KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Դա նախարարի ի՞նչ դարդուցավն է, ի՞նչ ասելու բան է

Դա նախարարի ի՞նչ դարդուցավն է, ի՞նչ ասելու բան է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 12 dk okuma süresi
468 0

Մեր զրուցակիցն է Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը
Պարոն Մկրտչյան, առողջապահության նախարարը պայքար է սկսում ծխելու դեմ։ Շատերը նշում են, որ սա պարզապես բյուջեն լցնելու միտում ունի։ Որպես նախկին առողջապահության նախարար՝ դուք երբևէ մտածե՞լ էիք նման քայլի մասին և ինչպե՞ս եք այն գնահատում։
Ես ուզում եմ ընդհանրապես կանխարգելիչ առողջապահության կարևորությունը շեշտադրել։ Առողջ հասարակություն ունենալը, կարծում եմ, ողջ հասարակության և կառավարության ջանքերով պետք է տեղի ունենա։ Ինչ վերաբերում է կոնկրետ ծխախոտի դեմ պայքարին, ապա երեկ չի առաջացել այդ խնդիրը, երկրում վաղուց քայլեր ակտիվորեն իրականացվում են։ Ես չեմ հասկանում, թե ինչու հիմա պետք է նման իրարանցում լիներ։ Ինձ թվում է՝ նախարարի հմտությունների, ունակությունների ու գիտելիքների սահմանափակ լինելը նման թյուր մեկնաբանությունների տեղիք տվեցին նախ լրատվամիջոցների կողմից, հետո հասարակության ընկալման տեսանկյունից։ Ես պետք է տեղեկացնեմ, որ 2004 թվականին, այսինքն՝ 13 տարի առաջ Հայաստանը ստորագրել և միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային համաձայնագրին, որը ստորագրել են բազմաթիվ երկրներ՝ ծխախոտի դեմ համակարգված պայքար տանելու ուղղությամբ։
Բացի այդ, Հայաստանում 2005 թ. գործում է ծխախոտի սպառման, իրացման և օգտագործման սահմանափակումների մասին օրենքը։ Առողջապահության նախարարությունը հետևողականորեն իր հնարավորությունների սահմաններում իրականացնում է հանրային իրազեկում, բնակչության հետ աշխատանք, այս կամ այն վայրերում ծխելու սահմանափակումների ներմուծում։ Հիմա երևի ըստ ժամանակացույցի եկել է որոշակի խստացում մտցնելու փուլը։
Ինչ վերաբերում է նրան, որ սա ուղղված է բյուջեն լցնելուն, ապա որտեղից էլ ասեք, պետությունը պետք է բյուջեն լցնի, դա բնական է։ Ինչ վերաբերում է ծխախոտի գնի 3-4 անգամ բարձրացմանը, ես չգիտեմ՝ ով է այդ հեքիաթը դրել շրջանառության մեջ։ Դա իրականությանը չի համապատասխանում, և նման կտրուկ աճ անհնար է իրականացնել։ Ակցիզային հարկի միջոցով է ծխախոտի գինը բարձրանալու, իսկ դա մի քանի անգամ բարձրացման չի կարող բերել։ Սա տնտեսագիտական խնդիր է, ինչ-որ տեղ նաև առողջապահական խնդիր կարող է հանդիսանալ, որպեսզի որոշակիորեն կրճատվի ծխելը, բայց տարբեր վերլուծաբանների գնահատմամբ, թանկացումը էական ազդեցություն չի ունենա ծխելու սովորույթից հրաժարվելու վրա։
Ինչ վերաբերում է այն սահմանափակումներին, տուգանքներին, որ ցանկանում են ներդնել, բազմաթիվ օրինակներ կան, երբ նման սահմանափակումներ մտցրել են։ Օրինակ՝ Ռուսաստանում բազմաթիվ հասարակական վայրերում՝ սպորտային, մշակութային, աշխատանքային վայրերում արգելված է ծխելը, և վարչական տույժեր են նախատեսված, և դրանք վճարում է տվյալ հասարակական վայրի սեփականատերը։ Տուգանքը 7-10 եվրոյի սահմաններում է։ Նույն սահմանափակումները ԵՏՄ երկրներից Ղազախստանն է մտցրել, որտեղ բոլոր վայրերում սահմանափակել են ծխելը, բացի բնակարաններից, անձնական տարածքներից։ Պատասխանատվությունը դրված է հասարակական շինությունների սեփականատիրոջ և նաև ծխողի վրա։ Ղազախստանում տուգանքը սահմանված է 60-360 եվրո։ Եվրոպական երկրներից Գերմանիայում՝ հասարակական վայրերում, կայարաններում, հանրային տրանսպորտում արգելված է ծխելը, և այստեղ էլ ծխողի և տվյալ տարածքի սեփականատիրոջ վրա է դրված վարչական պատասխանատվությունը։ Տուգանքը տատանվում է 15-1000 եվրո։
Ամենածայրահեղ միջոցները Արաբական Միացյալ Էմիրություններում են ներդրված, որտեղ բացի վարչական տուգանքից, նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն։ Այսինքն՝ տուգանք և ազատազրկում։ Այստեղ մինչև 180 հազար եվրոյի տուգանքներ են գործում։ Իրայելում նույնպես կան սահմանափակումներ հանրային վայրերում ծխելու հարցում, պատասխանատվությունը կիսվում է ծխողի և տվյալ տարածքի սեփականատիրոջ միջև։ Այստեղ տուգանքները հասնում են 30-50 եվրոյի։ Նման սահմանափակումների կարող է գնալ նաև Հայաստանը, որը միացել է ԱՀԿ շրջանակային համաձայնագրին։ Երբ նախարարը հայտարարում էր, թե օրենք ենք գրելու, ստեղծելու, մոգոնելու, ասեմ, որ օրենքը կա և գործում է 2004-ից։ Օրենքի կիրարկումը տարբեր երկրներում ժամանակի ընթացքում փոփոխվում են, նաև մեզ մոտ կգնան օրենքում փոփոխություններ անելու ճանապարհով։
Նախարարը նաև հայտարարեց, որ ամբողջ աշխարհում ծխելը անհաջողակ լինելու նշան է, և եթե մենք ուզում ենք հաջողակ լինել, հաջողակ մարդ, ծնող ու գործարար լինել, պետք է հաջողակ լինելու սիմպտոմները մեզ վրա սազեցնենք։ Նա նշել է, որ հանձնարարական ունի թե վարչապետից, թե նախագահից, որ պատերազմ հայտարարեն ծխախոտին։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունները, նաև այն, որ երկրի առաջին դեմքերն են այս խնդրով մտահոգ։
Նշածս թե համաձայնագիրը, թե ՀՀ օրենքները վավերացնում է ՀՀ նախագահը և համաձայնագրին, ըստ օրենսդրության պահանջի, 2004-ին մոտեցել է նաև երկրի վարչապետը։ Մտահոգության առիթ են տալիս վիճակագրական տվյալները Հայաստանում ծխողների թվի վերաբերյալ, և շատ լավ է, որ երկրի առաջին դեմքերը մտահոգված են այդ խնդրով։ Ես ողջունում եմ նրանց մտահոգությունը, և ցանկացած մարդ պետք է ողջունի ղեկավարության մտահոգությունը բնակչության առողջության մասին։ Խնդիրն իսկապես կարևոր է, բայց հասարակությանը հրամցնելը պետք է այլ կերպ լիներ։ Նախարարի շուրթերից պետք է հնչեն հիմնավորված հայտարարություններ, մասնավորապես պետք է ասվեր, որ ունենք այս-այս հիվանդությունների և մահացության աճ, այդ աճին նպաստում են նաև առողջ ապրելակերպի հետ կապված խնդիրները, ուստի որպեսզի նվազեցնենք սիրտանոթային հիվանդություններից մահացությունը, հիվանդացությունը, քաղցկեղը, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետք է նաև ծխելու դեմ պայքար տանել։ Նախարարի շուրթերից կոմերցիոն ձևակերպումները ոչ մի հանրային ազդեցություն չեն ունենում, այլ հակառակ էֆեկտն է լինում։ Նրանք այս խնդիրների հետ կապված լուրջ խնդիր ունեն, թե հասարակությանն ինչպես ավելի ճշգրիտ կարող են ներկայացնել պատճառահետևանքային կապը։ Առողջապահության նախարարի ի՞նչ դարդուցավն է ծխախոտի գինը 3-4 անգամ բարձրացնելու մասին հայտարարելը։ Դա նախարարի ի՞նչ ասելու բան է։
Առողջապահության նախարարը չփոխվեց և կպաշտոնավարի նաև նոր կառավարությունում։ Այս առումով ունե՞ք մտահոգություն, որ ոլորտում առկա խնդիրներն այդպես էլ կմնան չլուծված։
Չկենտրոնանալով առողջապահության նախարարի վրա՝ ասեմ, որ ընդհանուր առմամբ անհասկանալի է կառավարության գործունության ոճն ու արձանագրած արդյունքները։ Այս կառավարությունը գործում է արդեն 8-9 ամիս, բայց ինչ-որ խոստումներից և բնակչության գլխի տակ փափուկ բարձ դնելուց բացի ուրիշ բան չենք տեսնում։ Հիմա էլ հայտարարում են, որ տարին կփակեն 3,2 տնտեսական աճի ցուցանիշով, որին ես չեմ հավատում։ Եթե չնկարեն, նման աճ անհնար է։ Ինչ-որ ներդրումներից են խոսում։ Վերջերս նայեցի Առողջապահության նախարարության կայքում տեղադրված ներդրումների ինչ-որ ցուցիչներ, ուղղություններ։ Այդ Գյուլնազ տատի հեքիաթները պետք է դադարեցնել։ Ես մի առիթով ասել եմ, որ բազմաթիվ գործոններ կան, որոնք խոչընդոտում են ներդումներին Հայաստանում։ Նույնը վերաբերում է առողջապահության նախարարությանը. նախարար փոխելով՝ խնդիրը չի լուծվի։ Ընդհանրապես, նախարարն ու կառավարությունը պետք է աշխատանքի միտում ունենան, բայց անձամբ ես աշխատանք չեմ տեսնում, որը կարող է ազդել մեր տնտեսության վրա, սոցիալական ոլորտի փոփոխության վրա, ուստի կոնկրետ կառավարման խնդիր կա և գիտելիքների որոշակի չափ ու քանակ ունեցող, գիտելիքներով օժտված անձանց կարիք կա, որոնք կփոխեն թե տնտեսությունը, թե սոցիալական ոլորտը, այդ թվում՝ առողջապահությունը։
Սիրողական տեսանկյունից չի կարելի մոտենալ խնդիրներին։ Սա նման է նրան, երբ փայտի տաշեղը գետի մեջ գնալիս մեկ այս ափին է բախվում, մեկ մյուս ափին. հընթացս արագ որոշումներ ենք կայացնում՝ չունենալով հայեցակարգ, թե ուր է գնում մեր երկիրը և մասնավորապես առողջապահությունը։ Մենք սոցիալական ուղղվածությա՞մբ առողջապահություն ենք ուզում ունենալ, թե՞ ծայրահեղ շուկայական առողջապահություն։ Մեր հիմնական խնդիրներն առողջապահության ոլորտում կանխարգելի՞չ բնույթ են կրելու, թե՞ անտարբեր ենք մնալու և սպասելու ենք, թե երբ են մարդիկ հիվանդանալու և մեծ-մեծ հիվանդանոցներ ենք կառուցելու, որ ստիպված լինեն և մարդիկ վճարել, և պետական միջոցները դրան ուղղել։ Առաջնային բուժօգնության համակարգը մենք հզորացնելո՞ւ ենք, ընտանեկան բժշկի ինստիտուտն աշխատելո՞ւ է, որպեսզի առաջնային բուժօգնության մասնագետները բնակչության առողջության մասին հոգ տանեն, թե շարունակելու ենք մեծ հիվանդանոցներ կառուցել, հագեցնել դրանք թանկ սարքավորումներով և բարձրացնել բուժօգնության գները։
Խնդիրներ կան, որոնք շատ հրատապ են, հայեցակարգային են և դրանց վերաբերյալ չենք տեսնում երկարաժամկետ ծրագիր, թե ուր ենք գնում։ Ես ուղղակի չեմ էլ ուզում անձնավորել նախկին կամ ներկա նախարարների առումով։ Թիմային աշխատանք պետք է լինի կառավարությունում։ Նախարարները քաղաքականություն իրականացնողներ են, իսկ այս կառավարությունը եկել-չի եկել՝ հայտարարում է, թե իրենք մենեջերներ են։ Մենեջերը կառավարիչն է, բայց կառավարելու համար ստեղծված է աշխատակազմ, աշխատակազմի ղեկավար, իսկ նախարարները պետք է տվյալ ոլորտի քաղաքականությունն իրականացնեն, ոչ թե հիմնարկ ղեկավարեն։ Նրանք քաղաքական որոշումներ կայացնողներ են։ Հիմա խեղված է կառավարման ողջ համակարգը և անընդհատ թևերը քշտած խորհրդակցություններ անցկացնել ու ասել՝ մենք կառավարիչ ենք, սխալ է։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir