՞ղ է ՓՄՁ-ի վրա ճնշում որակվել:
Միանշանակ հնարավոր չէ դա պնդել, կարծիքները տարբեր են, հենց դրա համար մենք հարժարվեցինք մասնակցել այդ շրջայցերին: Մենք սպասում ենք ավարտին, որ տեսնենք, թե ի՞նչ էր ուզում ՊԵԿ-ն անել այս քայլով: Մյուս կողմից, ինչ-որ տեղ սա կարելի է ճնշում համարել, ինչպե՞ս կարող են մարդիկ չճնշվել՝ իմանալով, որ իրենց դռան դիմաց հարկային տեսուչներն են կանգնած: Իմ կարծիքով՝ ՊԵԿ-ը սրանով ուզում է ցույց տալ, որ սրանից հետո են լինելու ճնշումներ: Այսինքն՝ եթե հիմա զգուշացրեցինք, բայց հետո դուք շարունակեցիք աշխատել նույն ոճով, կունենաք խնդիրներ:
Առևտրականներն ասում են, որ ամեն ապրանքի համար իրենցից թուղթ են ուզում, բայց Շրջանառության հարկի մասին օրենքում ժամանակին կատարված փոփոխություններով այդ պարտադիր թղթաշրջանառությունը հանվել էր: Ինչի՞ մասին է խոսքը, կմանրամասնե՞ք:
Օրենքն այսպես է՝ եթե դու ունես փաստաթուղթ, վճարում ես 1.5 տոկոս շրջանառության հարկ, եթե չունես փասատաթուղթ՝ վճարում ես 5 տոկոս: Ոչ ոք չի կարող քեզ ստիպել, որ օրենքով ունենաս պարտադիր փաստաթուղթ: Անձամբ ինձ հարցրել են՝ ունե՞ս փաստաթուղթ, ասել եմ՝ ոչ, որովհետև ձեր մաքսային դարպասներում տիրում է այդ իրավիճակը: Հարցրեցին՝ բա երբ եք կարգավորելու, ասացի՝ երբ որ դուք կարգավորեք: Ես անձամբ չեմ կարող ասել, որ ՊԵԿ-ը փաստաթղթերի առումով ինչ-որ խնդիր է ստեղծում:
Առևտրականները պահանջում են թեթևացնել իրենց հարկային բեռը: Կմանրամասնե՞ք, թե ինչ բեռի մասին է խոսքը, ի՞նչ պետք է արվի:
ՊԵԿ-ն ուզում է մեզ վստահեցնել, որ ինքն ամբողջությամբ խոշորի դաշտը մաքրել է, բայց դա այդպես չէ: Եթե այսօրվա դրությամբ կան հատուկ պայմաններով աշխատող մոնոպոլ ընկերություններ, իսկ դրանք կան, բոլորս գիտենք, յուրաքանչյուր հարկ մանրի համար արդեն հարկային բեռ է համարվում: Եթե մարդը վճարում է, իսկ կողքինը չի վճարում, դա արդեն մեծ բեռ է՝ լինի 1 տոկոս, թե 0.1: Դրան գումարվում են մաքսային վճարները: Բոլոր խնդիրները գալիս են սահմանին կիրառվող հսկիչ գներից, որոնց մասին միլիոն անգամ խոսել ենք: Դու ապրանքը գնում ես ընդամենը 1 դոլարով, գալիս ես այստեղ ու տեսնում, որ դրա հսկիչ գինը 20 դոլար է, ստիպված արդեն մաքսազերծում ես թանկ գնով, քո վրա նստում է թանկ:
Բայց խոստումներ կային, որ հսկիչ գներ չեն կիրառվում սահմանին:
Ոչ մի կերպ հսկիչ գինը չի վերացվել, նորից շարունակվում է հսկիչ գնով մաքսազերծումը: Որոշ դեպքերում, Եվրոպայից ներկրված շատ հիանալի իրավիճակներում կատարվում է 87 հոդվածով, բայց դա էլ հարցի լուծում չէ: Ըստ օրենքի՝ եթե ձեր ապրանքի ինվոյսային արժեքը 50 տոկոսից ցածր է, քան այստեղ հսկիչ գինը, օրինակ, եթե դուք գնել եք ապրանք, որը 1 դոլար է, բայց այստեղ հսկիչ գինը 20 դոլար է, լավագույն դեպքում 10 դոլարով եք անելու մաքսազերծումը: Այսինքն՝ լուծում չկա, մինչև այդ հսկիչ գինը զրոյական չմաքրվի: Եվ, իհարկե, կան հատուկ պայմաններով աշխատող գործարարներ՝ մոնոպոլիստները, որոնց համար ամեն ինչ լրիվ ուրիշ կերպ է աշխատում: Եվ այս պայմաններում մանր բիզնեսը չի կարող աշխատել օրինական դաշտում դրանց հետ: ՊԵԿ-ն ինչքան ուզում է նման միջոցառումներ ու զգուշացումներ անի, միևնույն է, եթե ցանկացած գործարար ամբողջովին մաքուր աշխատի, նա չի կարողանալու աշխատել, որովհետև այսօր մեզ մոտ կոռուպցիան գալիս է ամենավերին օղակներից, երկրում կան մենաշնորհներ ունեցողներ, որոնց համար մաքսազերծման հատուկ պայմաններ են գործում: Խնդիրները բազմաթիվ են, և երբ մանրը սկսի աշխատել ՊԵԿ-ի հորդորներով, կդադարի ընդհանրապես գոյություն ունենալ ու կփակվի:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir