İngiltere’nin Gazprom kararının perde arkası!

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիսին աճել է 8.6 տոկոսով

İsrail-İran kəşfiyyat müharibəsinin yeni cəbhəsi-Afrika…

Olası ABD – İran çatışmasında Türkiye’nin izleyeceği strateji ne olur?

Ռուսաստանն ընդունեց տապալումը. Պուտինի ուշագրավ նշանակումը Հայաստանում

Ermenistan, Gündem, Rusya 6 Nisan 2018
132

ՌԴ նախագահ Պուտինը Սերգեյ Կոպիրկինին դեսպան է նշանակել Հայաստանում, ով եղել է Եվրամիությունում ու Բրյուսելի Ատոմային էներգիայի եվրոպական գործակցության կազմակերպությունում ՌԴ ներկայացուցչի տեղակալ:
Պուտինի նշանակումն ուշագրավ է, առնվազն խորհրդանշականության տեսանկյունից, առկա իրավիճակի համեմատությամբ, նաեւ նախորդ դեսպան Վոլինկինի ֆոնին:
Օրինակ, նախկին դեսպան Վոլինկինը աշխատել էր Վրաստանում, ընդ որում՝ վտարվել Վրաստանից: Այդ ժամանակ նախագահ Սահակաշվիլին նրան մեղադրել էր Վրաստանում հեղաշրջում կազմակերպելու համար:
Վրաստանում հեղաշրջում կազմակերպելու համար մեղադրված Վոլինկինը տեղափոխվեց Հայաստան, 2013 թվականին նշանակվելով Երեւանում ՌԴ դեսպան: Այն, ինչ չհաջողվեց անել Վրաստանում, Վոլինկինը թերեւս արեց Հայաստանում: Համենայնդեպս, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի Եվրասոցացման գործընթացի կտրուկ տապալումը խոշոր հաշվով հավասարազոր էր հեղաշրջման էֆեկտի, պարզապես աշխարհքաղաքական մասշտաբով: Ավելին, այն ստանալու համար դե ֆակտո գործի էր դրվել նաեւ ներքին հեղաշրջման սպառնալիքը, ոչիշխանական քաղաքական բեւեռի տեսքով:
Իհարկե, 2013-ին Ռուսաստանի թվացյալ հաղթանակը «պատռվեց» 2016 թվականի քառօրյա պատերազմում, որը ցույց տվեց, որ Ռուսաստանը 2013-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանում «պյուռոսյան» հաղթանակ է տարել եւ իրականում պարտվել է, ընդ որում շատ խոշոր հաշվով, որը պարզապես ակնառու եւ ցցուն դարձավ 2016-ի ապրիլին, երբ պարզվեց, որ Հայաստանում այդուհանդերձ կա իշխանություն՝ զինուժի եւ հասարակության դաշինքի հիմքով, որի վրա շոշափելիորեն փոխվեց նաեւ քաղաքական իշխանության վարքագիծը:
Խոշոր հաշվով չստացվեց ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած իրավիճակը «ռեւանշի» համար օգտագործելու փորձը:
Իրավիճակը 2016-ի երկրորդ կեսից սկզբունքորեն փոխվեց, եւ ակնհայտ դարձավ, որ Հայաստանում խաղից դուրս է մնում ռուսական քաղաքականության մի ահռելի սեգմենտ: Մյուս կողմից, սակայն, մինչ այժմ ռազմավարական իմաստով պարզ չէ ՌԴ նոր քաղաքականությունը, թեեւ ակնառու է Ռուսաստանի վարքագծի որոշակի փոփոխությունը Հայաստանի հանդեպ, հատկապես անվտանգության խնդիրներում:
Սկզբունքորեն նոր իրավիճակի արձանագրում էր Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը 2017-ի նոյեմբերի 24-ին, որը Հայաստանի հարցում Ռուսաստանի եւ Արեւմուտքի նվազագույն կոնսենսուս էր, առնվազն միջնաժամկետ օրակարգի գծագրում:
Արդյոք ՌԴ նոր դեսպանի եվրոպական աշխատանքային փորձը նշան է, որ Ռուսաստանը ձգտում է փոխել Հայաստանում աշխատանքի ոճը, մոտեցումները, ավելի հայեցակարգային բնույթ տալ վարքագծի փոփոխության միտումներին, որոնք պայմանավորված են թե երկու տարի առաջ ապրիլին «մերկացումով», թե նաեւ աշխարհքաղաքական դինամիկ եւ բարդ գործընթացներով, որոնք Ռուսաստանը կանգնեցրել են թե ներքին մարտահրավերների, թե ազդեցության գոտիներում առանցքային վերանայումների անհրաժեշտության առաջ:
Խոշոր հաշվով, այստեղ շատ բան կախված է նրանից, թե Հայաստանը որքանով կկարողանա թելադրել իրավիճակ, որում Ռուսաստանը մշտապես ստիպված կլինի Հայաստանի հետ հարաբերվել առաջարկների, ոչ թե հրամանների լեզվով: Իսկ դրա համար Հայաստանը պետք է բաց լինի այլ առաջարկների համար, ու նաեւ ունենա իր առաջարկները թե Ռուսաստանին, թե նաեւ ուժի տարբեր կենտրոններին:
Առնվազն հռետորաբանության մակարդակում Երեւանը գիտակցում է խնդիրը, ու միեւնույն ժամանակ նկատելի են նաեւ քայլեր, գործողություններ: Բավարար են դրանք, թե ոչ, հնարավորն են, թե իրատեսական մակարդակում հնարավոր է ավելին, անշուշտ քննարկման խնդիր է: Քննարկման, որը սակայն պրոֆեսիոնալ, կոմպետենտ մակարդակով իսպառ բացակայում է քաղաքական օրակարգում, եւ զգալիորեն նաեւ փորձագիտական տիրույթում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Yorumlar