KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Եթե Հայաստանի ղեկավարների խելքն ու նյարդը հերիքի. Ադրբեջանը կորցնում է դիրքերը

Եթե Հայաստանի ղեկավարների խելքն ու նյարդը հերիքի. Ադրբեջանը կորցնում է դիրքերը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
504 0

Դժվար է ասել՝ արդյոք Ադրբեջանը միջազգային հարաբերություններում իր պահանջների հարցում շարունակում է հույս դնել նավթի ու գազի վրա, սակայն ոչ մի լուրջ խաղացող Ադրբեջանի այս փաստարկները լուրջ չի ընդունել եւ երբեք էլ լուրջ չի ընդունելու:
Կովկասյան-կասպիական էներգետիկ համալիրը ստեղծվել եւ գործում է բավական բարձր ռիսկերի ու սպառնալիքների, պահանջների ու ագրեսիվ մտադրությունների, ինչպես նաեւ ռազմական գործողությունների պայմաններում: Նման իրավիճակ է նաեւ այլ շրջաններում, որտեղ իրականացվել են նավթի ու գազի արդյունահանման ու տեղափոխման ծրագրեր, եւ Կովկասյան-կասպիական շրջանն այս տեսակետից ինքնատիպ չէ:
Շահագրգիռ տերություններն ու ընկերություններն իրենց բիզնեսը կհասցնեն մինչեւ վերջ, այսինքն՝ մինչեւ շրջանում էներգետիկ ռեսուրսների լիակատար սպառմանը, առանց Վրաստանի ու Ադրբեջանի խնդիրների լուծման (եթե իհարկե Հայաստանի իշխանության խելքն ու նյարդը բավականացնի):
Հայ-թուրքական հարաբերության կարգավորման փորձը հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանի շահերի հետ ոչ ոք լրջորեն հաշվի չի նստում, եւ Ադրբեջանի շահերին հղումներն ընդամենը Թուրքիայի դիվանագիտական հարմար փաստարկներն են, որն առաջնորդվում է ոչ թե Ադրբեջանի, այլ իր ռազմավարական շահերով:
Ադրբեջանը բավական բարդ իրավիճակում էր, եւ հայ-թուրքական սահմանի բացման փորձի տապալումն ամենեւին էլ չուրախացրեց նրան, քանի որ առջեւում անորոշությունն էր: Ռուսաստանն այն ժամանակ այդ իրավիճակը բարենպաստ համարեց Ադրբեջանի հետ մերձենալու եւ Հայաստանի շահերի հաշվին նոր առավելություններ ձեռք բերելու համար:
2008 թ. Հայաստանի շահերի հաշվին Ադրբեջանի հետ պայմանավորվելու փորձերի ամոթալի տապալումը, որն ավարտվեց Մայնդորֆյան դատարկ համաձայնությամբ, ռուս քաղաքական գործիչներին դաս չեղավ, եւ նրանք շարունակեցին պնդել «ղարաբաղյան կարգավորման» իրենց սխեման: Այդ «կարգավորումը», այսպես թե այնպես, դատապարտված էր ձախողման, եւ դժվար թե Ադրբեջանը լուրջ հույսեր էր կապում այդ հարցում Ռուսաստանի օգնության հետ:
Տվյալ դեպքում խոսքը Ադրբեջանի սկզբունքային վերակողմնորոշման մասին է, քանի որ Բաքվում հասկացան, որ էներգառեսուրսների տեղափոխման մոնոպոլ եւ անայլընտրանք սխեմաները հանգեցնում են արտաքին քաղաքական մանեւրի հնարավորության լիակատար կորստին: Նավթի ու գազի միակողմանի տեղափոխման պայմաններում Ադրբեջանը կորցրեց նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման փաստարկները, ինչը չէր համապատասխանում ադրբեջանական ղեկավարության հավակնություններին:
Ներկայում ադրբեջանական նավթը աղետալի կորցնում է իր տեղը համաշխարհային էներգետիկ բալանսում: Համենայնդեպս, Ադրբեջանը կորցրել է ոչ միայն եկամուտների կեսը, այլեւ բախվել է ադրբեջանական գործոնի ապաքաղաքականացմանը:
Ադրբեջանը կրկին ձգտեց էներգառեսուրսների կարեւոր մատակարարի դերին, այս անգամ՝ գազի: Սակայն այս դեպքում էլ նրա գազը խաղում է ոչ թե հիմնական, այլ «լրացնող» դեր, քանի որ Եվրոպան ձեռք է բերել գլոբալ բնույթի նոր աղբյուրներ եւ գազի ստացման նոր միջոցներ:
Բացի այդ, Ադրբեջանն այդ մասով մրցակցության մեջ է մտնում Ռուսաստանի հետ, որը ձգտում է յուրացնել Հարավային հոսքը, որպես գլոբալ նախագիծ: Այն ունի նույն երթուղին, ինչ ադրբեջանական գազը:
ԱՄՆ-ում իշխանության են եկել նավթի աղբյուրների վերագործարկման եւ նավթի արդյունահանումն ավելացնելու կողմնակիցները, ինչը կհանգեցնի նավթի գնանկման նոր ալիքի: Խոշոր խնդիրներն արդեն իրականացվել են, եւ Ամերիկան կստանա Կանադայի եւ այլ հեռավոր շրջանների նավթը: Դրանից ոգեւորված՝ նավթային ընկերությունները կավելացնեն նավթի արդյունահանումը տարբեր շրջաններում:
Դա անկասկած հարված է Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերին: Համենայնդեպս, նոր տեխնիկայի ներդրումը, որը կոչված է նավթը դուրս մղել համաշխարհային բալանսից, չի կորցնի իր նշանակությունը:
Գազային նախագիծը, ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, չի ազդի Ադրբեջանի արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը: Պետք է նշել, որ ղարաբաղյան խնդրի լուծման կապակցությամբ «կանխավճարը», որ ուղարկում է Մոսկվան, ոչ թե Ադրբեջանի ղեկավարության, այլ «ներքին լայն սպառողների» համար է եւ ընդամենը քարոզչական արշավ է:
Իրականում ոչ Ռուսաստանը, ոչ էլ Ադրբեջանը «ղարաբաղյան կարգավորումը» առավել սկզբունքային խնդիր չեն դիտարկում, որը պետք է լուծվի գազային հնարավոր գործարքի արդյունքում: Բայց հենց այդ հանգամանքը կարող է հանգեցնել ռուս-ադրբեջանական գազային դաշինքի հնարավորության հույսերին, համենայնդեպս այն մասշտաբում, որը թույլ կտա խափանել Ադրբեջան-Եվրոպա նախագիծը եւ ամրապնդել Ռուսաստանի դերն ու դիրքերը գազի համաշխարհային բալանսում:
Ինչ վերաբերվում է ղարաբաղյան խնդրին, Մինսկի խմբի շրջանակից դուրս Ռուսաստանի չափից ավելի խորացումն այդ խնդրում միայն կհանգեցնի Հարավային Կովկասում ռուսական ռազմավարական դիրքերի ապակազմակերպմանը: Ռուսաստանը չի կարող հույս պահել, համենայնդեպս մոտակա 2-3 տասնամյակներին, որ կարող է արմատապես փոխել ուժերի դասավորությունը Հարավային Կովկասում, սակայն առկա են գազային խաղում Ադրբեջանին վերակողմնորոշելու իրական հնարավորություններ:
Ներկայում Ադրբեջանը կանգնած է սպառազինության ձեռքբերման համար ծախսերի խնդրի առաջ, համենայնդեպս սկսել է խնդրի երկարատեւ ժամանակաշրջանը, որը հաղթահարելը հեշտ չի լինելու:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir