Rus senatör: Dünya kamuoyu ABD’nin Suriye planlarına engel olmalı

Olası Afrin Harekatı hakkındaki düşüncelerimiz

Türk ve Müslüman düşmanı CIA ajanı Richard Clarke BAE emrinde!

ALTIN ORDA DEVLETİ’NİN RUSYA ÜZERİNDEKİ ETKİLERİ

Իրանի հարցը Պուտին-Նաթանյահու սեղանին. Հայաստանի դերը

Azerbaycan, Ermenistan, Gündem, İran, Rusya 3 Ocak 2018
16

ՌԴ նախագահ Պուտինն ու Իսրայելի վարչապետ Նաթանյահուն պայմանավորվել են մոտակա ժամանակաշրջանում հանդիպել եւ քննարկել տարբեր հարցեր: Այդ մասին նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի նախագահի եւ Իսրայելի վարչապետի այդ պայմանավորվածությունը հետաքրքրություն է առաջացնում Իրանում սկսված բողոքի զանգվածային ցույցերի եւ բախումների ֆոնին, որոնք չեն դադարում արդեն մի քանի օր:
Իրանում տեղի ունեցողը շատերը գնահատում են արաբական գարուն կոչված հայտնի զարգացումների համատեքստում: Անորոշ է, թե վերջին հաշվով ինչն է բողոքի բուն պատճառը, քանի որ այն սկսվել է թանկացումների եւ տնտեսական վատ վիճակի դեմ դժգոհությամբ, սակայն ընթացքում հնչել են կոչեր թե Իրանի հոգեւորական իշխանության եւ հասարակարգի դեմ, թե նաեւ Իրանի նախագահ Ռոհանիի, որն ի դեպ համարվում է ռեֆորմատորական թեւի ներկայացուցիչ: Իրանի թե հոգեւոր առաջնորդը, թե իշխանությունը հայտարարում է արտաքին միջամտության մասին:
Մեղադրանքների առյուծի բաժինն ուղղված է Իսրայելին, միանգամայն հասկանալի պատճառներով: Մեղադրանքներ են ուղղվում նաեւ Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին:
Թե Իսրայելը, թե ԱՄՆ աջակցություն են հայտնել ցուցարարներին: ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ եկել է Իրանում փոփոխությունների ժամանակը, իսկ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Իրանում ժողովրդավարության հաստատման դեպքում Իրանն ու Իսրայելը կդառնան բարեկամներ:
Ինչ է կատարվում Իրանում եւ ինչ շերտեր են միախառնված տեղի ունեցողում, ինչպիսին է ներքին եւ արտաքին բաղադրությունը, ասելն առայժմ շատ բարդ է: Որքանո՞վ տեղի ունեցողը կապ ունի Մերձավոր Արեւելքում գործընթացների հետ, որտեղ Իսրայելը արդեն տեւական ժամանակ բարձրացնում է Իրանի ռազմական ներկայության ընդլայնմանը հակազդելու հարցը: Կա՞ արդյոք կապ Երուսաղեմի հարցում ԱՄՆ քայլի հետ, Սիրիայի հարցում ԱՄՆ-Ռուսաստան կամ Թրամփ-Պուտին համատեղ հայտարարության եւ համաձայնությունների հետ, որից հետո Ռուսաստանը սկսեց զորակազմի հիմնական մասը Սիրիայից դուրս բերելու գործընթաց:
Անկասկած է, որ մերձավորարեւելյան եռացող կաթսան չի կարող առնչություն չունենալ Իրանում տեղի ունեցողի հետ, հարցն այն է, թե արդյո՞ք խոսքը փոխազդեցության, թե՞ անմիջական ազդեցությունների եւ կոնկրետ պլանավորման ու քայլերի հետեւանք է տեղի ունեցողը: Թե՞ պարզապես Իրանի ներսում, իշխանության թեւերի միջեւ շահերի բախմամբ պայմանավորված զուտ ներքին գործընթացներից փորձում են օգտվել արտաքին այն սուբյեկտները, որոնք առանցքային շահեր ունեն տարածաշրջանում եւ խնդիրներ Իրանի հետ:
Առայժմ կարծես թե արձագանքների հարցում բավական զուսպ է Ռուսաստանը: Արդյո՞ք Մոսկվան Սիրիայի հարցում ԱՄՆ հետ որոշակի պայմանավորվածությունների փաթեթում ինչ-ինչ համաձայնությունների է եկել նաեւ Իրանի շուրջ զարգացումներ խթանելու համար:
Ի դեպ, այդ տեսանկյունից թերեւս հիշարժան է Հայաստանում ՌԴ սահմանապահների ամիսներ առաջ իրանական սահմանին հակաահաբեկչական գործողությունների սցենարով վարժանքների մասին հաղորդագրությունը, որում նշել էին նաեւ արցախ-իրանական սահմանն ընդգրկող հատվածը, ինչը դժգոհություն էր առաջացրել Ադրբեջանում: Ի՞նչի էին պատրաստվում ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանի մոտ:
Հարցերը անկասկած շատ են, պատասխանների կամ կոնկրետ, հավաստի պատասխանների գրեթե զրոյական հավանականությամբ եւ հնարավորությամբ:
Ի՞նչ են խոսելու Պուտինն ու Նաթանյահուն: Գրեթե կասկած չկա, որ Պուտինի եւ Նաթանյահուի հանդիպումը կապված է հենց իրանյան իրադարձությունների հետ: Այդ առումով էլ հիշարժան է, որ Նաթանյահուն Իրանի հարցը Պուտինի առաջ բարձրացրել է դեռեւս օգոստոսի 23-ին Սոչիում տեղի ունեցած նրանց հանդիպմանը: Պարզ չէ, թե ինչ էր ասել Պուտինն այն ժամանակ: Ի դեպ, նույն օրը Սոչիում էր նաեւ Սերժ Սարգսյանը եւ Պուտինը նախ հանդիպել էր Նաթանյահուի, հետո Սերժ Սարգսյանի հետ:
Մոսկվան իր հնարավորություններն ու ներուժը կներդնի՞ Իրանում իրավիճակն ավելի գեներացնելու գործում, հետո գուցե այդ հանգամանքը Իրանի իշխանության վրա այսպես ասած թանկ վաճառելու ակնկալիքով: Ի դեպ, Իրանի առաջին ցույցերին զուգահեռ տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ ու Իսրայելը համաձայնեցրել են տարածաշրջանում Իրանի ռազմական ներկայության ընդլայնման դեմ համատեղ գործողություններ եւ ստեղծել են չորս աշխատանքային խումբ: Արդյո՞ք Նաթանյահուն Պուտինին տեղեկացնելու է այդ համաձայնության եւ դրանում ՌԴ համար նախատեսված դերի կամ առաջարկի մասին: Իսկ այստեղ թերեւս ավելորդ հարց չէ այն, թե արդյո՞ք այդ ամենում կա նաեւ Հայաստանի մասին ինչ որ բան:
Հարցն իհարկե Իրանում նոր հեղափոխությունը չէ՝ կլինի՞ այդպիսի բան, թե ոչ: Այդօրինակ մասշտաբի լարումներ Իրանը տեսել է մի քանի անգամ էլ, ինչը սակայն չի հանգեցրել հեղափոխության: Խնդիրը տվյալ պարագայում ավելի շատ գուցե այն է, թե լարվածությունն այս դեպքում ինչ աստիճանի կհասնի եւ ինչ գնով կլիցքաթավի, ու դրանից հետո ինչպիսին կլինի Իրանը, դուրս կգա այդ իրավիճակից ավելի թուլացա՞ծ, թե ավելի ուժեղ: Կամ, իշխանության ո՞ր հատվածը դուրս կգա ավելի ուժեղացած կամ թուլացած՝ պահպանողականները, թե ռեֆորմատորականները:

Դրանք հարցեր են, որոնք կարող են ոչ պակաս էական նշանակություն ունենալ Իրանի տարածաշրջանային քաղաքականության մասով, քան այսպես ասած որեւէ հեղափոխական ելք, եթե հիպոթետիկ դիտարկենք այդպիսի զարգացման հավանականությունը:
Իսկ այդ հարցերը առանձնահատուկ նշանակություն ունեն նաեւ Հայաստանի համար:Բացի հայ-իրանական բազմակողմ հույժ կարեւոր հարաբերությունից, կա նաեւ Արցախի սահմանակից Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջանների հարցը: Իրանի իրավիճակի անբերանպաստ զարգացումը ռիսկ է այդ ուղղությամբ: Իրանը կարեւոր է նաեւ Նախիջեւանում, որտեղ գործնականում մրցակից է Թուրքիային եւ որոշակի զսպող հանգամանք այդ տարածաշրջանում թուրքական գերիշխանության համար:
Հայաստանի համար կա թերեւս մի քանի առանցքաին հանգամանք. Հայաստանի շահից ու անվտանգությունից չի բխում Իրանի թուլացումն ու ապակայունացումը: Հայաստանի շահից ու անվտանգությունը չի բխում Կովկասի հանդեպ Իրանի ուշադրության թուլացումը:
Հայաստանի շահից ու անվտանգությունից չի բխում նաեւ Իրանի հարցում որեւէ երրորդ երկրների պայմանավորվածության եւ նախաձեռնության օբյեկտ դառնալը կամ ուղղակի, թե անուղղակի ներգրավվելը: Թեհրանը չպետք է ունենա Երեւանի որեւէ երկդիմի պահվածքի կասկած: Մինչդեռ անկասկած է, որ կան Երեւանի եւ Թեհրանի միջեւ անվստահություն եւ չհասկացվածություն առաջացնելու հանգամանքով շահագրգռված մի քանի սուբյեկտ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/167708

Yorumlar