KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ես բոլորին կոչ եմ անում վստահել միայն Հայաստանի պետությանը

Ես բոլորին կոչ եմ անում վստահել միայն Հայաստանի պետությանը

Hasan Oktay Hasan Oktay - - 8 dk okuma süresi
765 0

Ես բոլորին կոչ եմ անում վստահել միայն Հայաստանի պետությանը
zurabyan
Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Պարոն Զուրաբյան, խորհրդարանը վավերացրեց ՀՀ ու ՌԴ միջև միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիրը, դեմ քվեարկեց ընդամենը 8 պատգամավոր: Ինչո՞ւ է այնպես ստացվում, որ խորհրդարանի ուժերի մեծամասնությունը, այդ թվում՝ ձեր խմբակցությունը, շատ արագ կողմ են քվեարկում հայ-ռուսական տարբեր համաձայնագրերի ու շատապում հիմնավորել դրանց կարևորությունը:
Դուք սխալվում եք, մենք, օրինակ, գազային պայմանագրերին դեմ ենք քվեարկել: Մենք իրականում ոչ մի նման մոտեցում չունենք, որ ինչ վերաբերում է Ռուսաստանին, կողմ քվեարկենք: Հակառակը, մենք շատ մանրազնին նայում ենք բոլոր պայմանագրերը, որտեղ որ պրոբլեմ ենք տեսնում` դեմ ենք քվեարկում, և դրա մասին բարձրաձայնում ենք, և ակցիաներ ենք կազմակերպում: Դուք երևի մոռացել եք, որ 2013 թվականին մենք բարձրաձայնեցինք չարաշահումները՝ կապված Գազպրոմի գործարքների հետ: Մենք կազմակերպեցինք դրա դեմ ակցիաներ, մենք բարձրացրեցինք հարցը: Ես իմ արտահայտությունը հիշում եմ, ֆրակցիայի անունից խոսում էի, ասացի՝ մենք չպետք է թույլ տանք, որ Գազպրոմը դառնա պետություն պետության մեջ, այսինքն՝ Հայաստանում նա ունենա մեր պետությունից ավելի բարձր իրավունքներ: Մեր մոտեցումը հետևյալն է՝ ինչը ծառայում է Հայաստանի պետական շահերին, մենք ընդունում ենք, համաձայնվում ենք, ինչը չի ծառայում, դրա դեմ պայքարում ենք:
Դուք կողմ էիք քվեարկել նաև ԵՏՄ-ին միանալու համաձայնագրին, ԵՏՄ-ն ծառայո՞ւմ է Հայաստանի շահերին: Մենք տեսնում ենք, որ այդ կառույցում գտնվելով՝ Հայաստանը ճահիճն է սուզվում:
Եկեք տարբերակենք տարբեր բաներ, այն տնտեսական անկումը, որ կա, կլիներ անկախ նրանից՝ մենք ԵՏՄ մտանք, թե չմտանք: Մեր տնտեսությունը կապված էր Ռուսաստանի հետ, Ռուսաստանի տնտեսության անկումը բերեց էդ էֆեկտին, որ նաև Հայաստանի համար ծանր ժամանակներ եղան, մեր արտահանողները տուժեցին: Եվ այդ էֆեկտը կլիներ անկախ ԵՏՄ մտնելուց, դեռ միգուցե կբազմապատկվեր, եթե մտած չլինեինք ԵՏՄ:
Ես ձեզ խորհուրդ եմ տալիս վերցնել ու ուշադիր կարդալ իմ ելույթը, որը ես խմբակցության անունից ներկայացրեցի ԵՏՄ-ի կապակցությամբ: Մենք այն ժամանակ ասում էինք, որ սա ավելի շատ տնտեսական համագործակցության հետ չէ կապված: Երկրորդը, մենք ասել ենք, որ եթե տեսնենք սա անարդյունավետ միություն է, միշտ կա դուրս գալու հնարավորությունը, երրորդ, մենք միշտ ասում ենք, որ իրականում ԵՏՄ-ում անդամակացությունը դա լիիրավ անդամակցություն է, այսինքն՝ Հայաստանն ունի նույնքան իրավունքներ, ինչքան Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Դա արդեն Հայաստանի պետությունից ու իշխանությունից է կախված, թե արդյոք ինքը կարող է այդ ամենից օգտվել, թե ոչ: Եթե մենք ունենայինք լեգիտիմ, համարձակ իշխանություն, որն ընտրված է իր ժողովրդի կողմից, որը պատրաստ է Հայաստանի ժողովրդի շահերի համար պայքարել, դնել հարցեր, ես ձեզ վստահեցնում եմ, որ ԵՏՄ անդամակցությունից մեծագույնս կարող ենք օգուտ քաղել: Այսինքն՝ խնդիրը հետևյալն է՝ արդյոք դու ունե՞ս իշխանություն, որն ի վիճակի է այդ անդամակցության առավելություններն ու լծակներն օգտագործել:
Դուք ասում եք, որ միայն տնտեսական գործոնով չէր պայմանավորված ԵՏՄ անդամակցությունը, իշխանությունները նույնպես՝ հիմնավորելով, թե նաև անվտանգության բաղադրիչն է բարձրանում: Դուք էլ անվտանգության բաղադրիչի մասով հիշատակում ունեք ձեր ելույթում, բայց անցած մեկ ու կես տարում ի՞նչ տեսաք, անվտանգության աստիճանը բարձարացա՞վ:
Դրա համար ես ասում եմ՝ կարդացեք իմ ելույթը, այնտեղ շատ հստակ 7 փաստարկ է բերվել: Իմ ելույթում շատ պարզ են մեր փաստարկները, նաև հետաքրքիր է այն տեսանկյունից, թե արդյոք այդ փաստարկները դիմացել են ժամանակի փորձությանը:
Մեկ ու կես տարի է անցել՝ արդարացե՞լ են ձեր սպասումները:
Մենք որևէ սպասում չենք ունեցել: Ասում եմ՝ եկեք մենք հիմա իրար չհամոզենք, եկեք մեր այս սկզբունքների մասին դատելու իրավունքը թողնենք սերունդներին: Հնչեցրեք այս հարցազրույցում իմ ելույթը, և թող ընթերցողը դատի:
ՀՕՊ համաձայնագրի քննարկման ժամանակ իշխանության ներկայացուցիչները հիմնավորումներ բերեցին, թե երբ ուզի, հայկական կողմը կարող է օգտագործել ռուսական ավիացիան, դո՞ւք էլ եք այդպես կարծում: Ինչո՞ւ եք կողմ այդ համաձայնագրին:
Հարց եք տալիս, որը պահանջում է շատ երկար պատասխան: Պետք է համաձայնագիրը կոմպլեքսով վերլուծվի: Մենք տեսնում ենք հետևյալը. եթե խոսքը գնում է էդ պայմանագրի մասին, այնտեղ խոսքը գնում է միայն ՀՀ և ՌԴ համատեղ հակաօդային պաշտպանության գործողությունների իրավական կարգավորման մասին: Եվ դա որևէ ազդեցություն չի ունենում ՀՀ կողմից իր հակաօդային պաշտպանության զինանոցը ինքնուրույն օգտագործելու վրա: ՀՀ տարածքում այդ համատեղ գործողությունների կառավարումը դրված է ՀՀ հակաօդային պաշտպանության պետի վրա: Այսինքն՝ ՀՀ տարածքին վերաբերող խնդիրներում հրամաններն ընդունելու է մեր հակաօդային պաշտպանության պետը:
Այսինքն՝ դուք վստահելի գործընկե՞ր եք համարում Ռուսաստանին, որ այն, ինչ գրված է այդ թղթի վրա, կիրականանա, չի սահմանափակվի հայկական կողմի իրավունքը:
Մենք հիմա ոչ թե համաձայնագիրն ենք վերլուծում, այլ ինչ-որ մարդկանց մտավախությունները: Ես բոլորին կոչ եմ անում վստահել միայն Հայաստանի պետությանը՝ անկախ նրանից ով է այս պահին այդ պետության իշխանությունը: Բոլոր պետությունները, երբ ինչ-որ բան որ անում են, դա անում են՝ ելնելով իրենց շահերից: Մեր շահերից կարող է գործել միայն ՀՀ պետությունը: Իսկ եթե դա այսօր այդպես չէ, չի գործում, ուրեմն մենք պետք է կենտրոնանաք այդ խնդրի վրա: Պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որը լիովին արտահայտում է հայ ժողովրդի կամքը և ծառայում է նրա շահերին: Ես ընդհանրապես կասեի, որ քաղաքականության մեջ վստահել-չվստահել կատեգորիան երկրորդական բան է: Կան շահեր, կա ռեալ պոլիտիկ, կա շահերի սառը հաշվարկ: Եթե դուք փորձեք որևէ քաղաքական խնդիր դնել վստահության վրա, իմացեք, որ դուք գոյություն չունեք:
rozahovanısyan
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir