KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Ալիեւը պատերազմի նոր առաջարկ է արել Մոսկվային

Ալիեւը պատերազմի նոր առաջարկ է արել Մոսկվային

Kafkassam Editör Kafkassam Editör - - 6 dk okuma süresi
462 0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արձագանքել է ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությանը, որ նա արեց Երեւանում Արցախի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերության կապի վերաբերյալ:
Պաշտոնական Երեւանում ոչ բացահայտ եւ կոշտ, բայց նկատելի դժգոհության արժանացած, իսկ Անկարայի մոտ գոհունակություն առաջ բերած այդ հայտարարությունը Ադրբեջանի նախագահին տվել է հին խաղաքարտը նորովի խաղարկելու հնարավորություն:
Ալիեւը հայտարարել է, որ պետք չէ բացառել Ադրբեջանի ինտեգրացիան ԵՏՄ-ին, բայց դրա համար պետք է մոտիվացիա` տնտեսական կամ քաղաքական: Ակներեւ է, թե որն է Ալիեւի համար առանցքային մոտիվացիան: Իհարկե, Արցախի հարց կամ այլ կերպ ասած` տարածքների խնդիրը, ընդ որում նույնիսկ առանց որեւէ կարգավիճակի հստակեցման:
Ապրիլի պատերազմից հետո Ադրբեջանը հայտնվեց դիվանագիտական փակուղում: Ռազմական դիվանագիտությունը տապալվեց, այլ դիվանագիտության տեղ Ադրբեջանն իրեն չի թողել: Ադրբեջանի տապալումը առավել խնդրահարույց դարձավ այն պատճառով, որ ապրիլի պատերազմը փակուղի մտցրեց նաեւ Ռուսաստանին, որը Բաքվի հետ տեւական ժամանակ պատրաստել էր այդ պատերազմը, իսկ բուն քառօրյայի ընթացքում ցուցադրաբար հեռու մնաց միջամտությունից եւ դաշնակից Հայաստանին աջակցությունից, որպեսզի Բաքուն կարողանա անկաշկանդ լուծել ռազմական խնդիրները:
Հայկական զինուժը թույլ չտվեց դա, բերելով տարածաշրջանը բոլորովին նոր իրավիճակի եւ օրակարգի, որը պատերազմից մեկ ամիս անց ամրագրվեց Վիեննայում: Ու թեեւ Սանկտ-Պետերբուրգում Բաքուն ու Մոսկվան փորձեցին փոխել այդ օրակարգը, այդուհանդերձ Արեւմուտքը թույլ չի տալիս դա:
Ավելին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ կարգավորման հեռանկար չկա, փաստացի ակնարկելով, որ պետք է պահպանել ստատուս-քվոն եւ քայլեր կատարել իրավիճակը սառեցնելու ուղղությամբ:
Ռուսաստանը թեեւ Քերիին պատասխանեց անհամաձայնությամբ, հայտարարելով, թե իրենք ոչ թե հայտարարություններ են անում, այլ քայլեր են անում, որ կարգավորումը հնարավոր լինի, այդուհանդերձ ստիպված էր ավելի ուշ խոստովանել, որ հնարավոր չէ լուծել հարցը: Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը օրերս հայտարարեց, որ Ռուսաստանը ջանքեր գործադրում է կարգավորման համար, բայց չկա մոտ ժամանակում որեւէ արդյունքի հեռանկար:
Ուշակովը դա ասաց Երեւանում ՀԱՊԿ Վեհաժողովից առաջ: Իսկ որ Ռուսաստանը ջանքեր գործադրում է, Մոսկվան Բաքվին հավաստիացրեց հենց ՀԱՊԿ Վեհաժողովի շրջանակում, արդեն Լավրովի հայտարարությամբ, որ եթե առաջընթաց լինի Արցախի խնդրում, ապա Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը: Այլ կերպ ասած, Լավրովը Բաքվին եւ Անկարային ցույց էր տալիս, որ ջանում է Հայաստանի իշխանությանը համոզել եւ մոտիվացնել: Իհարկե, հասկանալի է, թե ինչ է նշանակում դա Ռուսաստանի պարագայում` դա նշանակում է պարտադրել:
Բայց Մոսկվայի հնարավորությունը ապրիլից հետո բավական սահմանափակ է եւ դժվար է գործել նախկին դինամիկայով ու ծավալներով: Ռուսաստանի համար խնդիրը առայժմ իր հետապրիլյան ռեաբիլիտացիան է:
Լավրովին անմիջապես արձագանքել է Ալիեւը եւ փաստորեն հայտարարել, որ չի հավատում, թե Ռուսաստանն անում է հնարավորը: Խոսելով ԵՏՄ-ին անդամակցելու մոտիվացիայի անհրաժեշտության մասին, Ալիեւն ակնարկում է հենց դա, որ բավարար չի համարում Ռուսաստանը ջանքը կարգավորման հարցում Հայաստանին համոզելու առումով: Միաժամանակ, Ալիեւն իհարկե փորձում է նաեւ մոտիվացնել Ռուսաստանին, ակնարկելով, որ եթե Մոսկվան համոզի Հայաստանին, ապա Բաքուն կարող է անդամակցել կամ սերտացնել հարաբերությունը ԵՏՄ հետ:
Մյուս կողմից, Բաքուն փորձում է նաեւ շանտաժել Արեւմուտքին, որը փաստացի առաջարկում է հենց հակամարտության սառեցման տարբերակը, այն էլ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի, այսինքն որոշակիորեն կայուն երաշխիքի պայմաններում:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը հոդված էր հրապարակել, որ հակամարտության սառեցումը կբերի պատերազմի: Ալիեւը փաստորեն որոշել է շանտաժել պատերազմով, եւ համենայն դեպս նաեւ ԵՏՄ անդամակցումով: Թերեւս կասկածելով, որ ապրիլից հետո Արեւմուտքը կհավատա պատերազմի շանտաժի հնարավորությանը կամ կարողությանը, մի շարք հանգամանքների բերումով:
Ադրբեջանը փաստորեն փորձում է ցույց տալ նաեւ, որ եթե գնան հակամարտության սառեցման ճանապարհով, ինքը կարող է գնալ ԵՏՄ:
Իսկ դրա՞ն ով կհավատա: Արեւմուտքը եւ Ռուսաստանը կհավատա՞ն: Հատկապես, երբ Ալիեւը մեկ անգամ արդեն խաղարկել է այդ խաղաքարտը, դրա հիման վրա ստացել Ռուսաստանի ռազմա-քաղաքական աջակցությունը Արցախի խնդրում ռազմական լուծման գնալու հարցում, գնացել այդ լուծմանն ապրիլին, ու փաստացի բախվել Հայաստանի զինուժին ու տապալվել` իր հետ տապալելով եւ բարդ վիճակում թողնելով նաեւ Մոսկվային:
Մյուս կողմից, չի բացառվում, որ Մոսկվան կձեւացնի, թե հավատում է, դրա դիմաց փորձելով հերթական պայմանավորվածությանը գալ Բաքվի հետ` Արցախ ռուսական ռազմական ներկայություն ապահովելու նոր փորձի համար:
Դա իհարկե հղի է տարածաշրջանի լուրջ ապակայունացմամբ, որի հետեւանքը կլինեն նոր զոհերն ու ավերածությունները, իսկ արդյունքը կլինի այն, որ Ռուսաստանը կզրկվի Կովկասում իր ներկայությունից:
Այնպես որ, Ալիեւն իսկապես մտածելու բան է տալիս Մոսկվային:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir