KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Սերժ Սարգսյանին առաջարկել են հեռանալ. 2018-ի որոշումը

Սերժ Սարգսյանին առաջարկել են հեռանալ. 2018-ի որոշումը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
402 0

2018 թվականի վարչապետի խնդրի, կամ Սերժ Սարգսյանի հետնախագահական կարգավիճակի հարցը շարունակում է լինել ՀՀԿ ներկայացուցիչներին ուղղվող գլխավոր հարցերից մեկը, իսկ դրան ի պատասխան շարունակում են հավաստիացումները, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի առաջնորդ է: Դեկտեմբերի 27-ին այդ մասին դարձյալ հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ տարեվերջյան ամփոփիչ հանդիպմանը:
ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարությունները հանրությունն ընկալում է իբրեւ ազդակ, որ նախապատրաստվում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Սակայն ՀՀԿ արձագանքներում առավել ուշադրության արժանանում են հենց դրանք, մինչդեռ քիչ չեն այլ արձագանքները, մասնավորապես այն մասին, որ չկան անփոխարինելիներ: Օրինակ, այդ մասին հայտարարել է ՀՅԴ-ն, այդ մասին դե ֆակտո հայտարարել է արդարադատության նախարար ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ոչ բոլոր ՀՀԿ-ականներն են հավաստիացնում կամ պնդում, որ Սարգսյանն անփոխարինելի է, առաջնորդ եւ նաեւ վարչապետ:
Ավելին, արժե ուշադրություն դարձնել մի առանձնահատկության: Սարգսյանի անփոխարինելիության եւ առաջնորդության մասին, բացառությամբ Գալուստ Սահակյանի, մեկ էլ բավական բարձր եւ ինտենսիվ հայտարարում են ՀՀԿ երիտասարդ թեւի ներկայացուցիչները: Սերժ Սարգսյանի առաջնորդությունը նրանց համար ունի էական նշանակություն քաղաքական դիրքերի, հեռանկարի առումով:
Կապիտալի իշխանության վրա հիմնված, կապիտալի հետ սերտաճած համակարգում ՀՀԿ երիտասարդ թեւն ունի յուրօրինակ տեղ եւ դեր: Այն բավական առաջ է գալիս համակարգի շարքերում, զբաղեցնում առանցքային պաշտոններ, դիրքեր, գործնականում հանդիսանում է իշխող էլիտայի սերնդափոխության գործընթացում ներգրավված առանցքային շերտ: Սակայն խորքային առումով, ընդհանուր առմամբ այդ շերտի սուբյեկտությունը պայմանավորված է գերազանցապես Սերժ Սարգսյանով:
Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի առաջնորդությունն ու նաեւ վարչապետությունը կենսական նշանակություն ունեն հենց այդ շերտի համար: Այլ է իրավիճակը համակարգում առավել կայացած եւ հաստատուն դիրքեր ունեցողներ համար, որոնք էլ զգալիորեն զուսպ են Սարգսյանի անփոխարինելիության եւ վարչապետության վճռվածության հարցում: Ավելին, բացառված չէ, որ նրանք Սարգսյանի իշխանությունից դե յուրե հեռանալու մեջ տեսնում են իրենց դերն էլ ավելի մեծացնելու շանսը:
Ըստ այդմ, դեմ չլինելով, որպեսզի Սերժ Սարգսյանն իշխանությունը ղեկավարի ՀՀԿ նախագահի կարգավիճակով, նրանք շահագրգռված են, որ նա չմնա վարչապետ եւ այսպես ասած «չստվերի» իրենց ճակատագիրը:

Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում, նաեւ այժմ, կապիտալ-իշխանություն սերտաճման վրա ձեւավորված շերտին արել եւ անում է մի չբարձրաձայնված, բայց տողատակում նշմարվող առաջարկ՝ հեռանում են բոլորը, շարունակելով կազմել իշխող համակարգի ֆինանսական հենքը, քաղաքական «ճակատը» աստիճանաբար փոխանցելով նոր սերնդին:
Նկատելի է, որ կապիտալ-իշխանություն անմիջական դաշինքի վրա հենված շերտը Սարգսյանի այդ առաջարկին համաձայն չէ եւ ունի սերնդափոխության մոդելի իր պատկերացումը՝ հեռանում է միայն Սարգսյանը:
Այդ իմաստով, իշխող ՀՀԿ-ում գործնականում ձեւավորված է ներկուսակցական կամ ներհամակարգային դիմակայության նոր շերտ, եւ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության վերաբերյալ հայտարարությունները փաստացի թելադրվում են ավելի շուտ դիմակայության այդ շերտի առկայությամբ, քան վարչապետության վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշման:
Ավելին, ըստ երեւույթին ՀՀԿ երիտասարդ շերտը չունի իր սպասումների համար դրական որոշման ազդակ, ինչն էլ առաջացնում է տագնապ, որ Սերժ Սարգսյանն իր հեռանալու հարցում կարող է պայմանավորվել կապիտալ-իշխանություն սերտաճման վրա կազմավորված «միջին» տարիքի հետ: Առավել եւս, որ Սարգսյանն ունի իրավիճակի կառավարման ֆինանսական գործիքի խնդիր: Դա միակ անհրաժեշտ գործիքը չէ, սակայն Սարգսյանի գործիքակազմում դրա բացակայությունը էական գործոն է 2018-ի որոշման հարցում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir