KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Լևոն Տեր-Պետրոսյան. Մեծարժեք աշխատություն հայ-մոնղոլական հարաբերությունների մասին

Լևոն Տեր-Պետրոսյան. Մեծարժեք աշխատություն հայ-մոնղոլական հարաբերությունների մասին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 39 dk okuma süresi
524 0

Այսօր Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է։ iLur.am-ի խմբագրակազմը, ջերմորեն շնորհավորելով Նախագահին, այդ առիթով իր ընթերցողին է ներկայացնում նրա գիտական մի աշխատությունը, որ օրեր առաջ լույս է տեսել «Բանբեր Երևանի համալսարանի» հայագիտության շարքի 2016թ. 3-րդ համարում։ Այն ընդարձակ մի գրախոսություն է «ԴԱՇԴՈՆԴՈԳ ԲԱՅԱՐՍԱՅԽԱՆ, Մոնղոլները և հայերը, «Բրիլ» հրատ., Լեյդեն-Բոստոն, 2011 թ., (BAYARSAIKHAN DASHDONDOG. The Mongols and the Armenians, Brill, Leiden-Boston, 2011)» գրքի վերաբերյալ:



1978 թվականին, երբ ես Մատենադարանի գիտքարտուղարն էի, իմ և Մատենադարանի փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանի ընդհանուր աշխատասենյակում հայտնվեցին երկու երիտասարդ ու գեղեցիկ մոնղոլուհիներ՝ Դաշդոնդոգ Բայարսայխանը և Դոնդոգ Բատսուխը։ Պարզվեց, որ նրանք Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողներ են՝ արդի գրական հայերենին, գրաբարին ու հայագիտությանը տիրապետելու և մոնղոլներին վերաբերող հայկական միջնադարյան աղբյուրներն ուսումնասիրելու նպատակով Հայաստան ժամանած։ Մատենադարանի տնօրենությունը նրանց համար ստեղծեց բոլոր պայմանները հաստատության տպագիր և ձեռագիր ֆոնդերից օգտվելու համար։ Սկզբում Չուգասզյանը և ես նրանց հետ հաղորդակցվում էինք ռուսերենով։ Որոշ ժամանակ անց Դաշդոնդոգն ու Դոնդոգն արդեն սահուն հայերեն էին խոսում։

Թե՛ իմ, թե՛ Չուգասզյանի համար մոնղոլ ուսանողուհիների հայտնվելը Հայաստանում մի կողմից անակնկալ էր, մյուս կողմից՝ միանգամայն հասկանալի։

Անակնկալ էր, որովհետև տեղյակ էինք, որ կոմունիստական ռեժիմի օրոք (1924–1990 թթ.) Չինգիզխանի հիմնադրած աշխարհակալ պետության պատմությունն արգելված թեմա էր Մոնղոլիայում, իսկ դրա ուսումնասիրումը՝ վտանգավոր զբաղմունք։ Ազգայնականության դեմ 1930-ական թվականներին Ստալինի և մոնղոլական իշխանությունների սանձազերծած ու չդադարող հալածանքներին զոհ են գնացել տասնյակհազարավոր մտավորականներ, հոգևորականներ, ազնվականության ներկայացուցիչներ, հիմնահատակ ավերվել են համարյա բոլոր բուդդայական տաճարները, կողոպտվել կամ ոչնչացվել նրանցում պահվող գրքերն ու ձեռագրերը, այսինքն խնդիր է դրվել ջնջել ժողովրդի պատմական հիշողությունը, ինչը լուսաբանված է մասնավորապես ամերիկացի անտրոպոլոգ Ջեկ Վեդերֆորդի հրաշալի գրքում[i]։ Այնուամենայնիվ, հալածանքների դաժանագույն պայմաններում անգամ որոշ խիզախ մտավորականներ գաղտնաբար շարունակել են իրենց հետազոտական աշխատանքներն ու նույնիսկ թաքուն հնագիտական պեղումներ կատարել։ Ուստի բնական է ենթադրել, որ մոնղոլ ուսանողուհիների գործուղումը Հայաստան մտավորական այդ շրջանակի նախաձեռնությամբ տեղի ունեցած լինի։ Այս առումով բավականին խորհրդանշական է վերոհիշյալ ամերիկացի հեղինակի՝ մոնղոլ երիտասարդությանն ուղղված հետևյալ մաղթանքը. «Երբեք չմոռանաք մոնղոլ գիտնականներին, ովքեր պատրաստ էին իրենց կյանքը զոհել՝ ձեր պատմությունը պահպանելու համար»[ii]։

Այս ամենի հետ մեկտեղ՝ մոնղոլուհի ուսանողների ուսումնառությունը Հայաստանում, ինչպես արդեն ասվեց, նաև միանգամայն հասկանալի էր մեզ համար՝ նկատի ունենալով մոնղոլներին վերաբերող հայկական աղբյուրների մեծ նշանակությունը Մոնղոլիայի պատմության որոշակի մի ժամանակաշրջանի՝ XIII–XIV դարերի հետազոտության համար, որոնք իրենց առատությամբ ու կարևորությամբ զիջում են, թերևս, միայն չինական և պարսկական աղբյուրներին։ Ուստի զարմանալի կլիներ, եթե սեփական ժողովրդի պատմության ուսումնասիրման հարցում շահախնդիր հետազոտողները չհետաքրքրվեին հայկական աղբյուրներով ու չփորձեին օգտվել դրանց ընձեռած անսպառ տեղեկություններից։ Կոմունիստական ռեժիմի տապալումից հետո (1990 թ.) Մոնղոլիան իսկական ազգային-մշակութային զարթոնք ապրեց, որն իր առանձնահատուկ արտահայտությունը գտավ պատմագիտության, հնագիտության, քանդակագործության, ճարտարապետության բնագավառներում, ինչի վկայությունն են մասնավորապես մոնղոլական միջնադարյան աղբյուրների հրատարակությունները, պատմական հուշարձանների, բուդդայական տաճարների ու վանական հաստատությունների վերականգնումը և այլն։ Հիշատակության արժանի է նաև չինարեն թարգմանությամբ պահպանված մոնղոլական հնագույն պատմական աղբյուրի՝ «Մոնղոլների գաղտնի պատմության»[iii] նկատմամբ ցուցաբերված աննախադեպ հետաքրքրությունը և գրեթե պաշտամունքի հասնող ակնածանքը՝ հավասարազոր համաշխարհային կրոնների հետևորդների կողմից իրենց Սուրբ գրքերի հանդեպ տածած զգացմունքին։

Ինչևէ, մոնղոլ ուսանողուհիները, Երևանի պետական համալսարանը հաջողությամբ ավարտելուց և զուգահեռաբար Մատենադարանում իրենց պրպտումները կատարելուց հետո, վերադարձան Մոնղոլիա։ Այդ պահից ի վեր, երկար ժամանակ, մենք նրանցից որևէ լուր չունեցանք։ Սակայն մի քանի տարի առաջ ես Լեյդեն քաղաքի հեղինակավոր «Բրիլ» հրատարակչության գրքացուցակում հայտնաբերեցի «Մոնղոլները և հայերը» վերնագիրը կրող մի գիրք, որի հեղինակը, ի հաճելի զարմանս ինձ, ոչ այլ ոք, քան մեզ ծանոթ մոնղոլուհիներից մեկը՝ Դաշդոնդոգ Բայարսայխանն էր։ Վերջերս իմ փարիզաբնակ բարեկամ և գործընկեր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Կլոդ Մութաֆյանը սիրահոժար ինձ ուղարկեց այդ գիրքը։ Քանի որ վաղուց էի սպասում դրան, կարդացի մեկ շնչով և, գնահատելով որպես լուրջ ներդրում ինչպես մոնղոլագիտության, այնպես էլ հայագիտության բնագավառում, անհրաժեշտություն զգացի սույն գրախոսությամբ այն ներկայացնել մեր գիտական հասարակության ուշադրությանը՝ իրավունք, որն ինձ տրված է թեև մոնղոլագետ չլինելու, բայց իրերի բերմամբ հայ-մոնղոլական հարաբերությունների թեմային անմիջական առնչակցություն ունենալու հանգամանքով[iv]։

Դաշդոնդոգ Բայարսայխանի մենագրությունը, որը որպես դոկտորական ատենախոսություն նախապես պաշտպանվել է Օքսֆորդի համալսարանում, ինչպես վերնագրից իսկ երևում է, նվիրված է հայ-մոնղոլական հարաբերությունների պատմությանը և ընդգրկում է 1220–1335 թթ. ժամանակաշրջանը։ Գիրքը բաղկացած է առաջաբանից, ութ գլխից, եզրափակումից, գահակալների ժամանակագրական ցանկից, տերմինների բառարանից, մատենագիտությունից, ընդհանուր անվանացանկից և քարտեզներից։ Ավելորդ համարելով ժամանակաշրջանի իրադարձությունների թեկուզ ամփոփ վերարտադրումը, քանի որ համոզված եմ, դրանց քաջածանոթ է հայ ժողովրդի պատմությանը մասնագիտորեն առնչված ցանկացած հետազոտող, հարկ եմ համարում միայն նշել, որ աշխատության մեջ տարբեր աստիճանի հանգամանալիությամբ քննության են ենթարկված հայ-մոնղոլական հարաբերությունների հետ կապված գրեթե բոլոր հարցերը. Այսրկովկասի և Մեծ Հայքի աստիճանական նվաճումը մոնղոլների կողմից, Հուլավյան Իլ-խանության կազմավորումը տարածաշրջանում, նվաճված երկրների վարչական կառուցվածքը և պաշտոնեության կազմը, հպատակ ժողովուրդներին պարտադրված հարկատեսակները, Մեծ Հայքի հայ իշխանների վայելած արտոնություններն ու իրավասությունների շրջանակը, Մոնղոլների գերիշխանության կամովին ճանաչումը Կիլիկիո թագավորության կողմից, հայոց զինական ուժերի կանոնավոր մասնակցությունը Ոսկե Հորդայի, Չաղաթայականների և եգիպտական մամլյուքների դեմ Իլ-խանության մղած պատերազմներին, Կիլիկիո թագավորության և Իլ-խանության հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, վերջիններիս ձեռնարկած համատեղ դիվանագիտական քայլերը և այլն։

Գրախոսվող աշխատության բովանդակության մասին բավարարվելով այսքանով՝ այժմ անցնեմ ավելի հայեցակարգային դիտարկումների։ Այս առումով, առաջին հերթին, հատկանշական պետք է համարել այն ուշագրավ փաստը, որ հայ-մոնղոլական հարաբերությունների պրոբլեմատիկայի սահմանման և հետազոտական մեթոդիկայի հարցում հեղինակը հիմնական ուղեցույց է ունեցել հայ պատմաբանների՝ Հ. Մանանդյանի, Գ. Միքայելյանի և Լ. Բաբայանի աշխատությունները[v]։ Այլ կերպ ասած՝ նրա մենագրությունը լիովին տեղավորվում է պատմագիտական քննության հայկական ավանդույթի շրջանակում, ինչն ամենևին զարմանք չպետք է պատճառի նկատի ունենալով հետազոտողի Երևանում ստացած համալսարանական կրթությունը (1976–1981)։ Այսպիսով, Բայարսայխանի շնորհիվ հայ գիտնականների կարծիքներն ու վերլուծությունները վերջապես անգլերենով հասանելի են դառնում մոնղոլագիտության բնագավառի հետազոտողներին՝ կարևոր մի իրողություն, եթե նկատի ունենանք, որ մանավանդ համաշխարհային մակարդակի պատմաբան Հակոբ Մանանդյանի մեծ վաստակը մինչ այժմ անարդարացիորեն դուրս է մնացել նրանց տեսադաշտից։

Մեթոդաբանության առնչությամբ ընդգծելի է նաև մենագրության աղբյուրագիտական հիմքի լիակատարությունը։ Օգտվելով հանդերձ օտարալեզու, այն է՝ մոնղոլական, չինական, պարսկական, ասորական և արաբական աղբյուրներից, Բայարսայխանն իր ուսումնասիրության հիմնական նյութը քաղել է հայկական աղբյուրներից, որոնց թվում են, բնականաբար, Կիրակոս Գանձակեցու, Վարդան Արևելցու, Մխիթար Այրիվանեցու, Գրիգոր Ակներցու, Ստեփանոս Օրբելյանի, Հեթում Կոռիկոսցու, Սմբատ Սպարապետի «Պատմությունները»[vi], Ստեփանոս եպիսկոպոսի, Անանուն Սեբաստացու, Ներսես Պալիանենցի, Հեթում Կոռիկոսցու (Հեթում արքայի?) մանր ժամանակագրությունները[vii], Լ. Խաչիկյանի և Ա. Մաթևոսյանի հրապարակած հիշատակարանները[viii], ինչպես նաև որոշ վիմագիր արձանագրություններ և այլն։

Հայկական աղբյուրների համադրումը օտարալեզու պատմական հուշարձանների տվյալների հետ հեղինակին հնարավորություն է տվել բազմաթիվ կարևոր ճշգրտումներ կատարելու Այսրկովկասում, Մեծ Հայքում և Ատրպատականում զանազան անվանումներով կիրառված հարկատեսակների բովանդակության մեկնաբանման (մալ, խալան, ղփչուր, թաղար, յամ/յամական, բաժ, նեմերի/նեմարի, սուսուն/շուսուն, թարհ/թարխան, ղեսարա, ախսրթամար, դահիակ, դռնագիր և այլն), տարածաշրջանում կարգված կուսակալների (Չորմաղան, Բայջու), նրանց ենթակա նոյինների կամ զորահրամանատարների ցեղային պատկանելության պարզման, ինչպես նաև այլևայլ պաշտոնյաների (դարուղաչիների, էլչիների, բասղաղների և այլոց) գործառույթների հստակեցման հարցերում։ Ըստ նրա՝ մոնղոլների տիրապետության, այսպես կոչված, կուսակալության շրջանում (1236–1256 թթ.) Այսրկովկասում, Մեծ Հայքում և Ատրպատականում տեղակայված է եղել մոնղոլական բանակի երեք թուման (բյուր)՝ գլխավորված, համապատասխանաբար, երեք բյուրապետի և 30 հազարապետի կողմից, որոնցից հայկական աղբյուրների շնորհիվ հայտնի են բյուրապետ-կուսակալներ Չորմաղան Ղորչին (Chormaghan Qurchi, Öteget ցեղից)[ix], Բաչուն (Baiju, Yisüt/Besüt ցեղից) և հազարապետեր Դուղադա Նոյինը (Itughata Noyan, Jalayir ցեղից), Մոլար Նոյինը (Molar կամ Molghor Noyan, Sunit ցեղից), Չաղատա Նոյինը (Chaghatai Noyan, Arulat ցեղից), Ղարա Բահատուրը (Ghara Baghatur, Baarin/Sukanut ցեղից), Ղատաղա Նոյինը (Ghatagha Noyan, Besüt ցեղից), Ջուղ-Բուղա Նոյինը (Jukh Bugha Noyan, ծագումն անհայտ) և Ասլան Նոյինը (Aslan/Arslan Noyan, ծագումն անհայտ)։ Այս անուններն, ինչպես ասվեց, հայագիտության համար նորություն չեն. նորություն են փակագծերում նշված դրանց մոնղոլերեն տառադարձությունները և մոնղոլ զորավարների ցեղային պատկանելությանը վերաբերող տվյալները։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Բայարսայխանի լուրջ դիտարկումն այն մասին, որ մոնղոլական տիրապետությունը, որքան էլ ծանր, ըստ էության, չի ազդել Մեծ Հայքի բնակչության կենսակերպի վրա[x], քանի որ երկիրը շարունակել է կառավարվել Զաքարյանների շրջանում ձևավորված իշխանական համակարգի միջոցով, որի մաս կազմող նախարարական տները, խանական հրովարտակներով (yarligh, enchü) շնորհված իրավունքով, պահպանել են իրենց ինքնավարությունը՝ ենթակա միայն մոնղոլ որոշ վերակացուների հսկողության։ Դրա ու նաև այն պատճառով, որ, ի տարբերություն թյուրքական ցեղերի զանգվածային տեղաշարժերով ուղեկցված սելջուկ-թուրքմենական արշավանքների, մոնղոլական նվաճումներն իրականացվել են բացառապես սահմանափակ ուժերի միջոցով, փոփոխության չի ենթարկվել նաև Մեծ Հայքի ժողովրդագրական վիճակն ու չի խաթարվել երկրի ազգային միատարրությունը[xi]։ Իրոք, Մեծ Հայքի բնակչության միատարրության խախտումն ու նախարարական տների քայքայումը համընթացորեն տեղի են ունեցել Չոբանյանների, Ջալայիրյանների, Կարա-Կոյունլիների, Աղ-Կոյունլիների, իսկ ավելի ուշ՝ թուրք-պարսկական երկարատև պատերազմների և Ջալալիների ապստամբության շրջանում։

Հետևելով հայագիտության ավանդույթին՝ Բայարսայխանը հստակորեն տարանջատում է մոնղոլական շրջանում Մեծ Հայքի հայկական իշխանություններին և Կիլիկիո Հայոց թագավորությանը վերաբերող հարցերի քննությունը։ Այլ կերպ հնարավոր էլ չէր վարվել, քանի որ Մեծ Հայքն ու Կիլիկիո թագավորությունը միմյանցից տարբերվում էին ոչ միայն աշխարհագրականորեն ու վարչականորեն, այլև մոնղոլական իշխանությունների հետ իրենց ունեցած հարաբերությունների բնույթով ու մակարդակով։ Մեծ Հայքը մոնղոլների կողմից զենքի ուժով նվաճված տարածք էր, որի հայկական իշխանություններն ու ողջ բնակչությունը, հետևաբար, Մոնղոլական կայսրության ուղիղ հպատակներն էին՝ դրանից բխող հայտնի պարտավորություններով։ Մինչդեռ Կիլիկիո թագավորությունը մոնղոլների գերիշխանությունն ընդունել էր կամովին և այդու ազատված էր բուն Հայաստանի իր եղբայրակիցներին բաժին ընկած գրեթե բոլոր պարտավորություններից՝ տարատեսակ հարկերից, պարբերաբար անցկացվող մարդահամարների մասնակցությունից, զինվորագրումից, ռազմարշավների ժամանակ մոնղոլական զորքերի պարենավորման ապահովումից, սուրհանդակների (էլչիների) տեղաշարժը և սննդի կարիքները հոգալուց և այլն։ Այս էական տարբերությունները լիովին ըմբռնված և հանգամանորեն քննված են գրախոսվող աշխատության մեջ։ Դրանով հանդերձ, իմ կարծիքով, Մոնղոլական կայսրության, իսկ 1258-ից հետո Հուլավյան Իլ-խանության կազմում Կիլիկիո թագավորության վայելած յուրահատուկ կարգավիճակի հարցը կարոտ է ավելի հստակեցման՝ յուրահատուկ, քանի որ այն տարբերվում էր ոչ միայն Մեծ Հայքի, այլև մոնղոլներին ենթակա վասալ-պետությունների, մասնավորապես Վրաց թագավորության և Ռումի սուլթանության կարգավիճակներից։

Ի տարբերություն վերջիններիս՝ ա. Կիլիկիան անհամեմատ ավելի ցածր հարկ է վճարել մոնղոլներին, բ. Կիլիկիայում մոնղոլ կուսակալներ չեն նշանակվել, գ. նրա տարածքում մոնղոլական կայազորներ չեն տեղակայվել, դ. ոչ մի մոնղոլ հարկահան Կիլիկիայի հող ոտք չի դրել, ե. մոնղոլների կազմակերպած մարդահամարները Կիլիկիայի վրա չեն տարածվել, զ. կիլիկեցիները մոնղոլական բանակ չեն զորակոչվել, է. մամլյուքյան ճակատից բացի, Կիլիկիան պարտավորված չի եղել մասնակցելու մոնղոլների մղած մյուս պատերազմներին, ը. ավելին, Կիլիկիան մոնղոլների գործուն ռազմական աջակցությունն է վայելել մերձեփրատյան երկրամասի ուղղությամբ սեփական տարածքներն ընդարձակելու գործում[xii]։

Մոնղոլների կողմից այս «երկակի ստանդարտի» կիրառման գլխավոր պատճառը, իհարկե, այն էր, որ Վրաստանը և Ռումի սուլթանությունը մոնղոլների գերիշխանությունը ճանաչել էին կատաղի դիմադրությունից ու ջախջախիչ պարտություն կրելուց հետո, իսկ Կիլիկիո թագավորությունը, ինչպես արդեն ասվեց, մոնղոլներին հնազանդություն էր հայտնել կամովին։ Սակայն, ակներևաբար, առկա էին նաև այլ, մասնավորապես քաղաքական պատճառներ։ Կիլիկիայի բարեկամությունը մոնղոլներին անհրաժեշտ էր մամլյուքների դեմ նրանց ծրագրած նվաճողական ռազմավարության, Իլ-խանության և Արևմուտքի հարաբերություններում Կիլիկիային վերապահված միջնորդական առաքելության, ինչպես նաև մոնղոլական առևտրի համար Այաս նավահանգստի ներկայացրած կարևորության նկատառումներով։

Այդ պատճառով պատահական չէ, որ հետազոտողներից շատերը, այդ թվում նաև Բայարսայխանը, գերակայության-ստորակայության հանգամանքը շեշտելու փոխարեն, Մոնղոլական կայսրության և Կիլիկիո թագավորության հարաբերությունները նախընտրում են բնութագրել «դաշինք» բառով։ Ի դեպ, միջնադարյան աղբյուրները ևս դրանք բնութագրելու համար երբեմն գործածում են «դաշն»[xiii], «դաշն միաբանութեան»[xiv], «ուխտ»[xv] և «ուխտ խաղաղութեան»[xvi] բառերը։ Ամենաճշգրիտ գնահատականը, սակայն, պատկանում է Գրիգոր Ակներցուն, ով այդ հարաբերությունները կոչում է «դաշինք սիրոյ և հնազանդութեան»[xvii], այսինքն՝ ընդգծելով թե՛ բարեկամության, և թե՛ Կիլիկիո թագավորության վասալական կախվածության հանգամանքը։ Ուշագրավ զուգադիպությամբ Ակներցու գնահատականին լիովին համընկնում է գրախոսվող աշխատության հեղինակի բնորոշումը, որի համաձայն՝ մոնղոլները Կիլիկիո Հայոց թագավորությունը դիտում էին «որպես վասալ և դաշնակից պետություն» (էջ 219)։ Մոնղոլական կայսրության կազմում Կիլիկիո թագավորության վայելած յուրահատուկ կարգավիճակի քննությանը հանգամանորեն անդրադարձած լինելով իմ աշխատություններից մեկում[xviii], այստեղ ավելորդ եմ համարում ավելի ծավալվել այդ խնդրի շուրջ։

Իսկ այժմ՝ հայ-մոնղոլական հարաբերությունների երեք չափազանց հետաքրքրական դրվագների մասին, որոնք արժեր, որ տեղ գտած լինեին Բայարսայխանի աշխատության մեջ։

Կիրակոս Գանձակեցու վկայությամբ՝ Կիլիկիո Հեթում Ա թագավորը մոնղոլների հետ դաշինքը 1243 թվականին կնքել էր Խաչենի իշխան Հասան-Ջալալ Դոլայի միջնորդությամբ։ Վերջինս, Մեծ Հայքի մի քանի այլ իշխանների՝ Ավագի, Շահնշահի, Վահրամի, Աղբուղայի և Գրիգոր Դոփյանի հետ, մասնակցել էր մոնղոլների 1242–1243 թթ. իկոնիական արշավանքին[xix] և, ըստ երևույթին, այդ ընթացքում էլ գտնվելով Կիլիկիայի սահմանների մոտակայքում, կապի մեջ էր մտել Հեթումի հետ ու գլուխ բերել նրա ուղարկած դեսպանների և Մոնղոլական Մեծ խանության հարավարևմտյան նահանգների՝ Վրաստանի, Մեծ Հայքի և Ատրպատականի կուսակալ Բայջու Նոյինի հանդիպումը։ Ահա թե այդ մասին կոնկրետ ինչ է գրում Գանձակեցին. «Հեթում արքայ, որ աշխարհին Կիլիկեցւոց եւ այնոցիկ նահանգաց իշխէր, յորժամ ետես, եթէ պարտեցաւ սուլտանն[xx] առաջի նոցա[xxi], առաքեաց առ նոսա դեսպանս եւ պատարագս արժանաւորս` դնել նոցա ընդ նմա ուխտ խաղաղութեան, եւ նմա կալ նոցա ի հնազանդութեան։ Որք եկեալ ի Մեծ դուռն[xxii], յանդիման եղեն Բաչու-նուինին եւ Ելթինայ խաթունին, կնոջ Չարմաղանին եւ այլ մեծամեծ աւագանւոյն՝ միջնորդութեամբ իշխանին Ջալալին»[xxiii]։ Հույժ կարևորություն ներկայացնող այս տեղեկությունը, մի կողմից, հավելյալ ապացույց է մոնղոլների մոտ Հասան-Ջալալի վայելած հսկայական հեղինակության, մյուս կողմից՝ Կիլիկիո թագավորության և Մեծ Հայքի հայկական իշխանությունների սերտ համագործակցության մասին՝ համագործակցություն, որը հետագայում ավելի նշանակալի պիտի դառնար մանավանդ Լևոն Գ(Բ) թագավորի օրոք[xxiv]։

Հաջորդ ուշագրավ դրվագի մասին մանրամասն տեղեկություն է հաղորդում Հեթում Կոռիկոսցի պատմիչն իր «Արևելքի պատմության ծաղկաքաղ» կամ «Պատմութիւն Թաթարաց» խորագիրը կրող գրքում։ Ըստ այդ տեղեկության՝ 1277 թվականին՝ Ռումի սուլթանությունում եգիպտական մամլյուքների կողմից հրահրված ապստամբությունը դաժանորեն ճնշելուց հետո, Աբաղա իլ-խանը Լևոն Գ(Բ) թագավորին առաջարկում է ստանձնել սելջուկյան պետության կառավարումը, ինչն ըստ էության, նշանակում էր այն կցել Կիլիկիո թագավորությանը. «Երբ Աբաղան վերագրավեց բոլոր ապստամբ վայրերն ու Թուրքիայում ամեն ինչ կարգավորեց իր ուզածի պես, նա իր մոտ հրավիրեց Հայոց թագավորին և նրան առաջարկեց տնօրինել ու պահպանել Թուրքիայի թագավորությունը, քանի որ Հայաստանի թագավորն ու նրա նախնիները միշտ էլ հավատարիմ էին եղել Թաթարների հանդեպ»[xxv]։ Թեև հայտնի է, որ Հեթում պատմիչը, Արևմուտքի վրա տպավորություն գործելու նպատակով, հակված է չափազանցելու հայ-մոնղոլական հարաբերությունների իրական դրությունը և ընդգծելու մոնղոլների համար Կիլիկիո թագավորության ներկայացրած արտակարգ կարևորությունը, սակայն այս դեպքում, թվում է, հիմքեր չկան կասկածելու նրա վկայության արժանահավատությանը։ Իլ-խանությունը, հարատև պատերազմների մեջ գտնվելով Ոսկե Հորդայի, եգիպտական մամլյուքների և միջինասիական Չաղաթայականների դեմ, իրոք, շահագրգռված կարող էր լինել ազատվելու Ռումի սուլթանությունը կառավարելու ծանր հոգսից՝ այն փոխանցելով մի այնպիսի հավատարիմ դաշնակցի, ինչպիսին Հայոց թագավորն էր։ Սակայն եթե սելջուկյան սուլթանության կառավարումը ծանր բեռ էր Մոնղոլական խանության համար, ապա առավել ծանր բեռ պիտի լիներ Կիլիկիայի համար, որն առանց այդ էլ շարունակ ենթարկվում էր եգիպտական մամլյուքների ավերիչ ասպատակություններին, որոնցից վերջինը տեղի էր ունեցել նկարագրված իրադարձություններից երկու տարի առաջ։ Ուստի Լևոնը, ճիշտ գնահատելով իր երկրի հնարավորությունները, հրաժարվում է ընդունել Աբաղայի առաջարկը, միայն թե իր կողմից նրան խորհուրդ տալով՝ Ռումի սուլթանությունում այլևս մահմեդական կառավարիչ չնշանակել. «Հայոց թագավորը,– շարունակում է Հեթում պատմիչը,– խելամտություն ցուցաբերելով, շնորհակալություն հայտնեց Աբաղային այդպիսի մեծ նվիրատվության համար, բայց նաև հայտարարեց, որ ինքն ի վիճակի չէ երկու թագավորություն կառավարելու, քանի որ Եգիպտոսի սուլթանը ջանում է նեղը գցել Հայաստանի թագավորությանը։ Հայոց թագավորն Աբաղային խորհուրդ տվեց Թուրքիայի թագավորության տնօրինումը չհանձնարարել որևէ մահմեդականի։ Խորհուրդը դուր եկավ Աբաղային, և նա որևէ մահմեդականի Թուրքիայում իշխանություն չտվեց»[xxvi]։ Լևոնի խորհրդով, թե ոչ, հայտնի է, որ 1277 թվականին Աբաղա խանը Ռումի սուլթանությունում իսկապես ուղղակի մոնղոլական կառավարում հաստատեց[xxvii]։

Երրորդ հետաքրքրական դրվագը, որի մասին հարուստ նյութ է մատակարարում ամերիկյան մոնղոլագետ Թոմաս Օլսենի «Մշակույթը և նվաճումը Մոնղոլական Եվրասիայում» հիմնարար ուսումնասիրությունը[xxviii], վերաբերում է արդեն ոչ թե հայ-մոնղոլական քաղաքական, այլ մշակութային փոխառնչություններին։ Օգտվելով գլխավորապես չինական և մասամբ հայկական ու ասորական աղբյուրներից` Օլսենը պարզել է, որ 1230-ական թվականների վերջին կամ 1240-ականների սկզբին Հռոմկլայից Մոնղոլիա է մեկնել Սիմեոն անունով մի ասորի բժիշկ, ծառայության մտել Օգեդեյ խանի (1229–1241 թթ.) արքունիքում, արժանացել մեծամեծ պատիվների, այդ թվում՝ Ռաբբան Աթա (ուսուցչապետ) տիտղոսին՝ կազմված ասորական «Ռաբբան» (ուսուցիչ, վարդապետ) և թյուրքական «Աթա» (հայր) բառերից։ Օգեդեյի մահից հետո նա վերադարձել է Մերձավոր Արևելք, տարիներ անց որպես բժիշկ ծառայել Հուլավու խանի ու նրա հաջորդների արքունիքում, կատարել շռայլ բարեգործություններ, կառուցել եկեղեցիներ, Թավրիզում, Մարաղայում և Նախիջևանում մոնղոլների հալածանքներից փրկել բազմաթիվ քրիստոնյաների, զբաղվել նաև առևտրով ու իր բարձր դիրքի շնորհիվ կուտակել մեծամեծ հարստություններ և, ի վերջո, անհայտ պատճառներով, զոհ գնացել 1290 թ. քաղաքական զտումներին[xxix]։ Ռաբբան Աթան այնպիսի հռչակավոր դեմք է եղել Հուլավյան Իլ-խանության սահմաններում, որ Կիրակոս Գանձակեցին իր «Պատմության» մեջ մի ամբողջ ենթագլուխ է նվիրել նրան[xxx]։

Թոմաս Օլսենի օգտագործած չինական աղբյուրներից մեկի վկայությամբ՝ Սիմեոն Ռաբբան Աթան որոշակի դեր է խաղացել նաև Իսա անունով մի այլ ասորի բժշկի Մոնղոլիա տեղափոխվելու գործում[xxxi]։ Վերջինս, ըստ երևույթին, մաս կազմելով Սմբատ Սպարապետի պատվիրակությանը, Կիլիկիայից Կարակորում է մեկնել 1247 թվականին։ Գույուկ խանը (1246–1249 թթ.), գնահատելով Իսայի բժշկագիտական, աստղագիտական, լեզվագիտական և թարգմանչական հմտությունները, նրան ծառայության է վերցրել իր արքունիքում։ Գույուկի մահից հետո ասորի բժիշկը պաշտոն է ստացել Կուբիլայի արքունիքում, իսկ երբ վերջինս ընտրվել է Մոնղոլական կայսրության Մեծ խան (1260–1294 թթ.) և տեղափոխվել Չինաստան, Իսան մեկնել է նրա հետ ու վերջնականապես հաստատվել կայսրության մայրաքաղաքում։ Իսան մեծ համբավ է ձեռք բերել Չինաստանում, հիմնադրել ու ղեկավարել Արքունի բժշկական ակադեմիան, ինչպես նաև երկար ժամանակ զբաղեցրել Արքունի գրադարանի տնօրենի պաշտոնը։ Իսկ նրա մահից հետո (1308թ.) այդ կարևոր հիմնարկությունների գործերը տնօրինել են իր նույնքան հռչակավոր որդիները։ Իսայի վաստակն այնքան բարձր է գնահատվել, որ նա նույնիսկ արժանացել է չինարենով գրված վարք ունենալու պատվին, որից էլ հայթայթված են նրա կենսագրությանը վերաբերող նշված մանրամասները[xxxii]։

Կարող է հարց առաջանալ, թե ինչ կապ ունեն ասորի այս անձնավորությունները հայ-մոնղոլական հարաբերությունների հետ։ Պարզվում է, որ ոչ միայն ունեն, այլև իրենց գործունեության սկզբնական շրջանում նրանք զգալի դեր են խաղացել Կիլիկիո թագավորության և Հռոմկլայի Հայոց կաթողիկոսարանի մշակութային կյանքում[xxxiii]։ Սիմեոնը (հայկական աղբյուրներում՝ Շմոն) 1246 թվականին Վարդան Արևելցի պատմիչի աշխատակցությամբ ասորերենից հայերեն է թարգմանել VI դարի ասորի բանաստեղծ-ներբողագիր Հակոբ Սրճեցու «Ներբողեան ի Սուրբ Առաքեալն Թադեոս եւ ի յԱբգար արքայ Հայոց եւ Ասորւոց» և «Վասն առաջին խորհրդոյն եւ ի վերայ նահապետացն եւ մարգարէիցն» ճառերը։ Ինչ վերաբերում է Իսային (հայկական աղբյուրներում՝ Իշոխ), ապա եդեսացի այդ բժիշկը, Բարհեբրեոսի վկայությամբ, 1240-ական թվականների կեսերին Մելիտենեից տեղափոխվել է Կիլիկիա, ծառայության մտել Հեթում թագավորի մոտ և Սիս քաղաքում Սուրբ Մար-Բարսումային նվիրված մի հոյակապ ասորական եկեղեցի կառուցել։ Բացառված չէ, որ նա Կիլիկիա է հրավիրվել՝ Զապել թագուհու 1241 թվականին հիմնադրած հիվանդանոցում աշխատելու համար։ Կիլիկիայում գտնվելու տարիներին Իշոխը, հավանաբար որևէ հայ խմբագրի աշխատակցությամբ, հայերենով կազմել է աստղագիտության, տիեզերագիտության և կլիմայագիտության հարցերին նվիրված «Գիրք ի վերայ բնութեան հանրական եւ մասնական» աշխատությունը[xxxiv], որը, ընդհանրություններ գտնելու նպատակով, հետաքրքիր կլիներ համեմատել չինարենով գրված նրա գործերի հետ, եթե, իհարկե, այդպիսիք պահպանվել են։ Հայագիտությանը ծանոթ է նաև Հռոմկլայում գրական գործունեություն ծավալած Իշոխ անունով մի ուրիշ ասորի բժիշկ-քահանա, որը 1248 թվականին, Վարդան Արևելցու աշխատակցությամբ, ասորերենից հայերեն է թարգմանել Միքայել Ասորու նշանավոր «Ժամանակագրությունը» և վերջինիս գրչին պատկանող երկու այլ գրվածքներ[xxxv]։ Այս բեղմնավոր թարգմանիչը, որը հետազոտողների, այդ թվում, իմ կողմից մինչ այժմ թյուրիմացաբար շփոթվել է նախորդ Իշոխի հետ[xxxvi], իրականում եղել է վերը ներկայացված Շմոնի (Սիմեոն Ռաբբան Աթայի) հայրը[xxxvii]։ Շփոթության պատճառն այն է, որ հայագիտությանը հայտնի չի եղել ուռհայեցի Իշոխի՝ 1247 թվականին Կիլիկիայից Մոնղոլիա մեկնելու և վերջնականապես Չինաստանում հաստատված լինելու փաստը[xxxviii]։ Ինչևիցե, ուրախ եմ, որ այս գրախոսության առիթով հնարավորություն ունեցա հայ-մոնղոլական մշակութային հարաբերությունների՝ Թոմաս Օլսենի բացահայտած հետաքրքիր դրվագը ներկայացնելու հայագետների ուշադրությանը[xxxix]։

Մի փոքր շեղվելուց հետո վերադառնալով Դաշդոնդոգ Բայարսայխանի մենագրությանը՝ հարկ եմ համարում գոհունակությամբ արձանագրել, որ մենք գործ ունենք մեծարժեք մի ուսումնասիրության հետ, որը հայ-մոնղոլական հարաբերությունների պատմության՝ Հ. Մանանդյանի, Գ. Միքայելյանի և Լ. Բաբայանի մշակած տեսությունը բարձրացրել է արդի պատմագիտության պահանջներին համապատասխանող մակարդակի։ Հեղինակը գիտական շրջանառության մեջ է դրել վերջիններիս ավելի քան 60 տարիների վաղեմության աշխատություններից հետո հայագիտության և մոնղոլագիտության ձեռք բերած գիտելիքներն ու նորահայտ աղբյուրների տվյալները, ինչը նրան հայ-մոնղոլական հարաբերությունների պատմության նորանոր ծալքեր բացահայտելու հնարավորություն է ընծայել։ Ներկայումս նա աշխարհի միակ մոնղոլագետն է[xl], որը կատարելապես տիրապետում է ոչ միայն արդի գրական հայերենին ու գրաբարին, այլև մոնղոլների վերաբերյալ հայկական աղբյուրների պարունակած ողջ նյութին։ Ուստի պատշաճությունը պահանջում է անկեղծորեն շնորհավորել Երևանի պետական համալսարանին և մասամբ նաև Մաշտոցի անվան Մատենադարանին, ի դեմս Բայարսայխանի, այսպիսի փայլուն մասնագետ պատրաստելու համար։

[i] Տե՛ս Jack Weatherford, Chinghis Khan and the Making of the Modern World, Broadway Books,New York, 2003. տե՛ս նաև՝ Wikipedia, «History ofMongolia» և «Stalinist repressions inMongolia» հոդվածները։

[ii] Նույն տեղում, էջ V։

[iii] Histoire secrète des Mongols. Chronique mongole du XIIIe siècle, traduit du mongol, présenté et annoté par Marie Dominique Even et Rodica Pop, préface de Roberte N. Hamayon, Gallimard, 1994; The Secret History of the Mongols. The Life and Times of Chinggis Khan, translated, annotated and with an Introduction by Urgunge Onon, Curzon, 2001. Մոնղոլերեն և անգլերեն այլ հրատարակություններ տե՛ս Bayarsaikhan, The Mongols, p. 237։

[iv] Տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները և հայերը, հ. Բ, Եր., 2007, էջ 18–21, 301–315, նույնի՝ Վերադարձ, Եր., 2009, էջ 117–123։

[v] Տե՛ս Հ. Մանանդյան, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, Երկեր, հ. Գ, Եր., 1977, էջ 189–336, Микаелян Г., История Киликийского армянского государства, Ер., 1952, էջ 291–349, 402–439, Լ Բաբայան, Հայաստանի սոցիալ-տնտեսական պատմությունը XIII–XIV դարերում, Եր., 1964, նույնի՝ Հայաստանը մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակաշրջանում, «Հայ ժողովրդի պատմություն», հ. III, Եր., 1976, էջ 595–668։ Բայարսայխանի ուշադրությունից ցավալիորեն վրիպել են Գ. Հովսեփյանի «Խաղբակեանք կամ Պռոշեանք Հայոց պատմութեան մէջ», Բ հրատ., Անթիլիաս-Լիբանան, 1969, աշխատությունը և իմ «Խաչակիրները և հայերը» գրքի երկրորդ հատորը։

[vi] Տե՛ս Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ Կ. Ա. Մելիք-Օհանջանյանի, Եր., 1961, «Հաւաքումն պատմութեան Վարդանայ Վարդապետի լուսաբանեալ», աշխատասիրութեամբ Հ. Ղևոնդ Ալիշանի, Վենետիկ, 1862, «Մխիթարայ Այրիվանեցւոյ պատմութիւն Հայոց» ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1860; Գրիգոր վրդ. Ակներցի, Պատմութիւն Թաթարաց, աշխ. Ն. Պողարեանի, Բ. տպ., Երուսաղեմ, 1974, Ստեփանոս Օրբէլեան, Պատմութիւն նահանգին Սիսական, ի լոյս ընծայեաց Կ. Շահնազարեանց, հտ. 1-2, Փարիզ, 1859, «Հեթում Պատմիչ Թաթարաց», յեղեալ ի լատին օրինակէ ի հայ բարբառ ի ձեռն Հ. Մկրտիչ աթոռակալ վարդապետի Աւգերեան, Վենետիկ, 1842, Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, աշխատասիրութեամբ Կարապետ վարդապետ Շահնազարյանցի, Փարիզ, 1859։

[vii] Տե՛ս Վ. Հակոբյան, Մանր ժամանակագրություններ (XIII–XVIII դդ.), հ. 1, Եր., 1951, էջ 32–64, 65–101, հ. 2, Եր., 1956, էջ 94–105։

[viii] Տե՛ս Լ. Խաչիկյան, ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Եր, 1950, Ա. Մաթևոսյան, ԺԳ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ Եր., 1984։ Տե՛ս նաև՝ Галстян А., Армянские источники о Монголах, извлеченные из рукописей XIII–XIV вв., М., 1962։

[ix] Ղորչի/Qurchi բառը նշանակում է «կապարճակիր»։

[x] Տե՛ս Bayarsaikhan, նշվ. աշխ, էջ 219։

[xi] Տե՛ս նույն տեղը, էջ 223։

[xii] Վրաստանի վերաբերյալ տվյալները ճշտելու հարցում շնորհակալությամբ օգտվել եմ վրացագետ, պատմական գիտությունների դոկտոր Հայրապետ Մարգարյանի խորհրդատվությունից։

[xiii] Տե՛ս Յովհաննէս Դարդել, Ժամանակագրութիւն Հայոց, թարգմ. Խորէն արքեպիսկոպոս Նար-Պէյ, խմբ. Նորայր Բիւզանտացի, առաջաբան Կ. Եզեանցի, Ս. Պետերբուրգ, 1891, էջ 17։

[xiv] Տե՛ս նույն տեղը, էջ 18։

[xv] Տե՛ս Ա. Մաթևոսյան, նշվ. աշխ., էջ 587։

[xvi] Տե՛ս Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն, էջ 285։

[xvii] Տե՛ս Գրիգոր Ակներցի, Պատմութիւն, էջ 31։

[xviii] Տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները և հայերը, հ. 2, էջ 301–315։

[xix] Տե՛ս Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն, էջ 284, Ա. Մաթևոսյան, նշվ. աշխ., էջ 228–229։

[xx] Նկատի ունի Ռումի սուլթանին։

[xxi] Խոսքը վերաբերում է մոնղոլներին։

[xxii] Այսինքն՝ մոնղոլական արքունիք։

[xxiii] Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն, էջ 284–285։

[xxiv] Մանրամասն տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները և հայերը, հ. 2, էջ 292, 325–332։

[xxv] Hayton, La Fleur des histoires de la Terre d’Orient, «Croisades et Pélerinages, recits, chroniques et voyages en Terre Sainte (XIIe–XVIe siècle)», édition établie sous la direction de Danielle Régnier-Bohler, Paris, 2002, p. 843. Տե՛ս նաև՝ «Հեթում Պատմիչ Թաթարաց», էջ 54։

[xxvi] Նույն տեղում։

[xxvii] Տե՛ս C.E. Bosworth, Saldjūkids, «The Encyclopaedia of Islam», New Edition, v. VIII, Leiden, 1995, էջ 949, Claude Cahen, Pre-Ottoman Turkey: A general survey of the material and spiritual culture and history c. 1071–1330, London, 1968, էջ 293, Claude Cahen, The Mongols and the Near East, «Kennet M. Setton (ed.), A History of the Crusades», Madison-Milwaukee-London, v. II, 1969, էջ 728։

[xxviii] Տե՛ս Thomas T. Allsen, Culture and Conquest in Mongol Eurasia,CambridgeUniversity Press, 2004։

[xxix] Նույն տեղում, էջ 148–149։

[xxx] Տե՛ս Կիրակոս Գաևձակեցի, Պատմութիւն, էջ 276–278, տե՛ս նաև՝ էջ 290։

[xxxi] Տե՛ս Allsen, Culture, էջ 149։

[xxxii] Տե՛ս նույն տեղը, էջ 149–150։ Տե՛ս նաև՝ Thomas Allsen, Mongols as vectors for cultural transmission, «TheCambridge History of InnerAsia. The Chinggisid Age»,CambridgeUniversity Press, 2015, էջ 139։

[xxxiii] Մանրամասն տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Ասորիների դերը Հայկական Կիլիկիոյ մշակութային կեանքում ԺԲ–ԺԳ դարերում, Վենետիկ–Ս. Ղազար, 1989, էջ 18–19, 22–23,34–37։

[xxxiv] Տե՛ս Իշոխ, Գիրք ի վերայ բնութեան, քննական բնագիրը, թարգմանությունը գրաբարից ռուսերեն և առաջաբանը Ստելլա Վարդանյանի, Եր., 1979։

[xxxv] Տե՛ս Լ. Տեր-Պետրոսյան, Ասորիների դերը…, էջ 35–37։

[xxxvi] Տե՛ս նույն տեղը, էջ 23։

[xxxvii] Տե՛ս Bar-Hebraeus, Chronographie, English trans. by Ernest A. Wallis Budge, v. I, first published London 1932, reprinted Amsterdam 1976, էջ 437, Gregorii Barhebraei Chronicon Syriacum, ed. P. Bedjan, Paris, 1890, էջ 512։

[xxxviii] Իշոխը Չինաստանից բացակայել է միայն 1280–1287 թթ. ընթացքում, երբ նշանավոր մոնղոլ պետական գործիչ, լեզվագետ ու պատմաբան Բոլադի գործակցի հանգամանքով աշխատել է Հուլավյանների արքունիքում (տե՛ս Allsen, Culture…, էջ 150)։

[xxxix] Ընթերցողի հետաքրքրասիրությունը բավարարելու համար նշեմ նաև, որ վերջինիս գիրքը կարդալուց հետո՝ 2005թ. հունվարի 5-ին, ես մի հիացական նամակ գրեցի նրան՝ միաժամանակ առաջարկելով որոշ ճշտումներ կատարել սույն դրվագում շոշափված և ասորական, հայկական, մոնղոլական ու չինական մշակույթներում մեծ դեր խաղացած անձնավորությունների ինքնությանը վերաբերող մանրամասներում։ Փետրվարի 2-ի պատասխան նամակում Օլսենը շնորհակալությամբ հավաստիացրեց, որ այդ առաջարկներն անպայման հաշվի կառնվեն իր գրքի վերահրատարակություններում (նամակների պատճենները պահվում են «ՀՀ Առաջին նախագահի արխիվում». թղթ. 02/25.01.2005 և թղթ. 03/02.02.2005)։

[xl] Տեղյակ չեմ՝ նրա հայրենակից համալսարանական դասընկերուհին՝ Դոնդոգ Բատսուխը, մոնղոլագիտությամբ զբաղվո՞ւմ է արդյոք, թե՞ ոչ։
************************************************
http://www.ilur.am/news/view/57069.html

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir